Երկուսի՝ մեկ դարձած հայացքը
Մանե Գրիգորյան
-Աներս գյուղում մեծ հարգանք ու պատիվ ուներ, մթնած երկնքի պես մռայլ էր, բայց որ բացվում էր՝ զուլալ արև էր: Մի օր անտառ էր կանչել, ասում էր՝ մատղաշ գոճի եմ բռնել, արի, անտառում խորովենք: Տաղավարում ծառերի տակ նստած ենք, մեկ էլ մի հին լավ ծանոթ եկավ՝ Փռչոտ Դև մականունով: Անձրևը ոնց որ տաշտից թափեին, Դևը ընտանիքին թթվի քարի պես սեղմել էր ավտոյում ու բերել: Տեսնեմ նայում է ապակուց էն կողմ հեղեղվող օրվան, ու սիրտը կախ է, մեկ էլ ոնց որ ճակատագիր, ոնց ասեմ, էնքան վստահ, որ սատկած գոճու վրա էլ կազդեր, դուրս էկավ ավտոյից: Հետը դու մի ասա կլառնետիստ, դուդուկահար էր բերել, որ մի լավ քեֆ անեինք, մենք՝ ազնիվ, օրը՝ ազնիվ, էլ ինչ դարդ ունեինք: Ու Դևս էս անձրևի ու դուդուկի տակ հո պար չէր բռնել, կանչում էր էս Դևը աղջիկներին՝ Լոռետա, Ժոռժետա, Մարետա, կանչում էր ու պարում անձրևի պարը,-ասաց Գ.-ն, ու ծիծաղեց, հիշեց, թե ոնց էին աղջիկները անձրևի տակ մեկը մյուսի հետևից շարան-շարան իջնում ավտոյից: Ես էլ մտքումս պատկերացնում էի հեղեղի տակ պարող մարդուն՝ կես մարդ կես դև, իբր թե մազերը ձութով դաղված էին գլխին, ու թավ հոնքերի մեջ ագռավը թե ուզեր ձագ կբերեր, ձագն էլ թե ուզեր կթառեր աչքերի մեջ: Պատկերացնում ու մտովի արդեն գրում էի Դևի մասին: Անձրևի տակ, ազնիվ օրը փառաբանող մարդուն, տաշտի մեջ կարմրացրած գոճու բդերը, ու տաղավարի ծածկից կաթկթացող անձրևը, որ մանր, փոքր քայլերով թրջում էր սեղանը, որ ծառի դիակն էր:
Գ.-ն ճանապարհը կարճելու համար պատմություններ է պատմում, հանկարծ անունս է տալիս.
-Մ., մեր սարի գլխին փռված Հովհաննեսին գիտե՞ ս:
Ձայն չեմ հանում:
-Որ շունչդ հերիքում է ու բարձրանում ես, ոնց որ ձյան մեջ բուսնած ձնծաղկի հետ սեղան նստես: Ոչ գարուն ա, ոչ ձմեռ, ու հենց էդ ա լավը, էդ ա նորը: Մեր սուրբը հենց էդ սարի գլխին ա փռվել, դո՞ ւ էլ ես եկել մեզ հետ, -դիմեց կողքիս նստած կնոջը՝ Ռուսաստանից ժամանած իր բարեկամուհուն:
-Շունչս չհերիքեց, ուզում էի հետ դառնալ, ասեցին՝ մեղք է, չի կարելի, շունչդ տեղը բեր…
-Բերեցի՞ ր:
-Մեղքի տակ հո չէի ընկնելու,-ասաց կինը, մինչ մեքենան, մեզ իր մեջն առած, գնում էր:
Հասանք Սևանա լճի ափին գտնվող տունը: Բարեկամուհու ռուսախոս աղջնակը հարցնում է.
-Է՞ ս ա մեր տուն
-Հա, էս ա Լիլ, -պատասխանում եմ:
-Ինչի՞ ա քանդված մեր տուն, չկա մեր տուն,-չքանդված տան առջև կանգնած՝ քթի տակ ինքն իրեն խոսեց աղջիկն ու վազեց մոր հետևից:
Հայրը
-Տունը ազա՞ տ չէ, ավելի լավ, ծովի ծոցին կքնեմ, աստղերը կգրկեմ, երեխաները դեսուդեն կվազեն, կպառկեմ ու կնայեմ ոնց է երկինքը լցվում լուսնի լույսով:
-Դեսն անցեք, վեշերը դրեք ավտոն, գնանք, երկնքի տակ կպառկենք,- ամուսնուն միացավ կինը:
Կապույտ լողակները՝ խտացած երկու գունդ, իջել էին Ա.-ի դեմքին. ձյունաճերմակ մաշկը արևի տակ խանձվել էր, բաց վարդագույն, խորդուբորդ մակերեսի վրա խաղաղությամբ հանգրվանել էին դեմքի մանրամասները՝ քիթը, բերանը, հոնքերը: Մազերը խլել էին դեմքի ճերմակությունը: Ծիրանով ծանրաբեռնված հողատարածքներ ունեին, Ա.-ի որդին՝ Գ.-ն, ասում էր՝ ծառերը առատությունից են կոտրվում:
-Ամեն միրգ իր լեզուն ունի, ոնց որ գրականությունը, որ գրում ես: Օրինակ ծիրանը նրբություն ա, մատնահետքը հեշտ ա ներս քաշում: Հորս ասեցի՝ պապ, ժամանակները փոխվել են, թող որ իմ ձևով մշակեմ հողերը: Ծառերը բերքի առատությունից սկսեցին ճկվել՝ մեկ հեկտարին 10 հազար տոննա:
Հայրը թիկնել է բազմոցին, ոտնատակերը դեմ է տվել, թաքցրել կնոջ փեշի մեջ: Ոտքերը՝ նեղ բազմոցին մեկ դարձած, ոտնատակերը՝ ձուլված: Կարծես կրունկ կրունկի տված, իրար մեջ սերտաճած մի մարմին լինեին, մի տուն, մի գերդաստան: Միևնույն ժամանակ այդ ամենից զատ աճած մի ծառ, որ պտուղը անխնա թափել էր ցած՝ հասած, առողջ, գեղեցիկ պտուղը, ու հիմա բավարարված ու դատարկված, ինքնագոհ ու հոգնած կանգնել ու նայում է արածին՝ որպես մի Աստված: Երեխաները փեշից թափ տված քարեր չէին, այլ՝ շարունակություններ: Մահվան վախը նրանցից յուրաքանչյուրի հետ խեղդել էին, էլ ժամանակ էլ չկար դրա մասին մտածելու:
-Տեսնո՞ւմ ես այ էն մարդուն,-Գ.-ն ցույց է տալիս Ա.-ին,- ամեն ինչ նրա շնորքն է, ասել է՝ քեզնից փոքրին պետք է հարգես:
- Դուք էլ ձեր երեխաներին եք դա ասում… ուրեմն ձեր շնորքն էլ է:
-Մերը՝ չէ, -նորից ցույց է տալիս Աստծո պես խաղաղ մարդուն, -հորս մեծությունն է դա:
Լաստիվերում քարանձավին փորագրած մարդը՝ ըստ էքսկուրսավարի, գերդաստանում հեղինակություն ունեցող անձ էր, նրա մեծ գլուխը, երեսը, երեսին թառած հայացքը փորել էին քարի մեջ, որ ամեն անգամ կողքով անցնելիս խոնարհվեին: Եթե Ա.-ի ընտանիքը քարանձավում ապրեր, նրան էլ կփորագրեին քարի մեջ:
Ա-ն նայում է բաժակից թափված ջրի պես իր շուրջը տարածվող երեխաներին, թոռներին, հարսներին, ասում է.
-Մարդ, որ ասում է՝ մեռնեմ ցավից ազատվեմ, սուտ է ասում, մարդն ուզում է ցավից ազատվել, որ ապրի:
Մայրը
-Մի պահ զգացի, որ փոքր է տեղանքն ինձ համար, -ասում է Գ.-ն, -40 տարեկան եմ, բայց դրսում չէի եղել: Ասեցի մայր՝ թույլ տուր Ռուսաստան գնամ, ապրանքս դուրս տանեմ: Մայրս ասաց՝ տղաս, քեզ կխաբեն: Մայրս գուցե անգրագետ, բայց իմաստուն կին է, թիվ չգիտի՝ մատներով է հաշվում: Ասում եմ՝ մամ, նայիր, տես, արժի էս գործը անեմ: Ասում է՝ տղաս, ժամանակ տուր ինձ: Երբեք չի սխալվում:
Պատմում է Գ.-ն մոր՝ Ս.-ի մասին, որ երկար դարսերով շրջազգեստը հագին, ալիքավոր մազերը հետ սանրած, արևից սևացած դեմքին՝ խաղաղ դիմագծերով կին է: Կրծքերը շապիկի տակից չես կարող տեսնել, գուցե դրանց շատ աղոտ առկայությունը՝ այո, բայց մանրամասները կոշտ շապիկի տակ անհետացած են, թվում է՝ ժամանակը իր հետ մաքրել է ու տարել է, ներծծել դրանք մաշկի մեջ:
-Կնոջս հայրը ու իմ մայրը նույն ադեի կուրծքն են կերել: Երբ տեսան իրար՝ հիշեցին ադեի կուրծքը: Կնոջս չէին ուզում ինձ տային, հայրս տուն չէր թողնում, որովհետև կասկածելի վարքի տեր էի: Մայրս շատ գործ ուներ անելու, ու ժամանակ չուներ, ոտքից լաթը հանեց՝ որպես գրավ , թողեց աներոջս տանը ու գնաց: Թե աղջկան տային՝ լաթը հետ պետք է վերադարձնեին: Անգրագետ, բայց մեծ գաղափարի տեր է մայրս:
Մոր շուրջը ՝սեղանին պատահականորեն թափված տնական օղու հոտի պես, տարածվել էին նրա երեխաները, թոռները, հարսները, կարծես լուսնի շուրջ ցրված աստղեր լինեին, որոնց գրկում էր մոր լույսը: Սեփական տան բակում, երբ կինը նայեց ինձ ու ասեց՝ նախշուն, ի՞նչ է եղել: Մի պահ երկմտեցի, մտածեցի՝ լավ է չպատասխանեմ, որովհետև մտքումս վերջին գրածս տեքստն էր:
-Չեմ կողմնորոշվում, Ս. մայրիկ, չգիտեմ՝ հարցականը նախադասության մեջ որտեղ դնեմ:
Ս. մայրիկը թոթվեց ուսերը, ասեց՝ չեմ հասկանում քեզ, բալես:
Հայացքում ներկա մաքրությունը այնքան վառ էր, որ փախցրի հայացքս: Ես էլ բոլորի պես նրան մայրիկ էի ասում, Գ.-ն ասում է.
-Մի աշխատող ունենք, մորիցս մեծ, մորս մայրիկ է ասում: Ասեցի Ա., եղբայր, մայրս քեզնից փոքր է, գուցե քույր ասես, ասեց՝ տարիքը կապ չունի, ինձ համար մայր է: Մայրս մեր գյուղում շատերի համար է մայր:
***
Ափին նստած եմ: Միասին անցկացրած վերջին օրն է: Քրոջս աղջիկը հարցնում է.
-Սա ծո՞ վ ա:
-Լիճ ա, Սոն:
-Հարցնում եմ սա ծո՞ վ ա:
-Հա, ծով ա:
Սոնան ուրախ վազում է ջրերին ընդառաջ: Գլխումս պատառիկներ են կենացներից՝ զուլալ աղբյուրներ: Համոզված եմ՝ Ա.-ի տան յուրաքանչյուր պատից տնեցիներին նայում է նրա ու կնոջ՝ մեկ դարձած հայացքը:
Ս. մայրիկը շարունակում է փեշի տակն առնել ամուսնու ոտքերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել