
Պատգամավորը դատի է տալիս Վճռաբեկ դատարանի նախագահին
Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանը քաղաքացիական հայցով դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և նույն դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Սպարտակ Մելիքյանը:
Նա ֆինանսական փոխհատուցում չի ուզում, պարզապես պահանջում է, որ Արման Մկրտումյանը և Դավիթ Ավետիսյանը հրապարակայնորեն իրենից ներողություն խնդրեն: Սպարտակ Մելիքյանն ասում է, որ հույսը չի կորցնում ներպետական ատյաններում, սակայն, եթե Հայաստանի դատական մարմիններն իր հայցը չբավարարեն, դիմելու է Եվրադատարան:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 4-ին՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին, Սպարտակ Մելիքյանն իմ ելույթում մտահոգություն էր հայտնել ՀՀ դատական համակարգում տիրող «որոշ խիստ մտահոգիչ իրողությունների վերաբերյալ»՝ դրանք որակելով որպես մեր երկրի և ժողովրդի ապագան վտանգող երևույթներ:
Պատգամավորը քննադատել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և Դավիթ Ավետիսյանին՝ ընդգծելով, որ դատական համակարգի կոռուպցիոն լծակներն իրենց ձեռքում կենտրոնացրած նշված պաշտոնյաների անձնական շահադիտությամբ և կոնկրետ հրահանգով են կայացվում գրեթե բոլոր դատական որոշումներն ու վճիռները:
«Այդպիսով շարքային դատավորների մեծամասնությունն այսօր զրկված է որևէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու հնարավորությունից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից»,- հայտարարել էր պատգամավորը:
Վճռաբեկ դատարանի պատասխանը չէր ուշացել: Դատարանի պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածվել, որում ակնարկ էր եղել նաև Սպարտակ Մելիքյանի հորը վրաերթի ենթարկելու փաստով դատարանում գտնվող քրեական գործի վերաբերյալ:
«Փաստորեն, Սպարտակ Մելիքյանը, հանդիսանալով դատարանում քննվող քրեական գործով դատավարության մասնակից, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու նպատակով, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատությանն ուղղված միջամտություն է»,- ասված էր Վճռաբեկ դատարանի տարածած հաղորդագրության մեջ:
Սպարտակ Մելիքյանը համոզված է, որ իրականում իր հայտարարության մեջ որևէ ակնարկ չէր արել իր հոր մահվան գործին և ընթացող դատավարությանը: Հենց այս փաստն էլ զայրացրել է պատգամավորին ու դրդել դիմել դատարան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել