
Facebook-ի օգտատերերի ակտիվությունը շարունակում է աճել
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը՝ Facebook-ը, հաշվետվություն է ներկայացրել երկրորդ եռամսյակի վերաբերյալ: Հաշվետվության համաձայն` ակտիվության ցուցանիշները գերազանցել են շուկայի սպասելիքները, ընդ որում` այդ ակտիվությունը շարունակում է աճել:
2015 թվականի երկրորդ եռամսյակում Facebook-ի եկամուտը , անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 39%-ով` հասնելով 4.04 միլիարդ դոլարի: Շահույթը այս ժամանակահատվածում նվազել է 9.1%-ով` 791 միլիոն դոլարից նվազելով մինչև 719 միլիոն դոլար: Մեկ բաժնետոմսից մաքուր եկամուտը կազմել է 50 ցենտ, որը վերլուծաբանների կանխատեսած ցուցանիշը գերազանցում է 3 ցենտով : Thomson Reuters-ի կողմից հարցված փորձագետները կանխատեսել են 3.99 միլիարդ դոլար եկամուտ:
Ցանցի ծախսերը զգալի աճել են` ապրիլից հունիս հասնելով 82%-ի (2.8 միլիարդ դոլար): Facebook-ի ղեկավարները նախապես զգուշացրել էին ներդրողներին, որ ընկերության ծախսերը աճելու են, եւ ծախսերի աճը, փաստորեն, մեծ անակնկալ չէր ներդրողների համար:
Facebook-ը երկարատև ներդրումներ է կատարում վիրտուալ իրականության հետ կապված ծրագրերում: Բացի այդ, Մարկ Ցուկենբերգի ընկերությունը մեծ գումարներ է ծախսում նոր տվյալների կենտրոններ ստեղծելու և իր ծրագրերում տաղանդավոր ինժեներների ներգրավելու համար: Facebook-ի վաճառքի ծավալը երկրորդ կիսամյակում (տարեկան կտրվածքով) աճել է 43%-ով` կազմելով 3.8 միլիարդ դոլար: Այս գումարի 76%-ը գոյացել է Facebook-ում տեղադրված գովազդից:
Ըստ eMarketer-ի հետազոտության` 2015 թվականին Facebook-ի հսկողության տակ է լինելու համաշխարհային շուկայի բջջային գովազդի 16%-ը, որի ընդհանուր գումարը գնահատվում է 69 միլիարդ դոլար: Ըստ նույն հետազոտության` ոլորտում առաջատար դիրքերը պահպանելու է Google ընկերությունը` 35%-ով:
Օգտատերերի ակտիվությունը շարունակում է աճել
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում սոցցանցի օգտատերերի քանակը, որոնք ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ այցելում են իրենց էջ, աճել է` 1.33 միլիարդից հասնելով 1.49 միլիարդի: Ակտիվ օգտատերերի քանակը նույն ժամանակահատվածում 936 միլիոնից հասել է 968 միլիոնի: Facebook-ի բջջային տարբերակի օգտատերերի քանակը (տարեկան կտրվածքով) նույնպես աճել է 23%-ով` կազմելով 1.31 միլիարդ:
Ինչպես նշում է Jackdaw Research-ի գլխավոր վերլուծաբան Իեն Դավսոնը (Ian Dawson), Facebook-ի օգտատերերի քանակը շարունակելու է աճել` ի տարբերություն մրցակից համարվող Twitter-ի: Բացի այդ, Facebook-ի ակտիվ օգտատերերի քանակը ԱՄՆ-ում զգալիորեն ավելի շատ է, քան Twitter-ինը:
Այս ամիս հայտնի դարձավ, որ ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը անմեղ է ճանաչել Facebook ընկերությանը: Վերջինս կարողացել է ապացուցել, որ չի փորձել խաբել իր բաժնետերերին և չի փորձել գաղտնի պահել կարևոր ինֆորմացիան` արժեթղթերի շուկայում բաժնետոմսերը տեղավորելուց առաջ:
լուսանկարը` Forbes-ից
Մեկնաբանել