
Կինն ու նավից իջած տղամարդը դեռ նույն տեղում էին… համբուրվում էին
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Ամառվա շոգին ծովային ջերմ բարևներ բոլորիդ: Ասում եմ ծովային, որովհետև վերջապես բացեցին խցիս դռան վերևի օդափոխության անցքը: Այս սարսափելի շոգին գոնե օդ սկսեց խաղալ խցում: Ես էլ սկսեցի ավելի հեշտ մտքերով տեղափոխվել ծովափ, մի բան, որ ամեն ամառ անում եմ` խցում նստած: Ջուր, ծով, բնություն, ծաղիկներ շատ եմ սիրում: Իսկ այստեղ բնության մասնիկ անգամ չի թույլատրվում ունենալ: Չի թույլատրվում անգամ սենյակային բույսեր պահել, խնամել… լա՛վ, չեմ ուզում մռայլ բաների մասին գրել, մանավանդ, որ արձակուրդային տրամադրություններ են բոլորի մոտ:
Հայրս թիֆլիսցի է: Ամեն ամառ գնում էինք Վրաստան, գրեթե միշտ հանգստանում էինք Սև ծովի ափին, երբեմն գնում էի ճամբար, ուր մնում էի առանց ծնողների: Հաճախ եմ հիշում այդ անհոգ, խելառ օրերը: Ահա այդ օրերից մնացած անմոռանալի մի հուշ: Այս իրական պատմությունը ինձ ուժ է տալիս արդեն երկար տարիներ… այնքան սեր կա մեջը:
Ամառային ծովափնյա մի պատմություն
1987 թվականի օգոստոս ամիսն էր: 12 տարեկան էի: Բաթումիի սպորտային բազաներից մեկում էի հանգստանում, որտեղ հավաքվել էին ԽՍՀՄ տարբեր երկրներից եկած երեխաներ: Առավոտյան 6:30-ից վազում էինք ծովափով և մոտակա ծառուղիներով: Հետո սկսվում էին պարապմունքները: Ես ընտրել էի մեծ թենիսը, ժամերով գնդակը խփում էի պատին կամ կորտում խաղում էի երեխաներից մեկի հետ: Հաճախ ափից մի փոքր հեռու սուզվում էինք ու միդիաներ հավաքում, իսկ հետո կրակի վրա տաքացնում էինք ու միջինը հաճույքով ուտում: Այդպես գրեթե ամեն օր խարույկի մոտ նստած նայում էինք մայրամուտին:
Մի անգամ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, տեսարանը մինչ օրս աչքերիս առաջ է:
Գերաններից կառուցված բավական երկար, ոչ շատ լայն ճանապարհը խորանում էր ծովի մեջ: Այնտեղ հիմնականում մի քանի ձկնորսներ էին լինում, ովքեր ժամերով նստած կարթով ձուկ էին բռնում: Իրիկնամուտին ռուսական դիմագծերով մի կին դանդաղ քայլում էր ծովի ափին: Հետո բարձրացավ ծովի մեջ տանող գերաններից ճանապարհը, որն, ասես, միակողմանի կամուրջ լիներ: Նա հանեց ամառային կոշիկները ու ձեռքը բռնած ոտաբոբիկ քայլեց մինչև վերջ: Երկար կանգնած մնաց «ծովային ճանապահի» եզրին: Ձկնորսները հավաքեցին կարթերն ու, զարմացած նայելով տարօրինակ կնոջը, հեռացան:
Արևը մայր էր մտնում՝ կապույտ երկինքը ներկելով վառվող կրակի գծերով: Քամին ալիքաձև տատանում էր, ասես, ծովի մեջ կանգնած կնոջ շրջազգեստը: Արագ-արագ սկսեց մթնել, բայց նա անշարժ կանգնած նայում էր դեպի հեռուն, որտեղ ծովն ու երկինքը միաձուլվում էին:
Ափին հավաքված երեխաներով մարզիչների հետ նայում էինք խավարի մեջ կամաց-կամաց կորչող կնոջը: Ոմանք ասում էին՝ երևի խելագար է, քանի որ մեկ ժամից ավելի կանգնած է մնացել նույն տեղում: Ոմանք էլ ասում էին՝ հնարավոր է ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի է սպասում…
Ծովի մեջ տանող ճանապարհի եզրերով հատուկենտ լապտերներ վառվեցին, և կինը նորից երևաց իր ողջ գեղեցկությամբ:
Հենց այդ նույն պահին նկատեցինք մի քանի հարկանի մեծ սպիտակ նավ, որը շատ հեռու էր: Կինը երկար անշարժ մնալուց հետո առաջին անգամ շարժվեց, վերջին քայլն արեց ու հայտնվեց գերանների ամենածայրին: Նավի վրա ինչ-որ շարժում էր, նավակ իջեցրին: Տեսանք, որ այն արագ մոտենում է ափին: Շուտով մոտորային նավակի վրա կանգնած, դեպի ափը նայող տղամարդ երևաց: Կինը ձեռքով ուղղեց քամուց խճճված մազերը, երևի նրա համար, որ ավելի պարզ տեսնի տղամարդուն: Վայրկյաններ անց նավակը հպվեց ծովային ճանապարհի եզրին, և տղամարդն իսկույն ցատկեց դեպի իրեն սպասող կինը: Նրանք գրկախառնվեցին… համբուրվում էին:
12 տարեկան տղայիս հոգում հաճելի զգացողություններ էին արթնացել: Առաջին անգամ էի տեսնում համբույր: Զգում էի, թե ինչքան սեր, նվիրում, սպասում, կարոտ կա այդ ամենի մեջ:
Նրանք, ովքեր հոգնել էին սպասելուց, թե ինչ է լինելու հետո «ծովի մեջ» կանգնած կնոջ հետ և գնացել էին իրենց սենյակները, լսելով ծովի խորքից նավակով եկած տղամարդու մասին՝ անմիջապես վերադարձան ափ: Ոչ ոք չէր ցանկանում գնալ քնելու: Կարծես ֆիլմ էինք նայում, ուզում էինք վերջը տեսնել:
Սիրահարները երկար-երկար համբուրվելուց հետո մի քանի սանտիմետր հեռանում էին իրարից, բայց մեկը մյուսի ձեռքերը շարունակում էին բռնած պահել՝ կարծես վախենալով կորցնել իրար: Րոպեներ անց նորից ամուր գրկախառնվում և համբուրվում էին:
Արդեն ուշ գիշեր էր, բայց նրանք, կարծես ծովի վրա կանգնած, շարունակում էին իրար սիրել…
Բոլորը հիացած, հաճելի երազանքների մեջ ընկած՝ գնացին իրենց սենյակները: Միայն մի քանի կին մարզիչներ մնացին ափին՝ համառորեն սպասելով ռոմանտիկ «ֆիլմի» ավարտին: Առավոտյան ոմանք երկրորդ հարկի պատուհանից սկսեցին նայել սիրահարների ուղղությամբ, իսկ առաջին հարկի բնակիչները, քանի որ ծառերը խանգարում էին, անմիջապես դուրս վազեցին, որ տեսնեն՝ արդյոք այնտե՞ղ են նրանք:
Պատկերացնո՞ւմ եք բոլորիս զարմանքի աստիճանը, երբ տեսանք, որ կինն ու նավից իջած տղամարդը դեռ նույն տեղում էին… համբուրվում էին:
Այս պատմության շուրջ մարդիկ տարբեր լեգենդներ սկսեցին հյուսել: Ասում էին, թե այդ տղամարդը Թուրքիայում բանտարկված է եղել, քանի որ նավը հենց Թուրքիայի կողմից եկավ: Ինչ-որ կերպ նրան հաջողվել էր ազատվել, և սիրելի կինը պայմանավորված տեղում հույսով ու հավատով սպասում էր իր տղամարդուն…
Բանտի մասին այդ ժամանակ, բնական է, որևէ պատկերացում չունեի: Դեռ չգիտեի, որ այդ օրից ընդամենը 8 տարի անց Սիրո ուժի մասին հուշ-պատմությունը կօգնի ինձ չկորցնել հավատը Մարդու ու Մարդկայինի հանդեպ: Եվ այսպես 20 տարի շարունակ…
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել