HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ կտա «Հանրապետության հրապարակ» մետրոյի մոտ հյուրանոցի կառուցումը

Մայրաքաղաքի էկոլոգիական բնութագիրը խիստ մտահոգիչ է և առաջացնում է երևանցիների դժգոհությունը: Հիմնական պատճառը քաղաքում իրականացվող հակաէկոլոգիական քաղաքաշինությունն է: Վերջին տարիներին սկսվեց Երևան քաղաքի այսպես կոչված կետային կառուցապատումը՝ բարձրահարկ շենքերով, ռեստորանային, առևտրային և այլ համալիրներով, հիմնականում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և բակերի հաշվին:

Կառուցապատման նմանատիպ խտացումը հանգեցրեց էկոլոգիական և սեյսմիկ ռիսկերի աճին, և Երևանը կորցրեց իր կանաչապատ տարածքների համակարգված ցանցը, իսկ Գետառի հունի փակումը և Ավանի հիդրոտեխնիկական կառույցի գործունեության խաթարումը հանգեցրին հեղեղումների ու դրանց ռիսկի աճին:

Այսպիսով, ներկայումս ստեղծվել է վտանգավոր փակ շղթա. կառուցապատման խտացումը բերում է կոմունալ համակարգի և փողոցների գերծանրաբեռնվածությանը: Ուստի, ճանապարհները ընդլայնվում են նոր կանաչ տարածքների հաշվին, զարգանում է ստորգետնյա ուրբանիզացիան՝ մեծացնելով սեյսմիկ ռիսկերը:

Թվարկված խնդիրներից հետևում է, որ Երևան քաղաքում և հատկապես կենտրոնում պետք է դադարեցնել որևէ նոր կառուցապատում: Սակայն ս.թ. հուլիսի 21-ին Երևանի քաղաքաշինական խորհուրդը իր հերթական նիստում «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայանի հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման որոշում ընդունեց: Հյուրանոցի կառուցումը հավանության արժանացավ նաև ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում:

Բնապահպանների կարծիքով՝ հյուրանոցի կառուցումն առաջ է բերելու քաղաքի համար լուրջ խնդիրներ: Այն ավելացնելու է խցանումները, որի պատճառով ավելի շատ է աղտոտվելու է օդային ավազանը, ազդելու է քաղաքի պատմամշակութային տեսքի վրա, ինչպես նաև առաջ են գալու էկոլոգիական և առողջապահական խնդիրներ:

Հասարակական կազմակերպությունների դիմումով Երևանի Օրհուս կենտրոնում (Չարենց 46)՝ պետական, հասարակական, ԶԼՄ և մի շարք այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին , տեղի կունենա քննարկում «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայանի տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման վերաբերյալ:

Որպես բանախոսներ հանդես կգան «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կ. Դանիելյանը, ճարտարապետ Գ. Սուխուդյանը: Ելույթ կունենան նաև Երևանի քաղաքապետարանի և այլ պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Երևանի Օրհուս կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter