HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարո՞ղ է արդյոք հեքիաթ լինել բանտում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մտովի տեղափոխվում եմ «Հետքի» խմբագրություն, նստում պատուհանի կողքի համակարգչի մոտ ու գրում ամենշաբաթյա նամակս Ձեզ: Ամեն անգամ հոդված-նամակներս գրելիս՝ մտովի շնորհակալություն եմ հայտնում «Հետքի» աշխատակազմին, չեմ դադարում զարմանալ, թե ինչպես «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ինձ տրամադրեց մարդկանց հետ այս ձևով երկխոսելու բացառիկ հնարավորություն: Արդեն մեկուկես տարի հանդիպում ենք մի էլեկտրոնային գրային միջավայրում, որը նույնիսկ չեմ տեսել (բանտում ինտերնետն արգելված է):

Եթե ասեմ, որ անսպառ թվացող ժամանակի մեջ ժամանակի սով եմ զգում, չզարմանաք: Հա՛, հա՛, 24 ժամանոց երկրային օրը ծրագրերս անելու համար այնքան քիչ է: Ուզում եմ ամեն ինչ հասցնել՝ և՛ դասերս, և՛ հոդվածներս, և դատական դիմումներս, և՛ Լեռ Կամսարի թարգմանությունը, և՛ զբոսանք ճաղապատ երկնքով խցում, և՛ մարմնամարզություն, և՛ գեղարվեստական գրքերի ու մամուլի ընթերցանություն, և՛ նամակներ գրել:

Շուտով կհանձնեմ իրավագիտության ֆակուլտետի քննություններս ու կտեղափոխվեմ 4-րդ կուրս: Դատական գործերս տանում եմ առաջ՝ ինքնուրույն գրելով բողոքները: Չնայած 20 տարի միայն մերժումներ եմ ստանում, այդուհանդերձ շարժվում եմ առաջ. համակերպվելն ինձ համար չէ: Դեպի Ազատություն Ելք կա, պարզապես այն գտնել է պետք: Աղոթում եմ, գործում: Կարդում եմ Ձեր գրառումները, երբ ինձ մամուլի քաղվածքներն են հասնում: Ամենաշատը ինձ հուզում է այն, որ աղոթում եք իմ ազատության համար: 

Բացեմ մի գաղտնիք. նոր պատմվածք է ծնվել մտքումս: Գաղափարը վաղուց կար, հասունանում էր: Աշխատանքային վերնագիրը «Բանտային հեքիաթ» եմ դրել: Միանգամից տրամաբանական հարց եք տալիս՝ կարո՞ղ է արդյոք հեքիաթ լինել բանտում՝ անազատության մեջ: Ինձ համար գտել եմ պատասխանը՝ հեքիաթը ծնվում է Սիրուց: Իսկ Սերը ապրում է մարդու ներսում: Հենց մարդու ներսում ապրող սիրո մասին է պատմվածքը, որը բանտել անհնար է:

Աշնանը ծրագրել եմ տպագրել իմ պատմվածքների ժողովածուն, որտեղ կլինեն հայերեն ու ռուսերեն գրված հին ու նոր գեղարվեստական ստեղծագործություններս, քանի որ գիտեմ՝ գրեթե բոլոր գրքերը սպառվել են: Նորից շնորհանդես կլինի, ու ես Ձեզ էլի կժամանդրեմ երևանյան սիրուն տեղերից մեկում:   

Մեծ հաճույքով կարդացել եմ Լեռ Կամսարի թոռնուհու՝ սիրելի Վանուհի Թովմասյանի Ջերմուկից ուղարկած նամակը, որտեղ մեր զրուցը շարունակվում է: Վանուհին իմ հարցերին է պատասխանում, ես էլ՝ իր: Կարծում եմ՝ այդպես մենք բոլորս միասին ենք զրուցում, քանի որ շոշափվող թեմաները հուզում են հասարակության տարբեր շերտերին:

