
Գողություն «Նարեկացի» արվեստի միության շենքից. որոնվում է լուսանկարում պատկերված անձը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նարեկացի» արվեստի միություն ապօրինի մուտք գործելով կնոջ դրամապանակից գումար գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են կոմիտեից:
Դեպքը տեղի է ունեցել 2015 թ. հունիսի 11-ին։ Ժամը 14:20-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձը, մտնելով «Նարեկացի» արվեստի միության շենք, սենյակներից մեկի սեղանին դրված դրամապանակից հափշտակել է 300 ԱՄՆ դոլար և 75.000 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վերաբերյալ տեսագրությունը և լուսանկարներ, որտեղ պատկերված անձն է, ըստ նախնական տվյալների, դրամապանակից վերցրել գումարը:
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու, և միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, կոմիտեն խնդրում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Մեկնաբանել