HY RU EN

Շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ՝ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի համար

Oգոստոսի 25-ին Սյունիքի մարզի Լեհվազի գյուղապետարանում տեղի կունենա «ԷլՎի գոլդ մայնինգ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրի գետի միջին հոսանքի աջ ափում, Վարդանաձոր գյուղից 4կմ դեպի հյուսիս-արևմուտք, Երևան-Մեղրի-Իրան ավտոմայրուղուց 2.5կմ և Մեղրի երկաթգծի կայարանից 20 կմ հեռավորության վրա: Հանքավայրը տեղադրված է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան հատվածի 1200-1700մ բացարձակ բարձրությունների վրա:

«ԷլՎի գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն նախատեսում է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի տարածքում կատարել երկրաբանական լրահետախուզական աշխատանքներ մինչև 390մ խորությամբ հորատանցքերի հորատմամբ և դրանցից ստացված տվյալների համադրում նախկինում ստացված տվյալների հետ: Նախատեսվում է հորատել 68 հորատանց` ընդհանուր 15213 գծ/մ երկարությամբ: Նմուշների լաբորատոր բոլոր ուսումնասիրությունները կատարվելու են Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքի SGS լաբորատորիայում:

Դիտարկվող տարածքը գտնվում է Մեղրու ֆլորիստական շրջանում: Այս շրջանը, ընդհանուր առմամբ, ընդգրկում է Արաքս գետի միջին հոսանքի ավազանը (ՀՀ սահմանում) և հյուսիսից սահմանափակված է Մեղրու լեռնաշղթայով, իսկ հարավից, արևմուտքից և արևելքից Հայաստանի պետական սահմանով: Շրջանի բուսականությունը ներկայացված է կիսաանապատով, սակավանտառներով (վաղանցուկ և գիհի), կաղնու անտառներով, ալպիական և մերձապլիական մարգագետիններով, հարուստ մերձափնյա բուսականությամբ: Ֆլորան ներկայացված է մեծ թվով հազվագյուտ բույսերի տեսակներով, Հայաստանի բույսերի Կարմիր գրքում (2010) ընդգրկված են 96 տեսակներ, որոնք աճում են շրջանի տարածքում:

Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «ԷլՎի գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն գրանցվել է Հայաստանում 2010թ.-ին: Միակ բաժնետերը «ԷլՎի գոլդ լիմիթեդ» ՍՊԸ-ն, որը գրանցված է Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում: Տնօրենը Դմիտրի Ուշկովն է:

Սակայն բաժնետերերի փոքր-ինչ այլ պատկեր է տալիս «Գլոբալ մեթալզ» ընկերության պաշտոնական կայքը: Համաձայն դրա՝ 2007թ.-ի սեպտեմբերին Հայաստանի հանքարդյունաբերության  ոլորտ մուտք գործեց «Գլոբալ մեթալզ» ընկերությունը և սկսեց Արմանիսի ոսկի-բազմամետաղային, Դաստակերտի պղինձ-մոլիբդենային և Լիճքվազ-Թեյի ոսկի-պղնձային հանքավայրերի շահագործումը հանքարդյունաբերության ոլորտում երեք ձեռնարկությունների` «Սագամար» ՓԲԸ-ի, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի և «ԷլՎի Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի միջոցով: 

Հիշեցնենք, որ հանքը նախկինում պատկանում էր գործարար Սիլվա Համբարձումյանին: Կառավարությունը հետագայում նրան զրկեց հանքը շահագործելու լիցենզիայից և «ԷլՎի գոլդ լիմիթեդ»-ն աճուրդով ձեռք բերեց հանքը:

Թե ովքեր են «ԷլՎի գոլդ լիմիթեդ» ՍՊԸ-ի թիկունքում, կանդրադառնանք առաջիկայում: