
«Գազպրոմ Արմենիա»-ն կրկին առաջատարն է. ինչպես է փոխվել խոշոր հարկատուների տասնյակը
Սեդա Հերգնյան
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել` համեմատած 2014-ի առաջին կիսամյակի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների ցանկից։
Այսպիսով, 2015 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում գտնվող ընկերությունները միասին պետբյուջե են վճարել մոտ 86 մլրդ դրամի հարկ՝ 4 մլրդ դրամով ավելի, քան 2014-ի հունվար-հունիսին վճարել են առաջին տասնյակում գտնվողները։
Խոշոր հարկատուների առաջին հնգյակը ձևավորվել է այսպես`
- «Գազպրոմ Արմենիա» - վճարել է 24,6 մլրդ դրամ
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»- 9,75 մլրդ դրամ
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» - 8,8 մլրդ դրամ
- «Ալեքս Գրիգ» - 8,6 մլրդ դրամ
- «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (Արմենտել)- 7,76 մլրդ դրամ
Առաջին տասնյակում են նաև՝
6. «Գրանդ-տոբակո հայ-կանադ.հ.ձ»- 7,4 մլրդ դրամ
7. «Ֆլեշ»- 5,9 մլրդ դրամ
8.«Հայաստանի ատոմային էլեկտրական կայան» (ՀԱԷԿ) -4,6 մլրդ դրամ
9. «Ղ. Տելեկոմ»- 4,28 մլրդ դրամ
10.«Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-4 մլրդ դրամ
Փաստորեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առաջատարի դիրքում է։ Այս տարի հարկերի չափն ավելացել է ավելի քան 600 մլն դրամով։
Ուշագրավ է, որ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ «Ղ-Տելեկոմ»-ը (ապրանքանիշը՝ Vivacell) խոշոր հարկատուների ցանկում դիրքերը զիջել է 7 հորիզոնականով։ Այս կիսամյակ 5,95 մլրդ դրամ ավելի քիչ է վճարել, քան 2014-ի նույն ժամանակահատվածում։
Տասնյակում մյուս փոփոխությունը գրանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ այս տարի վճարելով 3,75 մլրդ դրամ ավելի շատ և 5-րդ հորիզոնականից բարձրանալով 2‑րդ հորիզոնական։
4-րդ հորիզոնականով դիրքերը բարելավել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը։ Այս տարի 3,35 մլրդ դրամ ավելի շատ հարկ է վճարել։
«Ալեքս Գրիգ»-ը, «Արմենտել»-ը, «Ֆլեշ»-ը և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջել է մեկ հորիզոնականով։ Առաջինը հարկերի չափը նվազեցրել է 1 մլրդ դրամով, երկրորդը՝ 800 մլն դրամով։ «Ֆլեշ»-ն ավելացրել է ավելի քան 300 մլն դրամով, իսկ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը՝ ավելի քան 400 մլն դրամով։
Իսկ «Գրանդ Տոբակո հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը» դիրքերը բարելավել է 2 հորիզոնականով՝ վճարելով 2,8 մլրդ դրամ ավելի շատ հարկ։
ՀԱԷԿ-ն անցած տարի 11-րդ հորիզոնականում է եղել, իսկ այս տարի 1,6 մլրդ դրամ ավելի շատ հարկ է վճարել ու ներառվել առաջին տասնյակում։
Արդյունքում այնպես է ստացվել, որ 2014-ի առաջին 10 խոշոր հարկատուների ցանկում գտնվող «Երևանի կոնյակի գործարան»-ը, որը եզրափակում էր տասնյակը, դուրս է մղվել և այս տարի հայտնվել 28-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 3,67 մլրդ դրամի դիմաց այս տարվա առաջին կիսամյակում վճարելով 1,9 մլրդ դրամ։
Հարկատուների ցանկում կատարված մյուս փոփոխություններին, ըստ տնտեսության ճյուղերի, կանդրադառնանք առաջիկայում։
Լուսանկարը՝ oplexcareers.com-ի
Մեկնաբանել