Սեւանում ճանապարհներ են հիմնանորոգվում
Արփինե Մինասյան
Ասֆալտապատվում են Սեւան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի Կարմիր Բանակի փողոցից դեպի Վարսեր գյուղական համայնք, Վարսերից Ծաղկունք-Զովաբեր-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհին միացնող 2,5կմ ճանապարհահատվածը եւ Սեւան քաղաքի արեւելյան մասին միացնող Երեւան-Սեւան-Իջեւան ավտոմայրուղուց դեպի Սեւանի Իզերի հրապարակ 1,1կմ ավտոճանապարհը:
Ինչպես նշում է կապալառու «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ղուկասյանը, աշխատանքներում նոր տեխնոլոգիա է կիրառվում.«Նախագծող կազմակերպությունը նորարար տեխնոլոգիա է կիրառում, այն գեոկրիտ կոչված ցանցավոր ծածկն է, որը պայքարում է ցանցավոր ճաքերի դեմ, ինչը տարիների ընթացքում առկա էր մեր ճանապարհների վրա»,- նշեց նա` ավելացնելով, որ ծրագրի իրականացումը նաեւ աշխատատեղերի խնդիր է լուծում: Աշխատանքներում ներգրավված է 15 միավոր տեխնիկա, աշխատում է 20 բանվոր:
Հիմնանորգումն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում: Պատվիրատուն է` Տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն, որի ղեկավար Էմիլ Սարգսյանի խոսքով` ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 475 մլն դրամ:
![]() |
![]() |
«Հիմնանորոգվում է դեպի արարողությունների սրահ եւ դպրոց տանող ճանապարհը, գյուղամիջյան ճանապարհը եւ բարձրանում է դեպի մայրուղի: 70-ական թթ-ից մինչ օրս ոչ մի ճանապարհ չի վերանորոգվել: Մարզպետի օգնությամբ գյուղի մի փոքր հատված վերանորոգվել էր»,-հայտնեց Վարսեր համայնքի ղեկավար Զավեն Հարությունյանը:
Սեւանի փոխքաղաքապետ Համլետ Սահակյանը կարեւորեց Սեւանում 3,6կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգումը` նշելով, որ այն կենսական նշանակություն ունի Սեւանի համար:
«Կարելի է ասել, որ այսօր Սեւանում ճանապարհներ չկան: Բայց արդեն 2-3 տարի բավականին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Հուսով ենք, որ այս ճանապարհը եւս որակով կլինի եւ երկար ժամանակ կծառայի սեւանցիներիս»,-ասաց Սեւանի փոխքաղաքապետը:
Աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է գերմանական «Կոքս կոնսանտ» ընկերությունը: Նախագծով նախատեսվում է իրականացնել հողային պաստառի վերականգնման, կողնակների կառուցման, ճանապարհային պատվածքի վերականգնման, փոսային նորոգման, ջրահեռացման համակարգի վերականգման եւ այլ աշխատանքներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել