
Առողջապահության նախարարն այցելել է Ախալքալաքի բժշկական կենտրոն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած աշխատանքային այցը եզրափակվել է Ջավախքում: Պատվիրակության անդամներն այցելել են Ախալքալաքի «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն: Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Ախալքալաքի առողջապահության ոլորտի պատասխանատուները Արմեն Մուրադյանին են ներկայացրել այժմ հիմնանորոգման փուլում գտնվող բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները, գործիքակազմը:
«Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում` վերանորոգումներ, վերակառուցումներ: Նախատեսված է նոր ախտորոշիչ կենտրոնների կառուցում` ներառյալ շետրագրման հնարավորություն, շերտագրող համակարգիչ, ժամանակակից թվային ռենտգեն սարքեր, վիրահատարաններ»,- ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ջավախքում հեմոդիալիզի ծառայություն ունենալու հնարավորությունը:
Արմեն Մուրադյանն այցելել է նաև կենտրոնում բուժում ստացող հիվանդներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Նա եղել է նաև ծննդաբերական բաժանմունքում: Բուժաշխատողները, ըստ նախարաության հաղորդագրության, նշել են, որ ջավախահայերն իրենց զգում են Հայաստանի ուշադրության կենտրոնում և շնորհակալ են առողջապահական համակարգին ցուցաբերվող աջակցության համար: Արմեն Մուրադյանը բուժաշխատողների հետ զրույցում հետաքրքրվել է կադրային քաղաքականությամբ, մատուցվող վճարովի և անվճար ծառայությունների ծավալներով, մասնագետների աշխատավարձերով:
Նախարարությունը տեղեկացնում է, որ «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոնը հիմնանորոգման ավարտից և նորագույն սարքավորումներով համալրվելուց հետո այցելուների առջև իր դռները կբացի ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այժմ Ջավախքում գործում է առողջապական չորս բժշկական կազմակերպություն:
Մեկնաբանել