
Մի ցուցանմուշի պատմություն. Եղեռնը` կրակից փրկված դիմանկարում
Աննա Բաբաջանյան
Մեծ եղեռնի թեմային շատ արվեստագետներ են անդրադարձել իրենց գործերում: Սակայն կտավ-ցուցանմուշը, որը փրկվել է նույն հրաշքով, ինչ` դրանում պատկերված բնորդուհին, չներկայացնելով սարսափազդու տեսարաններ` ողբերգությունն արտահայտում է` ամփոփելով այն մեկ կնոջ ճակատագրում:
1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո հայության «բեկորները» տարածվեցին աշխարհի ամենատարբեր երկրների քաղաքներում: Գաղթի ճանապարհը բռնած փախստականներից մեկն էլ էրզրումցի Մանուշակն էր, ով բնակություն էր հաստատել Թիֆլիսում: Նա ձեռագործ աշխատանք, կենցաղային գործեր էր անում, օրապահիկով աշխատում էր թիֆլիսահայերի համար` մի կերպ քարշ տալով իր գոյությունը:
Նկարիչ Գեւորգ Գրիգորյանը (Ջոտտո), ում գեղարվեստական մտածողությունը ձեւավորվել է հենց Թիֆլիսում, այնտեղ հաստատված փախստականների 300-ից ավել դիմանկարներ է ստեղծում: Նրանց թվում էր նաեւ էրզրումցի Մանուշակը: Ջոտտոն նկարում է կնոջը` գլխաշորով, ձեռագործ անելիս, այնպիսին, ինչպիսին նա կար: Ու թեեւ նկարիչն առանձնակի վերաբերմունք ուներ գաղթականների իր դիմանկարների նկատմամբ, սակայն հանգամանքները դրանց ճակատագրի տնօրինման հարցում ավելի զորեղ են գտնվում:
Ջոտտոյի քույրերից մեկը` Սամիկոն, ով հայտնի էր իր անհավասարակշիռ բնավորությամբ, եղբորն ասում է, որ պետք չէ այդ գաղթականներին նկարել եւ նույնիսկ սպառնում է: «Երբ գնանք ընկեր Բերիայի մոտ ( Լավրենտի Բերիա-հեղ.), ես կասեմ, որ դու, նրանց նկարելով, սեպ ես խրում հայ եւ թուրք աշխատավորության միջեւ, քննադատում ես պատմությունը»,- ասում է նա:
Քույրն անընդհատ կրկնում էր այդ խոսքերը, սակայն նկարիչը քրոջ խոսքերին ուշադրություն չէր դարձնում: Բայց երբ Ջոտտոն ամուսնանում է Դիանա Ուկլեբայի հետ, վերջինս, լսելով Սամիկոյի խոսքերը, վախենում է, որ նա իսկապես կկատարի իր ասածները եւ խնդրում է ամուսնուն` այրել գաղթականների դիմանկարները: Ջոտտոն երկար տատանվելուց հետո համաձայնվում է գնալ իր համար ցավալի այդ քայլին:
Այրվում է ավելի քան 300 նկար: Սակայն երբ հերթը հասնում է Մանուշակի դիմանկարին, նկարիչը հապաղում է եւ որոշում փրկել այն: Այդպիսով` բազում գաղթականների «լուռ վկայություններից» փրկվում է միայն Մանուշակի պատկերը` դառնալով Հայոց ցեղասպանության «կենդանի վավերագիր»:
«Մանուշակի դիմանկարը միշտ հետաքրքրել է նրանց, ովքեր նկարի մեջ ոչ թե ընդհանուր էսթետիկա են փնտրում, այլ փորձում են դիմանկարի մեջ տեսնել մարդու անհատականությունը: Եղեռնն ամփոփված է ընդամենը մեկ հոգու` Մանուշակի դեմքի մեջ»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Գեւորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանը:
Մանուշակի դիմանկարը (1929թ.) պահվում է հենց այս արվեստանոց-թանգարանում:
Մեկնաբանել