Երևանն ու Կահիրեն կարող են քույր քաղաքներ դառնալ
Եգիպտոսի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարը Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով քննարկել Երևանն ու Կահիրեն քույր քաղաքներ դարձնելու հեռանկարը, ինչին Վանո Վարդանյանը դրական է արձագանքել:
Հուսամ Նասսարին վստահեցրել է, որ Եգիպտոս վերադառնալուց հետո Կահիրեի քաղաքապետին կներկայացնի Երևանի հետ համագործակցության նոր առաջարկներ՝ մշակութային, քաղաքաշինության, զբոսաշրջության և այլ բնագավառներում:
Նոյեմբերի 4-ից 11-ին Հայաստանում անցկացվում են եգիպտական մշակույթի օրեր: Նախատեսվում են օպերային ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ:
Վանո Վարդանյանն իր գոհունակությունն է հայտնել Եգիպտոսում Հայաստանի մշակույթի օրերն անցյալ տարի բարձր մակարդակով կազմակերպելու համար և վստահեցրել, որ Երևանն էլ է արել հնարավորը, որ եգիպտական մշակույթի օրերն անցնեն հավուր պատշաճի:
Փոխքաղաքապետն կարևորել է հայ-եգիպտական հարաբերությունների համատեքստում Երևանի ու Կահիրեի միջև ձևավորված ջերմ և բարեկամական գործակցությունը, այդ թվում նաև մշակութային փոխգործակցությունը:
Հուսամ Նասսարին ընդգծել է, որ Եգիպտոսի հայ համայնքը ծանրակշիռ դերակատարում ունի երկրի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում: Նա ասել է, որ բավականին տպավորված է մայրաքաղաքի քաղաքաշինական լուծումներով և բարեկարգման նկատելի աշխատանքներով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել