HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկե ծիրանը» ներկայացնում ու հյուրասիրում է

Նունե Հախվերդյան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր տասներկուամյա պատմության ընթացքում երկու կարեւոր բան ձեւավորեց՝ հանդիսատես ու տոնի զգացում: Կինոն կարողացավ դառնալ այն առանցքը, որը նիրհող ամառային Երեւանում ապահովեց շփումների դաշտն ու շփումների հաճույքը: Ֆիլմեր ու մարդիկ եկան Հայաստան, որոնք գրավիչ էին, թարմ ու միտք շարժող:

Փառատոնն իր հանդիսատեսին ցուցադրում էր այն ֆիլմերը, որոնք մեծ էկրանին դիտելու հնարավորություն մենք այլ կերպ չէինք ունենա, իր հյուրերին տանում էր քաղաքից դուրս կամ տարբեր մշակութային նշանակության օբյեկտներ, կուշտ հյուրասիրում ու ցույց տալիս Հայաստանի տեսարժան վայրերը:

Կարծես թե գոհ ու շնորհակալ էին բոլորը, «Ոսկե ծիրանն» իրեն հարմարավետ ու ինքնաբավ էր զգում հյուրընկալ ու ջերմ փոքր փառատոնի դիմակի տակ: Մանավանդ, որ հյուրերը լավն էին՝ հեղինակավոր ու օրիգինալ, իսկ մենք ավելի ու ավելի գրագետ ու պատրաստված հանդիսատես էինք դառնում. ներում էինք աննշան անհարթությունները եւ չտեսնելու տալիս անհարկի պաթետիկ կամ ծիծաղելի տեղային հավակնությունները:

Հիմա երբ «Ոսկե ծիրանն» արդեն կարելի է կայացած ու հասունացած իրողություն համարել, դժվար է հստակ նշել, թե երբ սկսվեցին խնդիրները, երբ այդ հասունության զգացումը վերածվեց  ներքին տագնապի, թե փառատոնը նմանվել է գերհասունացած ու փտման եզրին հայտնված մի պտուղի եւ այս դիմակով չի կարող ոչ միայն զարգանալ, այլեւ շարունակվել: Իսկ եթե այսպես շարունակվի, կկորցնի այն ձեռքբերումները, որոնք հենց այս փառատոնի շնորհիվ տեղի ունեցան մեր հասարակության մեջ:

«Ոսկե ծիրանը» հանդիսատես ձեւավորեց, եւ արդեն գործ ունի այլ որակի լսարանի հետ, որի համար զուտ ծանոթությունը հատուկենտ ֆիլմերի ու մարդկանց հետ բավարար չէ: Իսկ հեղինակավոր, բանիմաց ու գործ անելու սովոր հյուրերի համար էլ բավարար չեն անբռնազբոս հյուրասիրությունն ու կերուխումային  մթնոլորտը:

Համարձակվենք պնդել, որ թե՛ դրսի, թե՛ ներսի համար պետք են հեռանկարներ, գոնե մոտ ապագայում տեսանելի նախագծեր: Ավելի շատ լրջություն է պետք, քան շնորհանդես (մեզ՝ կինո, կինոմարդկանց՝ համեղ խոհանոց ու քաղաքից դուրս):

Ջերմ ընտանեկան փառատոնի ձեւաչափը, որն առաջին տարիներին հետաքրքիր խայծ էր կինոփառատոնների քարտեզում հաստատվել ցանկացող «Ոսկե ծիրանի» դեպքում, հիմա արդեն հետընթացի նախանշան է:

Այդ նախանշանն առավել աչքի ընկավ այս տարվա փառատոնի փակման ու մրցանակների հանձնման արարողության ժամանակ, երբ բեմում քաոս էր՝ բաղկացած մրցանակակիր ռեժիսորների ու ֆիլմերի անունների սխալ արտասանությունից, փնթի ու անգույն թարգմանությունից ու լղոզված միզանսցեններից:

Առաջին պլանում ահռելի զամբյուղներն էին՝ ծիրանով, եւ միայն երկրորդ պլանում եւ այն էլ՝ խառնաշփոթ դասավորված՝ ֆիլմերն ու հաղթողները:

Հասկանալի չէր, թե ովքեր եւ ինչ պատրվակով են բեմ դուրս գալիս (այդ թվում՝ փառատոնի պատվավոր նախագահներից ոմանք), ով է երկար խոսք ասում, իսկ ով՝ ընդամենը մյուսի փոխարեն մրցանակ-զամբյուղը վերցնում:

Իսկ ամենատարակուսելին այն էր, որ դահլիճում նստածները չէին ըմբռնում, թե ինչ հերթականությամբ են հնչում հաղթողների անունները (խրախուսականից՝ առաջի՞ն, թե՞ հակառակը): Կարծես փառատոնի կազմակերպիչներին դա առանձնապես չէր էլ մտահոգում: Դե, ընտանեկան-հյուրընկալ ֆորմատ է, որտեղ ամեն ինչ էլ պատահում է, էլ ի՞նչ կարիք կա կենտրոնանալ ֆիլմերի ու ժյուրիի խոսքի վրա, եթե բոլորս մի մեծ ընտանիք ենք:

Եթե փառատոնը մրցանակ է տալիս, առաջինը ինքը պիտի արժեւորի իր մրցանակը, այսպես ասած՝ կշիռ հաղորդի ամեն մի ոսկե ու արծաթե ծիրաններին: Հակառակ դեպքում ստացվում է, որ մրցանակներն իմիջիայլոց են տրվում: Եվ եթե ժյուրին ճառ է ասում ու այդ ճառը լավագույն դեպքում՝ կիսատպռատ ու ազգանունները խեղաթյուրելով է թարգմանվում, ապա տարօրինակ զգացում է առաջանում, թե այդ ճառերը դատարկությանն են ուղղված:

Մանավանդ, որ ամեն տարի ցանկացած ցուցադրության կամ մրցականաբաշխության ընթացքում կրկին տեսնում ես, որ «Մոսկվա» կինոթատրոնում երկու բարձրախոս կա. մեկը աշխատում է, իսկ մյուսը՝ ոչ այնքան: Ու կրկին գուշակում, որ ոչ լավ աշխատող բարձրախոսով ասված տեքստի մեծ մասը տեխնիկական խոտանով է լինում: Մարդը խոսելու է, իսկ դու չես ընկալելու: Ակամայից հարց է ծագում. ինչո՞ւ է մարդը եկել հասել Հայաստան ու խոսում, եթե իր խոսքը պետք չի: 

Իրականում, ամեն բան կախված է մատուցումից: Լուրջ մատուցես, լուրջ կընկալվի, իմիջիայլոց մատուցես՝ արժեքը կընկնի: Եվ շատ տխուր է, որ «Ոսկե ծիրանում» ընկնում է այն արժեքը, որը հենց փառատոնն է սահմանել, բայց հիմա չգիտես ինչու՝ արդեն չի էլ կարեւորում:

«Ոսկե ծիրան» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը այս տարի բեմ դուրս եկավ ու ազդարարելով փառատոնի փակումը՝ բոլորին հրավիրեց նշելու այդ փաստը ռեստորանում: Մինչդեռ հենց «Ոսկե ծիրանի» որոշմամբ մի քանի րոպե անց պետք է կայանար փառատոնի փակման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Նամուսի» ցուցադրությունը: Բայց սեփական ընտրությունը գովաբանելու ու որպես ձեռքբերում ներկայացնելու փոխարեն հրավերը ուղղվեց սկզբունքորեն այլ մի միջոցառմանը: Եվ հայկական կինոարտադրության օրիգինալ նմուշներից մեկը խամրեց ու պարզապես կորավ այդ մոտեցման մեջ: «Նամուսը» դատապարտված էր միայնության ու զոհաբերվելու, եթե պետք չէր անգամ փառատոնի նախագահին: Եթե փառատոնի նախագահն այն դիտել չէր պատրաստվում,:

Պարզ օրենք կա. եթե ուզում ես, որ գնահատվի արածդ, ինքդ էլ եղիր առաջին դիտողը, անգամ եթե քեզ քիչ մարդ կմիանա. Ի վերջո, որոշ մարդիկ սիրելով ու հարգելով Հարություն Խաչատրյանին՝ կարող էին նրա օրինակին հետեւել ու դիտել ընտանեկան ու անձնական արժեքների մշտական հակասությունը ու կարծրացումը զննող «Նամուսը»:  Բայց նախագահն արել էր իր ընտրությունը, եւ այդ ընտրությունը «Նամուսի» ու «Ոսկե ծիրան» շահերից չէր բխում: Եվ ընդհանրապես հասկանալի չէր, թե ում շահերից էր բխում:

Իհարկե, շատ բարդ է տարիներ շարունակ գծագրել փառատոնն ու միաժամանակ պաշտպանել սեփական գծագիրը՝ առանց կանխատեսելու, թե երբ եւ ինչ է հարկավոր շտկել: Դրա համար թերեւս ոչ թե պետք է անտեսել ու պաշտպանվել խնդիրներից, այլ մի քանի քայլ առաջ նայել:

Նորագույն լեզվով ասած՝ թրենդները գուշակել:

Եվ եթե մի քանի տարի առաջ հայտարարվել էր կինոդպրոցի ստեղծման մասին, բայց այդ կինոդպրոցը ոչ մի կերպ չի կայանում, եւ առաջին հերթին կինոդպրոցի ջատագովներն են անտարբեր իրենց գաղափարի հանդեպ ու ամեն կերպ խուսափում են հարցերից, ուրեմն կա՛մ գաղափարն է ժամանակավրեպ, կա՛մ էլ կատարողներն են ոչ հմուտ: Բայց երկու դեպքում էլ՝ ինչ-որ բան պետք է վերանայվի:

Ընդհանրապես շատ բան պետք է վերնայվի, թեկուզեւ մանր թվացող այն հարցերը, որոնք նսեմացնում ու տեղայնացնում են լավ նախաձեռնությունները:

Անցյալ տարի, օրինակ, անձամբ ես երկար ու բարդ բանակցություններից հետո փորձեցի հարցազրույց անել լավագույն ռեժիսորներից մեկի՝ չինացի Չժանգեի հետ: Կարծես թե ստացվում էր, բայց փառատոնի հրավիրած թարգմանիչը որոշեց, որ հավես չունի թարգմանել հարցերն ու պատասխանները եւ ասաց՝ հերիք է, բարդ հարցեր մի՛ տուր: Ընդ որում՝ ասաց՝ ոչ թե մի՛ տվեք, այլ՝ մի՛ տուր: Երեւի դա էլ ընտանեկան-մտերմիկ մոտեցման արդյունք էր: Բայց ամեն դեպքում՝ վատ արդյունք էր: Ավելի ճիշտ՝ փակուղի տանող արդյունք, որով հպարտանալը հավասար է սեփական գործի վրա խաչ քաշելու:

«Ոսկե ծիրանը» հանդիսատես ձեւավորեց, եւ հիմա թերեւս պետք է ուժ գտնի հանդիսատեսի հետ «դուք»-ով խոսելու: Ե՛վ հայաստանյան, եւ՛ արտասահմանյան հանդիսատեսը, որը Երեւան է գալիս, կինոն ոչ թե որպես նվեր, այլ իր առօրյայի մասնիկ է ընկալում: Ոչ թե որպես ճոխ հյուրսասիրություն, այլ՝ ամենօրյա մի պատառ հաց:

Անգամ եթե դա չափազանցություն է, լավ կլինի, որ փառատոնի կազմակերպիչներն այդպես էլ կարծեն, քանի որ հենց դա կլինի մի քանի քայլ առաջ կատարվելիք շարժումը: Նվերն ու հյուրասիրությունը չեն քննարկվում ու քննադատվում, դրանք կա՛մ ընդունում ես, կա՛մ ոչ:

Իսկ չքննարկվելն ու անվերապահ ընդունվելը դեմ է կինոյի (եւ ընդհանրապես արվեստի) էությանը: Համենայնդեպս՝ կինոն չեն հյուրասիրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter