Նրանք եկել են երկիրը փոխելու եւ փոխելու են
Մենք տարիներ շարունակ նորից ու նորից հայտնվում ենք անդունդում` առանց այնտեղից դուրս գալու: Այդպես էլ մենք արձանագրում ենք տարբեր ժամանակահատվածներում, որ անդունդում ենք: Իսկ այս ողջ ընթացքում զանգերը մշտապես ղողանջում են, եւ մենք համոզվում ենք, որ նաեւ մեզ համար են դրանք ղողանջում:
Մենք անդունդում հայտնվեցինք, երբ նորից կեղծեցին խորհրդանական եւ նախագահական ընտրությունները, երբ խորհրդարանում հայտնվեցին քրեական տարրեր, երբ քաղաքապետի պաշտոնից հրաժարված Գագիկ Բեգլարյանը նշանակվեց նախարար, երբ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետ, երբ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, երբ օլիգարխներով որոշեցին պայքարել կոռուպցիայի դեմ, երբ հերթական կուսակցությունը հերթական անգամ ժողովրդին հանեց հրապարակ եւ ուղարկեց տուն... Ամեն անգամ մեզ գրանցում ենք անդունդում ու առանց այնտեղից դուրս գալու նորից նետում ենք այնտեղ։ Այդպես դյուրին է, այնտեղ՝ անդունդում, հանգիստ է, որովհետեւ ասում ենք` մենք անդունդում ենք, ոչինչ փոխել հնարավոր չէ։ Իսկ գլխներիս մշտապես կախված մի հարց է` ինչպես է հնարավոր շարունակել այսպես ապրել: Բայց հետո հիշում ես, որ այս նույն հարցը տարիներ շարունակ կախված է մեր գլխին, ու շարունակում ենք նույն ձեւով ապրել:
Շատերին թվում է, թե Բաղրամյան փողոցում ծնված երիտասարդական շարժումը մարեց: Նորից լսում ենք՝ վերջացավ ամեն ինչ։ Բայց այդպես չէ, բնավ այդպես չէ, որովհետեւ Բաղրամյանում նստած երիտասարդները որեւէ կուսակցության երիտասարդական թեւից չեն, նրանք չեն փչացել կուսակցական ճահճի մեջ եւ արդեն դրել են սկիզբը երկիրը փոխելու անկուսակցական ճանապարհին:
Այդ երիտասարդները լուսանցք նետեցին կուսակցություններին: Իսկ իշխանությունները բոլոր հաշվարկները կուսակցությունների վրա են անում: Բայց նրանք այլեւս երկրում որոշիչ ուժ չեն, նույնիսկ հիմա, երբ հաջորդ խորհրդարանում տեղեր ունենալու առեւտուրն է գնում, դա այլեւս որոշիչ չէ: Ինձ հարցնում են, թե ինչի հիման վրա եմ անում այս եզրահանգումները, պատասախանում եմ` լրագրողական ինտուիցիայի։ Ոմանք քմծիծաղ են տալիս, իսկ քմծիծաղը կարող է բազում իմաստներ ունենալ, այդ թվում այն իմաստը, որ ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, եւ ընդհնարապես՝ էս աշխարհից չեմ։ Այսպես ասում է ընկերներիցս մեկը։
Քաղաքացիական շարժումները նաեւ անողոք են, ղեկավարները, որոնք հայտնվում են այդ պահերին, պետք է հասկանան, որ ժամանակն անողոք է, եւ ժամանակին պիտի հեռանալ, հարթակը լակմուսի թուղթ է, կեղծիքը բացահայտում է ակնթարթորեն, կողքից հայտնվողները միշտ էլ լինելու են, ու նրանց վրա միշտ էլ ուշադրություն չեն դարձնելու, նրանք այդպես լուսանցքով զուգահեռ քայլելու են` մեկընդմերթ ոտքը գծից այս կողմ դնելով, խցանի պես դուրս շպտվելով:
Կլանային համակարգն իրականում հոգեվարքի մեջ է, սպառել է բոլոր ռեսուրսները: Իշխանությունները սերնդափոխություն ուզում են անել իրենց զավակների միջոցով, նրանք մտածում են, որ այդպես են պահելու իրենց իշխանությունը եւ թալանածը։
Երկիրը փոխելու են Բաղրամյանի երիտասարդները, այդ անփորձ երիտասարդները: Ինչպես են դա անելու՝ ահնազանդությամբ: Ոստիկանները նրանց հետ ոչինչ չեն կարողանալու անել, նրանք ասում են` ենթարկեք մեզ բռնության, մենք պատրաստ ենք դրան, մենք փակելու ենք փողոցները, մենք լուռ նստելու ենք գետնին, եկեք մեզ հանեք այդ փողոցներից, մայրուղիներից:
Իշխանությունն սպառվելու է փողոցներում, մայրուղիներում։ Դիմադրություն ցույց չտվող երիտասարդներն ուժասպառ են անելու զառամյալ իշխանությանը: Եւ սահմանադրական փոփոխությունները երկրորդական, երրորդական պլանում են, որովհետեւ Հայաստանում սահմանադրության խնդիր չկա: Սահմանդրական փոփոխությունների լինել-չլինելու հարցը որոշում են ոչ թե իշխանությունները եւ կուսակցությունները, այլ Բաղրամյանի երիտասարդները:
Եւ գալու է պահը, երբ ինքը՝ իշխանությունը, ինքնակապիտուլյացիայի է ենթարկվելու: Իշխանության ներկայացուցիչները կարող են քմծիծաղել այս տողերը կարդալիս: Միշտ այդպես է եղել, նրանք չեն տեսնում այն, ինչ ակնհայտ է, որովհետեւ նրանք այլ մոլորակում են ապրում, նրանց իրականությունը մեր իրականության հետ ոչ մի տեղ չի խաչվում։ Ոստիկանների մի հատված այդ օրերին Բաղրամյանը լքելու, հանդերձանքը շպրտելու մասին մտածել է։ Իսկ բանակը չի խառնվելու այդ գործընթացներին, որքան էլ փորձեն ներքաշել, բանակը մի պահ ասելու է՝ ես սահմանն եմ պաշտպանում:
Երիտասարդները ձեւակերպելու են այն օրակարգը, որը ժողովրդին միացնելու է իրենց, եւ գուցե այդ օրակարգի առանցքը դառնա «պետությունը թալանածները պետք է դատարանում հայտնվեն եւ ետ վեարդարձնեն թալանածը» կարգախոսը: Նրանք եկել են երկիրը փոխելու եւ փոխելու են։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել