
Բասենում թանկ էներգակիրներն ապագայում կփոխարինվեն արեգակնային էներգիայով աշխատող սարքավորումներով
Շիրակի մարզի Բասեն համայնքում ցածր ածխածնային տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի ներդրման ծրագրի արդյունքում արդեն երկրորդ տարին է մանկապարտեզը ջեռուցվում եւ տաք ջրով ապահովվում է արեւային ջրատաքացուցիչների միջոցով: Մանկապարտեզի հարեւանությամբ, 60 քմ-ի վրա էլ ստեղծվել է ջերմոց, որտեղ աճեցված լոլիկն ու վարունգը հիմնականում ներառվում են փոքրիկների սննդակարգում:
«Շենք-շինությունների էներգաարդյունավետության միջոցառումների եւ արեւային ջրատաքացուցիչ համակարգի կառուցում ու շահագործում համայնքներում» ծրագրի մեկնարկը Բասենում տրվել էր 2013-ի մարտին: UNDP-ի կողմից ֆինանսավորվող ծրագրին, որի արժեքը մոտ 34 հազար դոլար է, իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքը՝ 15 հազար դոլարի չափով:
«Մեր ներդրումն եղել է նաեւ աշխատուժի տեսքով: Մենք նպատակ էինք դրել կոտրել կարծրատիպը, թե Շիրակի մարզում հնարավոր չէ ստեղծել ջերմոցային տնտեսություն ու ստանալ դրական արդյունք: Ջերմոցի ծրագիրն իրականացրել ենք «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի հետ,- ասում է Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը,- «Երրորդ բնություն» ՀԿ-ի տնօրեն Ռաֆայել Մխիթարյանի հետ էլ փորձարկել ենք ջերմային պոմպի նոր տեխնոլոգիան, որը -20-25 աստիճանի դեպքում, բայց արեւ լինելու պայմաններում, պաղ օդը վերածում է տաք օդի եւ նույնիսկ դրսում ցուրտ լինելու դեպքում հնարավոր է ունենալ տաք ջուր»:
Համայնքապետի հաշվարկով արեգակնային տեխնոլոգիաների ներդրմամբ իրենք մոտ 1 մլն դրամի խնայողություն են արել: Բացի դրանից, հնարավորություն են ունեցել մանկապարտեզի անխափան գործունեությունն ապահովել նաեւ ձմռանը: Խնայած գումարներից մանկապարտեզի համար նոր համակարգիչ են գնել: Որպես ծրագրի բարձր արդյունավետության ցուցանիշ՝ Համլետ Պետրոսյանը մատնացույց է անում 60 քմ տարածքից իրականացրած բերքահավաքը՝ 440 կգ բերք են հավաքել: Ծրագրի շրջանակում կառուցվել է կալիֆորնիական որդերի մինի ֆերմա:
Ծրագրի շրջանակներում 12 ընտանիք Բասենում տեղադրել են արեւային ջրատաքացուցիչներ, իսկ համայնքապետը նույն տեխնոլոգիայով մոտ 250 քմ մակերեսով ջերմոց է ստեղծել: Գազիֆիկացումից զուրկ համայնքում ջեռուցման այլընտրանքային տարբերակի կիրառման ցանկություն հայտնողների թիվն ավելացել է: Բասենի համայնքապետն ասում է, որ մեկ տարի առաջ ներդրված փորձի արդյունավետությունն է պատճառը: «Ես համոզված եմ, որ շատ շուտով Բասենում թանկ էներգակիրները կփոխարինվեն արեգակնային համակարգով աշխատող սարքավորումներով»,- նկատում է Համլետ Պետրոսյանը:
Ծրագրի հաջողությունից ոգեւորված՝ բասենցիները ստեղծել են «Բասեն» համայնքային զարգացման հիմնադրամ եւ արդեն հասցրել 44 հազար դոլարի աշխատանքներ իրականացնել: Հաջորդ քայլը կալիֆորնիական որդերի մինի ֆերմայի ընդլայնումն է լինելու: Դա հնարավորություն կտա հողի փխրեցման, պարարտանյութով հարստացման սեփական բազան ունենալ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել