HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Լոռու մարզում կառուցվել և շահագործման է հանձնվել 153 բնակելի տուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Սպիտակ քաղաքում հանրապետության ղեկավարն այցելել է բազմաճյուղ տնտեսություն վարող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն, շրջել է համալիրում, ծանոթացել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի գործունեության ուղղություններին և ծրագրերին, ընկերության ղեկավարության հետ քննարկել ընկերության զարգացման ծրագրերը:

«Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1989թ. սահմանամերձ Դարիկ գյուղում (Ամասիայի տարածաշրջան), իր գործունեության 21 տարվա ընթացքում հետևողականորեն ներդրել է հողի մշակման, ցանքսի, կենդանիների տոհմային որակյալ ցեղատեսակների բուծման և խնամքի, կաթի վերամշակման, կերերի արտադրության նոր տեխնոլոգիաներ, ներկրել ժամանակակից տեխնիկասարքավորումներ: Նախատեսում է նաև իրականացնել տեղում գյուղտեխնիկայի հավաքման և նորոգման ծրագրեր:

Ընկերությունը գործում է Հայաստանի 4 մարզում' սեփական և վարձակալած շուրջ 1,620 հա ընդհանուր տարածքում, Դարիկ, Սպիտակ, Ղազանչի, Արագածավան, Հրազդան, Եղվարդ համայնքներում: «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն մինչ այսօր շուրջ 11 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է արել արտադրության արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

Սպիտակ քաղաքում նախագահն այցելել է նաև Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, ծանոթացել դպրոցի նորակառույց մասնաշենքի պայմաններին:

Հայաստանում «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ 2010թ. հուլիսից մեկնարկած «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում երկրորդ փուլում (ընդհանուր արժեքը՝ շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար) հիմնանորոգվել են Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների հանրակրթական դպրոցների մասնաշենքերը:

570 աշակերտի համար նախատեսված Սպիտակի թիվ 1 դպրոցի երեք ուսումնական մասնաշենքում ամբողջությամբ իրականացվել են տանիքի ծածկույթի, ներքին հարդարման, դռների, պատուհանների, սանհանգույցների, ջեռուցման, ներքին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ներքին ցանցերի աշխատանքները:

Սերժ Սարգսյանի շրջայցի ավարտին Սպիտակ քաղաքի թիվ 1 դպրոցի դահլիճում տեղի է ունեցել 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով Սպիտակի տարածաշրջանի անօթևան մնացած 150 շահառու ընտանիքների համար կառուցված բնակարանների հավաստագրերի հանձնման արարողությունը:

Ստեփանավանում Սերժ Սարգսյանն այցելել է Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց, շրջել դպրոցի նորակառույց մասնաշենքում, դիտել այցի ընթացքում դպրոցում անցկացվող շախմատի մրցաշարը:

360 աշակերտի համար նախատեսված Ստեփանավանի թիվ 6 դպրոցի ուսումնական մասնաշենքում, որը ևս հիմնանորոգվել է «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում, ամբողջությամբ իրականացվել են ներքին հարդարման, ճակատի արտաքին հարդարման, հատակների, դռների, պատուհանների, սանհանգույցների, ջեռուցման, ներքին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, կոյուղու ներքին ցանցերի և գույքի տեղադրման աշխատանքներ:

«Լինսի» հինադրամի ֆինանսավորմամբ «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում երկրորդ փուլով ուժեղացվել-վերակառուցվել է հանրակրթական երեք դպրոց Շիրակի մարզի Արևշատ, Սարակապ և Նոր Կյանք գյուղերում:

Աղետի գոտում իրականացվող բնակարանային ապահովման շինարարական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 2009-2010թթ. կառուցվել և շահագործման է հանձնվել 303 բնակելի տուն: Մինչև 10 շահառու ունեցող գյուղական բնակավայրերում 2009թ. բնակարանների գնման վկայագրերի միջոցով (ԲԳՎ) լուծվել է 6 ընտանիքի բնակապահովման խնդիր:

2011թ. կառուցվել և շահագործման է հանձնվել 153 բնակելի տուն: Լոռու մարզի քաղաքային բնակավայրերում 2009-2010թթ. կառուցվել և շահագործման է հանձնվել՝ Սպիտակում 220 բնակելի տուն, Ստեփանավանում 4 բնակելի տուն:

Հերթացուցակում առկա 50 ընտանիքից 43-ն արդեն ստացել է բնակարաններ: Ստեփանավան քաղաքում բազմաբնկարան շենքերում բնակարան կորցրած շահառու ընտանիքների բնակապահովման խնդիրները լուծվել են: Վանաձորում իրացվել է 3 ԲԳՎ, Գուգարք գյուղական համայնքում բազմաբնակարան շենքում բնակարան կորցրած 15 ընտանիք ևս բնակարանային պայմանները բավարարել է ԲԳՎ-ների միջոցով:

Նոյեմբերի 1-ի դրությամբ Լոռու մարզում լուծվել է 708 ընտանիքի բնակարանային խնդիր. գյուղական բնակավայրերում՝ 477, քաղաքային բնակավայրերում՝ 231:

Ստեփանավան քաղաքում հանրապետության ղեկավարն այցելել է պայմանագրային զինծառայող, 20-ամյա Արտակ Ղաբուզյանի ընտանիքին:

2009թ. մայիսին իբրև ժամկետային զինծառայող զորակոչված Արտակ Ղաբուզյանը ծառայության ընթացքում ցուցաբերել է արիություն և անձնական խիզախություն՝ մահացու վիրավորելով զորամասի մարտական դիրք ներխուժած հակառակորդին, որի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության», իսկ ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալներով:

Զինծառայությունն ավարտելուց հետո Արտակ Ղաբուզյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ստեփանավանի զորամասի ռեգլամենտային մարտկոցի մարտական մասի հավաքման և ռեգլամենտային աշխատանքների հաշվարկի մեխանիկ: Արտակ Ղաբուզյանը միաժամանակ սովորում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի հեռակա բաժնում:

Այցելելով Ղաբուզյանների ընտանիքին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պետության սահմաններն ամուր պահելու և հայրենիքը պաշտպանելու առումով Արտակի կատարած գործն անչափ կարևոր է: Արտակի և նրա ընտանիքի անդամների հետ Սերժ Սարգսյանը զրուցել է նաև ընտանիքի առօրյա խնդիրների ու հոգսերի մասին, նշել, որ պատկան մարմիններին հանձնարարել է շատ կարճ ժամկետում լուծել նոր բնակարան հատկացնելու խնդիրը:

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը Ստեփանավանի Արմանիս թաղամասում ներկա է եղել «Սագամար» ՓԲԸ-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի բացման արարողությանը, շրջել է կոմբինատում, ծանոթացել ընկերության ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքներին և հետագա ծրագրերին:

Շինարարական աշխատանքներն իրականացվել են 2008-2011թթ. ընթացքում: Կառուցապատվել են հարստացուցիչ ֆաբրիկան, հանքի սպասարկման համալիրը և բաց հանքը: Կառուցապատվել է 27,263 քմ (արտադրական, սպասարկման և վարչական նշանակության շենք-շինություններ), ավտոճանապարհ' Ստեփանավան (քաղաքի կենտրոն)-Արմանիս թաղամաս-7.5 կմ, ջրատար-8.8 կմ, ջրհորդանիչ և ջրակարգավորիչ ավազաններ, բարձրավոլտ էլ.գիծ - 3.5 կմ:

«Սագամար» ընկերությունում արդեն գործում է 370 աշխատատեղ: Կարճ ժամանակահատվածում այն կհասցվի մինչև 500-ի, իսկ ստորգետնյա հանքի լիարժեք շահագործման դեպքում աշխատատեղերի թիվը կդառնա 720:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների՝ «Սագամար» և «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «ՆևաՌուս» ընկերության սեփականատերերը նշել են, որ հետևողականորեն շարունակում են ներդրումներ անել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում:

Նրանց հավաստիացմամբ՝ մոտ ապագայում ընկերության ջանքերն ուղղված կլինեն Դաստակերտի ու Լիճքվազ-Թեյի նախագծերի զարգացմանը, կայացմանը և հաջող գործարկմանը: Ներկա նախագծերի իրականացման շրջանակում կանխատեսվող ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը՝ մոտ 2000: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter