Հարավային ջրավազանային կառավարման պլանը` ռեսուրսների համապարփակ կառավարման ուղի
Այսօր ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը ներկայացրել է Հարավային ջրավազանային կառավարման պլանի նախագիծը Հայաստանի բնական ռեսուրսների կառավարմամբ և պահպանմամբ զբաղվող կառույցներին` նախարարություններին, Ազգային ժողովին, գիտակրթական հաստատություններին, մասնավոր հատվածին, ՀԿ-ներին և միջազգային կազմակերպություններին:
Պլանի նախագիծը մշակվել է «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի կողմից Որոտանի, Ողջիի և Մեղրի գետի գետավազանների մակարդակով կատարված վերլուծությունների հիման վրա՝ ՀՀ Բնապահպանության նախարարության, մասնավորապես Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հետ համատեղ:
Հարավային ջրավազանային կառավարման պլանի նախագծի ներկայացման միջոցառմանը ներկա են գտնվել ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, ինչպես նաև Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Առողջապահության նախարարությունների և Ազգային ժողովի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքում փոխնախարար Պապյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի դերը Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և Ջրավազանային տարածքային կառավարման բաժինների ստեղծման գործում, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման, Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի գետավազանային կառավարման պլանների մշակման գործընթացներում, որոնց հիման վրա մշակվել է Հարավային ջրավազանային կառավարման ընդգրկուն պլանը: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը հաստատել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ պլանավորման և կայուն կառավարման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով տնտեսական, սոցիալական և բնապահպանական մարտահրավերները:
ԱՄՆ ՄԶԳ-ը հայտնում է, որ հարավային ջրավազանային տարածքն ունի կարևոր նշանակություն՝ պայմանավորված տարածաշրջանում իրականացվող լայնատարած արդյունաբերական գործունեությամբ: Տնտեսական գործունեության տարբեր ձևերը, այդ թվում՝ հանքագործությունը, հողագործությունը, փոքր հիդրոէլեկտրակայանների աճը, կեղտաջրերի ոչ պատշաճ հեռացումը բացասական ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա՝ հանգեցնելով գետերի ջրի և հողի աղտոտման, կենսաբազմազանության կորստի, ջրային ռեսուրսների սպառման:
Միջոցառման ընթացքում նաև ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ստեղծված Որոշումների կայացմանն աջակցող համակարգը (ՈԿԱՀ): Տեղական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակված ՈԿԱՀ-ը աշխարհագրական տեղեկատվական համակարգի վրա հիմնված համակարգչային գործիք է, որը տրամադրում է տեղեկատվություն երկրի ջրային ռեսուրսների որակական և քանակական կարգավիճակի, ինչպես նաև կլիմայի փոփոխության և տնտեսական գործունեության պայմաններում ապագայում ջրային պաշարների մատչելիության վերաբերյալ: Այն հիմք կհանդիսանա տեղեկացված որոշումների կայացման համար, մասնավորապես ջրօգտագործման թույլտվությունների տրման գործընթացում:
«Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է աջակցել Հայաստանում ջրային և էներգետիկ ոլորտների կայուն կառավարմանը՝ կարողությունների զարգացման, էներգետիկ և ջրային ռեսուրսների համապարփակ պլանավորման խթանման, ջրային օրենսդրության կիրարկման բարելավման, մաքուր էներգիայի և ջրի վերաբերյալ ցուցադրական ծրագրերի, ինչպես նաև հասարակական իրազեկման գործողությունների իրականացման միջոցով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել