Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը
Պարզաբանում
«ՀԵՏՔ» էլեկտրոնային կայքում 10.08.15 թվականին զետեղված «Գազաբալոնից մինչև պայթյուն տանող շղթան. Որտե՞ղ է թույլ օղակը» հոդվածի վերաբերյալ
Կիսելով հեղինակի մտահոգությունները ավտոգազալիցքավորման ճնշակայանների և գազաբալոնների շահագործման անվտանգության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ` միևնույն ժամանակ անհրաժեշտ և նպատակահարմար ենք գտնում հանդես գալ հետևյալ պարզաբանմամբ:
Խնդիրներ ու թերություններ այս բնագավառում, իհարկե, կան, և ոչ ոք դա չի հերքում, սակայն թե' ՀՀ կառավարությունը և թե' պատկան մյուս մարմինները մեծ ուշադրություն են դարձնում դրանց և փորձում գտնել լուծման տարբերակներ: Հայաստանում այս բնագավառը, ճիշտ է, կարգավորվում է տարբեր գերատեսչությունների կողմից, սակայն գործառույթները տարանջատված են, ինչի մասին նշում է նաև հեղինակն իր հոդվածում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ավտոգազալիցքավորման ճնշակայանների և գազաբալոնների շահագործման անվտանգության ոլորտը, աշխատանքներ իրականացնում առկա օրենսդրական դաշտն արդիականացնելու, այսօրվա պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ, իրականացնում ուսումնասիրություններ, կազմակերպում քննարկումներ շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` առկա բոլոր խնդիրները վեր հանելու և դրանց շտկման ուղիները գտնելու համար: Արդյունքում վեր են հանվել և նախարարության կողմից ՀՀ կառավարությանն են ներկայացվել ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում առաջարկներն իրականացնելու և առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:
Մասնավորապես`
Խնդիր 1. ԱԳԼՃԿ-ին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանում
Ավտոգազալիցքավորման ճնշակայաններին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1101-Ն որոշմամբ, ինչը չի համապատասխանում այսօրվա իրականությանը, արդի պահանջներին և չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգման առարկա, քանի որ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որով սահմանված են արտադրանքի (գործընթացների) վերաբերյալ տեխնիկական պահանջները, այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը, պիտակավորմանը, գրանցմանը ներկայացվող պահանջները, այնինչ ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N1101-Ն որոշմամբ սահմանված են այլ նորմեր, մասնավորապես` շահագործման կանոններ:
Նշված որոշմամբ և ՀՀ կառավարության այլ որոշումներով սահմանված չեն, թե որոնք են ԱԳԼՃԿ-ի կառուցման և շահագործման գործընթացների համար կոնկրետ լիազոր մարմինները: Մասնավորապես, որոշմամբ սահմանված ԱԳԼՃԿ-ի կառուցման նպատակով հողամասի տրամադրման, կառուցապատման, նախագծի մշակման, փորձաքննության և շինարարական թույլտվության համար լիազոր մարմինները յուրաքանչյուր գործընթացի համար տարբեր են, և ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմիններ սահմանված չեն:
Ավտոգազալիցքավորման ճնշակայանները տեխնիկական կանոնակարգման առարկա չեն հանդիսանում նաև Եվրասիական տնտեսական միության օրենսդրության համաձայն, քանի որ դրանք ներառված չեն Մաքսային միության Հանձնաժողովի 28.01.2011թ. N 526 որոշմամբ հաստատված պարտադիր պահանջներ (տեխնիկական կանոնակարգեր) նախատեսող արտադրանքի միասնական ցանկում:
Արդյունքում, ելնելով Հայաստանի և ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներից, ԱԳԼՃԿ-ի համար տեխնիկական կանոնակարգերով անվտանգության նորմեր չեն կարող սահմանվել:
Առաջարկ
ա/ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1101-Ն որոշումը:
բ/ ԱԳԼՃԿ-ն դիտարկել որպես արտադրական վտանգավոր օբյեկտ` կատարելով համապատասխան փոփոխություն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և այդ օրենքից բխող այլ իրավական ակտերում, որոնցում անհրաժեշտ է ներառել ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N1101-Ն որոշմամբ սահմանված որոշ դրույթներ, մասնավորապես՝ դրույթներ, որոնք կվերաբերեն ԱԳԼՃԿ-ների շահագործման պահանջներին և բաշխիչ աշտարակների հետ մեկտեղ ավտոտրանսպորտային միջոցներին տրամադրվող բնական գազի ճնշման մակարդակը սահմանափակող հատուկ սարքի առկայության վերաբերյալ:
Պատասխանատու` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Խնդիր 2. Գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների մասով`
Գազաբալոններին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N2388-Ն որոշմամբ, ինչը չի համապատասխանում այսօրվա պահանջներին և չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգման առարկա, քանի որ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որով սահմանված են արտադրանքի (գործընթացների) վերաբերյալ տեխնիկական պահանջները, այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը, պիտակավորմանը, գրանցմանը ներկայացվող պահանջները, այնինչ ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N2388-Ն որոշմամբ սահմանված են այլ նորմեր, մասնավորապես` տեղադրման կանոններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչությանը վերապահված է տվյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների վերահսկողությունը, սակայն ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների անվտանգության նորմերի պահպանման պրակտիկ վերահսկողության լծակների բացակայությունը անհնար է դարձնում վերահսկողության իրականացումը վերապահված գործառույթների շրջանակներում և առանց անհանգստություն պատճառելու տրանսպորտային միջոցների վարորդներին:
Առաջարկ
ա/ ավտոտրանսպորտային միջոցը ապահովագրելուց և տեխնիկական զննում անցնելուց առաջ նախատեսել ավտոմեքենայի գազաբալոնների պարտադիր փորձարկված լինելու պահանջ՝ կատարելով համապատասխան փոփոխություններ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն և 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշումներում:
բ/ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N2388-Ն որոշումը:
գ/ շուկայում շրջանառության մեջ գտնվող գազաբալոնների փորձարկման և տեղադրման գործընթացները համարել լիցենցավորման ենթակա գործընթացներ: Նշվածն ապահովելու նպատակով.
- լրացում կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, որով կնախատեսվի գազաբալոնների փորձարկման և տեղադրման համար լիցենզավորման նոր տեսակ,
- մշակել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ, որով ՀՀ կառավարությանը կվերապահվի գազաբալոնների փորձարկման և տեղադրման ընթացակարգերը սահմանելու լիազորությունը:
Պատասխանատու` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ) և ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն:
Խնդիր N3. Նոր արտադրված և ներմուծվող գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանում
Տեղադրված և տեղադրվող գազաբալոնների փորձարկումներն իրականացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված փորձարկման լաբորատորիաները և սերտիֆիկացման մարմինները, ինչը հակասում է հավատարմագրման և համապատասխանության գնահատման սկզբունքներին:
Հաշվի առնելով, որ շրջանառության մեջ գտնվող գազաբալոնների փորձարկման և տեղադրման գործընթացն առաջարկվում է իրականացնել լիցենզավորվող կազմակերպությունների միջոցով, ապա բաց են մնում նոր արտադրվող և ներմուծվող գազաբալոնների անվտանգության նորմերի սահմանման և դրանց համապատասխանության գնահատման գործընթացները:
Առաջարկ
ա/ մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել գազաբալոնների անվտանգությանը ներկայացվող պահանջները սահմանող տեխնիկական կանոնակարգ, որը կվերաբերի միայն նոր արտադրվող և ներմուծվող գազաբալոններին և որում կնախատեսվի գազաբալոնների պարտադիր համապատասխանության գնահատման պահանջ:
բ/ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը կիրականացնի հավատարմագրում միայն ՀՀ-ում արտադրող և ՀՀ ներմուծող կազմակերպությունների արտադրանքը փորձաքննություն իրականացնող փորձարկման լաբորատորիաներին և սերտիֆիկացման մարմիններին:
Պատասխանատու` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ինչ վերաբերում է Հայաստանում ստեղծված փորձարկման առաջին լաբորատորիայի («Էքսպերտ Թեչ» ՍՊԸ) տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն արված առաջարկություններին, պետք է նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը միշտ պատրաստ է լսել, քննարկել արված առաջարկությունները և երբեք անուշադրության չի մատնում այն առաջարկները, որոնք հնարավոր է կիրառել:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել