HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌՈ պետը ցինիկաբար ստում է, ահազանգած զինվորին ճնշում են

«Չենք լռելու»-ի և պաշտպանության նախարարության համագործակցությունը Վլադիմիր Գասպարյանի հրաժարականից հետո

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո «Չենք լռելու»-ի և պաշտպանության նախարարության` բանակում առկա արատավոր երևույթների վերացմանն ուղղված համագործակցությունը լուրջ վտանգի առջև է կանգնել:

Պաշտպանական գերատեսչության որոշ պաշտոնյաներ Վ. Գասպարյանի հեռանալուց հետո սկսել են անտեսել նախաձեռնության մտահոգությունները` ակնհայտորեն թերագնահատելով «Չենք լռելու»-ի վճռականության աստիճանն ու հնարավորությունները:

Մասնավորապես, շաբաթ առավոտյան «Չենք լռելու»-ն հավաստի տեղեկություն ստացավ այն մասին, որ իր թեժ գծին նոյեմբերի 2-ին ահազանգած զինվոր Հովհաննես Եսայանը ուրբաթ օրը բերվել է Երևան: Ըստ ստացված տեղեկության՝ զինվորի հանդեպ ճնշում է կիրառվել. նրան ստիպել են հրաժարվել օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներից: Այդ մասին շաբաթ ցերեկ հրապարակումներ եղան նաև մի շարք կայքերում:

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը զինվորի խնդրանքով տեղադրվել էր YouTube-ում:

Զինվորի հանդեպ կիրառվող ճնշումների տեղեկությունը ստանալով` «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը միանգամից զանգահարեց ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանին` խնդրելով նրան կազմակերպել հանդիպում Հովհաննեսի հետ: Տեր-Սահակյանը հայտարարեց, որ զինվորը գտնվում է Իջևանի ՌՈ բաժնում, այնինչ, իրականում, դեռ մեկ օր առաջ նա բերվել էր Երևան և այդ պահին գտնվում էր ՊՆ ԱՀՏԱ վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանի աշխատասենյակում:

ՌՈ պետը խոստացավ, որ զինվորի հետ հանդիպում կկազմակերպի, այսպես ասած, «Երևան ժամանելուն պես»: Ժամը 17-ին Արամ Տեր-Սահակյանը զինվորի հետ հանդիպման հարցը «ցրեց» իր վրայից` «Չենք լռելու»-ի ներկայացուցչին ուղարկելով ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի մոտ` տալով ինչ-որ հեռախոսահամար: Պարզվեց, որ այն պատկանում է ՊՆ քննչական ծառայության մամուլի բաժնին, որից մի շարքային զինվոր խորհուրդ տվեց զանգահարել երկուշաբթի:

Թե ինչի համար էր կազմակերպված այդ ֆարսը, որի արդյունքում «Չենք լռելու»-ին, փաստացի, չտրվեց զինվորի հետ հանդիպելու հնարավորություն, կարելի է միայն ենթադրություններ անել:

Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ պաշտպանության նախարարության պաշտոնյաները, հիմնականում, որևէ ցանկություն չունեն իրական բարեփոխումներ կատարելու: Նրանց ամենօրյա զբաղմունքը ոչ այլ ինչ է, քան այդ բարեփոխումների իմիտացիա ստեղծելը:

Հովհաննես Եսայանի դեպքը դրա վառ ապացույցն: Եվ թող որևէ մեկը չզարմանա, եթե ՊՆ-ն վաղը պաշտոնապես հայտարարի, որ զինվորը հրաժարվել է իր խոսքերից:

«Չենք լռելու»-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ զինված ուժերի վերնախավում այս խայտառակ մթնոլորտի «հրեշտակ պահապանը» Յուրի Խաչատուրովն է` իր կադրերով հանդերձ: Նախաձեռնությունը շարունակում է պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը:

Ցավն այն է, որ այս ամենի արդյունքում տուժում են ոչ թե միլիոնատեր գեներալները, այլ մեր զինվորները:

Ցավալի է նաև, որ օրեցօր ավելանում է այն մարդկանց ցուցակը, ում սթափեցնել ունակ է միայն YouTube-ը...

Մեկնաբանություններ (3)

Anush
Tzukneri erkira....(((
Վեհարի
Փաստորեն մեր երկրում ցանկացած բարձր պաշտոնյա, առանց որևէ վախի, կարող է պատերազմել սեփական բանակի զինվորների, ժողովրդի դեմ, իրավասու է ստել, կոծկել իրողությունը և ընդամենը բարեփոխումների իմիտացիա ստեղծելով ոչ թե կորցնել պաշտոնը, այլ ընդհակառակը` շարունակել թալան ապահովող հանցագործությունները:
Գոհար, զինվորի մայր
Հենց սկզբից էլ մտավախություն ունեի, որ իր իրավունքները գիտակցող զինվորին գուցե ավելի վատ իրավիճակ է սպասվում անօրենությունը վեր հանելու, պայքարելու համար... ուստի խնդրում եմ ,,Չենք լռելու ,,-ն արդեն դիմի մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ՊՆ հարգարժան նախարար Սեյրան Օհանյանին խնդրում եմ` յուրաքանչյուր զինվորի զինվորագրվելիս նախապես տրվի նախարարության այն հեռախոսահամարը, որ դանակը ոսկորին հասնելու պահին զինվորը կարողանա ահազանգի ու ոչ թե ,,ինքնասպանություն,, գործի կամ ,,ռազբորկաների,, զոհը դառնա...Այս պարագայում զինվորը կդիմեր նախարարությանը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter