HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հարուցվել է քրեական գործ. ո՞վ է պատժվելու «Արդշինբանկի» պաշտոնյաներից

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վրաչական շրջանների քննչական բաժնում «Ասթի Թրեյդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցչի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասով: 

Հիշեցնենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Արդշինինվեստբանկ») 9,1 մլն դոլար վարկային միջոցներ է տրամադրել «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Սեյշելյան կղզիներում գրանցված ընկերություն  է։ «Հետքը» ներկայացրել է այս վարկային պատմությունը։

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի և «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ի միջև 2011 թ. օգոստոսին կնքվել է վարկային գործառույթներ իրականացնելու պայմանագիր եւ «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ին տրամադրվել է 9.107.000 ԱՄՆ դոլարի վարկ։ «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ-ն  վարձակալել էր «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկայի» տարածքը եւ այն պետք է աշխատեցներ: «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ն այդ վարկից «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին է փոխանցել 4.201.653.642 դրամ։ «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն 2012-2013 թթ․ «Գրիգ Էլ Մետ»-ին հետ է փոխանցել 3.504.283.424 դրամ։ Տարբերությունը կազմում է 697.370.218 դրամ։

«Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ն վարկային պարտավորություններն ապահովել է գյուղատնտեսական տեխնիկայով, գույքով, բայց դրանցից հիմանականը երկուսն են․  

1․Հյուսիսային պողոտա 10շ. թիվ 1 հասցեում գտնվող տարածքը (739.4 քմ մակերեսով, 2100 քմ մակերեսով հողամասով։

2. Գրավի պայմանագրով, որով «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ն 3 մլրդ 900 մլն դրամ պահանջի իրավունք ունի «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. սեպտեմբերի 6-ի վճռով «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

«Աստի Թրեյդինգ» ՍՊԸ-ն նշված սնանկության վարույթով հանդիսանում է 40.731.707 դրամով պահանջատեր: Ընկերությունը վակցինաներ եւ կերային հավելումներ է մատակարարել «Գրիգ Էլ Մետին» պատկանող թռչնաֆաբրիկային։ Երակարատեւ դատական քաշքշուկներից հետո «Աստի Թրեյդինգը» հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Հաղորդումը վերաբերում է սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, կանխամտածված սնանկության, կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու, յուրացնելու կամ վատնելու հանցակազմերի հատկանիշներին: Ընկերության ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Մուրադյանը, հանցակազմեր է տեսել վարկային այս պատմության տարբեր դրվագներում։ Նա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն։ Եվ ահա հուլիսի 31-ին Քննաչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վրաչական շրջանների քննչական բաժնում «Ասթի Թրեյդինգ» ՍՊԻ-ի ներկայացուցչի դիմումի հիման վրա հարուցել է քրեական գործ  ՀՀ Քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասով: 

(Հոդված 214. Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը

1. Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)։

Այս քրեական գործի հարուցումը նշանակում է, որ «Արդշինբանկի» որեւէ պաշտոնյա պետք է պատժվի:

«Քրեական գործի նախաքննությունը պատշաճ չի ընթանում, որովհետեւ կարծում եմ, մոտեցումը շատ մակերեսային է: Քրեական դատավարության օրենսգիրքի 17-րդ հոդվածն ասում է, որ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար»։ Այս պահանջներից որեւէ մեկն այս պահին չեմ տեսնում: Ես դեռեւս հետաքննության փուլում դիմել եմ եւ գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեի նախագահին, խնդրելով, որ պատշաճ ուշադրություն դրսեւորվի, որովհետեւ բարդ գործ է, վերաբերվում է առանձնապես խոշոր չափերի գումարների, հասարակական մեծ հետաքրքրություն ունի, նաեւ նշել եմ, որ սա օֆշորի հետ կապված հարց է։ Իսկ հիմա,  քրեական գործ հարուցելու եւ վարույթ ընդունելու մասին որոշումը ցույց է տալիս, որ մակերեսային դիրքորոշում է դրսեւորվել: Ինձ համար անհասկանալի է թե 214 հոդվածի 1-ին մասը, որով հարուցվել է քրեական գործը, հատկապես ինչից ելնելով են հարուցել այս հոդվածով: Որոշման մեջ նշված է, որ «նույն նպատակով պատրաստել  եւ իրացրել է կեղծ փաստաթուղթ»: Եթե նույն նպատակով պատրաստել եւ իրացրել է կեղծ վճարային փաստթղթեր, ապա ինչու այդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ չի հարուցվել: Որոշման մեջ նշված է նաեւ սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու մասին: Եթե այդ մասը նշված է, ապա ինչու այդ հատկանիշներով քրեական գործ չի հարուցվել։  Որոշումից երեւում է, որ  մեջ ամեն ինչ արված է, որպեսզի «Արդշինբանկին» ոչ մի ձեւով չներգրավեն այս ամենի մեջ»,- ասում է փաստաբան Տիգրան Մուրադյանը։

Փաստաբանը համոզված է, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջնորդությամբ «Արդշինբանկին» փորձում են հանել այս քրեական պատմությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter