
Դեյվիդ Բոուի. «Heroes»… և արգելված ծափեր, որ հնչում էին Բեռլինյան պատի հակառակ կողմից
Նաիրա Հայրապետյան
Բրիտանացի երգիչ, երգահան, գործիքավորող, երաժշտական պրոդյուսեր, ինչպես նաև նկարիչ և դերասան Դեյվիդ Բոուին համարվում է հանրամատչելի երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Շուրջ հինգ տասնամյակ ձգվող իր ստեղծագործական կյանքում նա նշանավոր է համարվում մի քանի առանձնահատկությամբ. նախ՝ որպես մեծ նորարար (հատկապես 70-ականների աշխատանքներում): Այս արտիստը ժամանակի մեջ իկոնիկ երևույթ էր իր հայտնությամբ և նախնական շրջանում դա առավել վառ տպավորում էր իմիջային կերպարով: Բոուիի ոճը հաճախ կտրուկ և անկանխատեսելի փոփոխություններ է կրում, որի պատճառով նրան անվանեցին նաև «ռոք երաժշտության քամելեոն»: Նա հայտնի է նաև իր յուրահատուկ ձայնով և ինտելեկտուալ խորությամբ առանձնացող ստեղծագործություններով: Ահա այս ամենի շնորհիվ և մշտապես հավատարիմ իր էությանը՝ այս երաժշտին շփոթել մեկ այլ արտիստի հետ անհնար է. նա բոլոր ոճերում մնում է նույն ինքնատիպ ու անկրկնելի Դեյվիդ Բոուին:
«Heroes». Այսպես է կոչվում Բոուիի ամենահայտնի երգերից մեկը: Թեև թողարկումից հետո երաժշտական հորիզոնականներում առանձնապես կարևոր դիրքեր չարձանագրեց, այնուամենայնիվ, դա չխանգարեց երգին ամուր հիմնավորվել երաժշտական դաշտում: «Heroes»-ը համարվում է Բոուիի ձեռագրային ստեղծագործություններից մեկը: Այս երգը մինչ օրս շարունակում է կատարվել տարբեր արտիստների մեկնաբանությամբ, հայտնվել համերգային շրջագայությունների և նոր թողարկվող ալբոմների կազմում, ֆիլմերում, երաժշտական հեղինակավոր մրցութային նախագծերում և այլն: Իր բազմզան քավըր կատարումների քանակով այն երկրորդ գործն է արտիստի ստեղծագործություններում հանրահայտ «Rebel Rebel»-ից հետո:
«Heroes»-ը գրվեց 1977թ. Բրայան Ինոյի համահեղինակությամբ (անգլիացի երաժիշտ, պրոդյուսեր և երաժշտական տեսաբան): Երգը պատկանում է Բոուիի ստեղծագործական կյանքում հայտնի բեռլինյան շրջանին, որի արդյունքում ստեղծվեց «Բեռլինյան եռերգությունը» (Berlin Trilogy): 70-ականների վերջին նա տեղափոխվեց Արևմտյան Գերմանիա, Բեռլին՝ թմրադեղերից կախվածության դեմ բուժվելու և նոր միջավայրում, ավելի հանգիստ պայմաններում աշխատելու նպատակով: Մի խոսքով՝ Բոուին ինքնամաքրվելու և հետագա գործունեությունը վերանայելու պահանջ էր իր առջև դրել, ուստի սկսեց լրջորեն աշխատել այդ ուղղությամբ: Նա ավելի հաճախ սկսեց նկարել, այցելում էր թանգարաններ, իր պատուհանից ժամերով պարզապես նայում էր հեծանվով շրջող անցորդներին ու հիանում կյանքի համեմատաբար պարզ, բայց խաղաղ ու առողջ այդ ռիթմով: Բնակարանը, որտեղ ապրում էր ամերիկացի երաժիշտ և դերասան Իգի Փոփի հետ, բեռլինյան հայտնի պատից ոչ հեռու էր գտնվում: Մոտակայքում ձայնագրման ստուդիա կար, որտեղից մշտապես երաժշտություն էր լսվում: Հավանաբար այսպես նրանք երկուսն էլ սկսեցին հետաքրքրվել գերմանական ռոք երաժշտությամբ և բացահայտեցին 70-ականների ամենահիշարժան խմբերից մեկին՝ «Neu!» -ին, որը մեծ ազդեցություն ունեցավ նոր աշխատանքներում:
Բոուին այս էտապում խիստ տարված էր գրականությամբ և արվեստով, դասական երաժշտությամբ: Անցյալում թողած կոկաինի խորը հետքերը՝ ամերիկյան խրախճանքների դառը համի ու իր մտքերում թափառող ուրվականների ընկերակցությամբ, նա իրեն վերածնված էր զգում: Նկարագրելով կյանքի այս փուլն ու միաժամանակ փորձաշրջանը, Բոուին այն համեմատել է դժոխքի դռների միջով ետ վերադառնալու հետ:
Այս վերադարձը նշանավորվեց նոր ստեղծագործական շարքով, որը ոչ թե հերթականն էր, այլ նոր ասելիք և նոր մոտեցում էր նրա՝ մինչ այդ ունեցած երաժշտական հայացքների մեջ: Համագործակցելով պրոդյուսեր Թոնի Վիսկոնտիի, Իգի Փոփի և Բրայըն Ինոյի հետ՝ սկսեց աշխատել նոր երգերի վրա: Արդյունքում ծնվեց երեք ալբոմից բաղկացած «Berlin Trilogy» -ն՝ «Low», «Heroes» և «Lodger» խորագրերով:
«Heroes»-ը միակն էր, որ ամբողջությամբ ձայնագրվեց գերմանական ստուդիայում՝ «Hansa Tonstudio»-ում : Քննադատների կողմից այս ալբոմը գնահատվել է որպես լավագույններից մեկը Բոուիի ողջ ստեղծագործական կյանքում: Ալբոմը գլխավորում էր համանուն երգը, որը կարճ ժամանակ անց առանձնացավ և հատուկ ստորագրությամբ ամրագրվեց Դեյվիդ Բոուիի երաժշտական կյանքում:
Այս երգը ձայնագրվեց և թողարկվեց մի քանի լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Երգի անվանումը նրանք վերցրել էին «Neu!» (Նոյ) խմբից, 1975թ. թողարկված նրանց «Hero» երգի տպավորությամբ: Խմբի թողած ազդեցության և երգի մասին Բոուին նշել է բազմիցս:
Հերոսական այս նոր պատմությունը սիրահարված մի զույգի մասին է, որոնց արտիստը ձայնագրման ստուդիայի պատուհանից տեսել էր բեռլինյան պատի մոտ ժամադրվելիս: Նրանց սերը գեղեցիկ էր, հուզիչ, բայց միևնույն ժամանակ արգելքների մեջ խճճված, ուստի մեր պատմության հերոսները ամեն անգամ ավելի էին հերոսանում, երբ փորձում էին հաղթահարել դրանք: Մի խոսքով՝ այս հուզիչ զգացմունքը գտնվում էր կարելիի ու անկարելիի սահմանում: Նրանց բաժանում էր կյանքի մեկ այլ պատ, որի մասին Բոուին ավելի կոնկրետ խոսեց միայն 2003թ.:
Բանն այն է, որ նա իրականում երգում էր պրոդյուսեր Վիսկոնտիի նոր՝ բեռլինյան սիրո մասին, բայց ստիպված էր սկզբում այս մասին չխոսել: «Թոնին այդ ժամանակ ամունացած էր, և ես չէի կարող ասել, թե ում մասին էր խոսքը:- պատմել է Բոուին հարցազրույցներից մեկում,- Այդ պատճառով երկար ժամանակ ստիպված ներկայացնում էի, թե պատահական մի զույգի մասին է: Բայց հիմա արդեն կարող եմ խոստովանել, որ նրանք իրականում Թոնին և այն գերմանուհին էին, որին նա հանդիպել և սիրահարվել էր մեր՝ Բեռլինում եղած ժամանակ: Ես իսկապես նրանից թույլտվություն եմ խնդրել այս մասին հրապարակավ հայտնելու համար: Կարծում եմ՝ Թոնիի ամուսնությունը այն ժամանակ իր վերջին օրերն էր ապրում և այս ամենը շատ հուզիչ էր. չէ՞ որ ես տեսնում էի, որ Թոնին շատ ուժեղ սիրահարված էր այդ աղջկան: Նրանց հարաբերություները ինձ ներշնչեցին այդ երգը գրել»:
«Heroes» անվանումը միտումնավոր տեղադրվեց չակերտների մեջ՝ ընդգծելու համար ռոմանտիկ, տեղ-տեղ հանդիսավոր բառաֆոնդի ու երաժշտության հեգնախառը լրջությունը: Ի դեպ, ալբոմում երաժիշտները համագործակցել են կիթառահար Ռոբերտ Ֆրիպի հետ` հայտնի «King Crimson» խմբից: Նրա կատարումը շատ բարձր է գնահատվել երաժշտական տեսաբանների կողմից:
1999թ. փետրվարին «Q» ամսագրի ընթերցողները «Heroes»-ը ճանաչել են որպես բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը: Նույն ամսագրի տվյալներով 2005թ. այն լավագույններից է ճանաչվել կիթառի կատարման համար, իսկ ռոլինգսթոնյան հայտնի 500-յակում երգը գրավել է 46-րդ տեղը: «Heroes»-ը բազմաթիվ խորագրորով հարցումներում է ընդգրկվել, տարբեր սկզբունքներ կրող երաժշտական միջավայրերում, որոնց արդյունքը խոսում է միայն մի բանի մասին՝ ոչ միշտ են երաժշտական աշխարհում ճակատագրեր կառուցող և քանդող հիթ-շքերթները ներգործում երգի հետագա ընթացքի վրա: Դեյվիդ Բոուիի «Heroes» երգը 47 տարի անց էլ շարունակում է կատարվել: Այն նաև հայտնի երաժիշտների ամենասիրելի գործերի շարքում է: «Depeche Mode»-ի Դեյվ Գահանը մի առիթով պատմել է, որ իրեն խմբի կազմում ընդգրկեցին այն բանից հետո, երբ խմբի հիմնադիր Վինս Քլարքը նրա կատարմամբ լսեց «Heroes»-ը:
1987թ. Բոուին այն կատարեց Բելինի հանրահայտ պատի մոտ: Չնայած բեմը կառուցվել էր քաղաքը բաժանող պատի արևմտյան հատվածում, ասում են, արևելյան հատվածում ևս հազարավոր մարդիկ հավաքվել էին՝ լսելու համար կատարումը և համերգը:
«Պատի ողջ երկայնքով՝ հակառակ կողմից, մենք լսում էինք նրանց ծափերն ու ձայնակցությունը երգերին: - հիշում է Բոուին,-Աստված իմ, նույնիսկ հիմա ես փշաքաղվում եմ այն հիշելիս: Սիրտս կտոր-կտոր էր լինում: Նման բան ես երբեք իմ ողջ կյանքում չեմ ունեցել և կարծում եմ՝ չեմ էլ ունենա»:
Մեկնաբանել