Վերջերս հեռուստացույցով մի քաղաքագետ ասում էր, որ «հասարակություն» բառը դրական էմոցիա չունի, քանի որ արմատը հասարակն է, ինչն իր մեջ, ասես, նվաստացնող տարր է պարունակում: Նա ասում էր, որ այդ բառը հատուկ է հորինվել, որ ժողովուրդի ենթագիտակցության մեջ ինքնաընկալումը, ինքնագնահատականը լինի ցածր: Լեզվամտածողությունն, իհարկե, կարևոր դեր է խաղում մարդկանց կյանքում, սկայն հենց այս բառի կապակցությամբ, կարծում եմ՝ ավելի հավանական է, որ այն  իր մեջ պարունակում է պարզ լինելու իմաստը: Ինձ ավելի շատ հուզում է, օրինակ, այն, որ եկեղեցականները հավատացյալների խումբը հոտ են անվանում, իսկ իերնք իրենց հովիվներ… այս հարցերին կանդրադառնամ առաջիկա նամակներումս…

Սիրելի Վանուհի, նամակներից մեկում հարցրել էիր՝ արդյոք զգեստապահարան ունեմ: Ասեմ, որ դժվար ճանապարհ եմ անցել, մինչև թույլատրել են ունենալ մի փոքրիկ զգեստապահարան:  

Այստեղ միայն սև գույնն էին թույլատրում, այն էլ միայն սպեցովկայի տեսքով (դատապարտյալի հագուստն է, որը մինչ օրս ստիպում են հագնել, երբ «վերևներից» մարդ է գալիս): Բազմաթիվ դիմումներ գրեցի, մինչև նույն մեկուսարանի սոցիալ-հոգեբաններն ընդունեցին, որ սևը, որպես կանոն, ընկալվում է մռայլ, ողբերգական տրամադրություն ստեղծող գույն, սովորաբար հագնում են թաղումների ժամանակ: Ավելին, հոգեբանները ճշտել են, որ սևը հաճախ ընտրում են դեպրեսիվ մարդիկ: Ուսումնասիրություն է կատարվել և պարզել են, որ Հայաստանում մարդկանց մեծամասնությունը նախընտրում է հենց սև գույնի հագուստը, մանավանդ հիշում եմ, որ ձմեռանը փողոցներում սևազգեստ մարդիկ էին գերակշռում: Հիմա է՞լ է այդպես: Հակառակ դրան` եվրոպական երկրներում գերակշռում են ծիածանի գույները:

Հագուստի գույնը ուղիղ կապված է մարդու ներքին վիճակի հետ: Հագուստը, իմ կարծիքով, մեր հոգու ոճավորված տեսակն է: Ցավոք, հետազոտությունները ցույց են տվել, որ երջանկության ցուցանիշով մենք նորից շատ հետ ենք մնում: Կարծում եմ՝ մարդու, ընտանիքի երջանկությունն այսպես թե այնպես կապված է ողջ հասարակության տրամադրության հետ:

Կար ժամանակ, Վանուհի ջան, օրինակ՝ ձմռանը այստեղ՝ բանտում, մեզ թույլ չէին տալիս մեկ սվիտրից ավելի ունենալ: Երբ մտնում էին խուզարկության, պահում էինք միակ տաք հագուստը՝ ով որտեղ կարող էր: Պատմվածքներիցս մեկում գրել եմ, թե ոնց էի մի անգամ սվիտրիս թևքերը ածելիով կտրել ու տեղավորել ռադիոընդունիչի մեջ (թևքերով չէր տեղավորվում): Այդ անգամ ժիլետ դարձած սվիտրս չգտան:

Սիրելի Վանուհի, հատ-հատ առանձնացրել եմ քո հարցերը, չեմ մոռացել նաև պատժի իրագործման մասին հարցդ: Կպատասխանեմ անպայման: Նաև գրել էիր՝ ինչ օգուտ, որ մտահոգվում ես անազատության մեջ դատական սխալի հետևանքով հայտնվածների համար: Երբեք մի ասա այդպես, քանի որ այն հոգևոր կերակուրը, այն հզոր դրական լիցքերը, որ փոխանցում ես դու, մյուս ընթերցողները, անգնահատելի են: Ողջերի աշխարհում ապրողներդ եք, որ թռչելու թև, պայքարելու ջիղ եք տալիս Մահվան տնից գրողիս: 

Մեկնաբանություններ (3)

Գագիկ
... հեքիաթը ծնվում է Սիրուց: Իսկ Սերը ապրում է մարդու ներսում: Հենց մարդու ներսում ապրող սիրո մասին է պատմվածքը, որը բանտել անհնար է:... Ողջերի աշխարհում ապրողներդ եք, որ թռչելու թև, պայքարելու ջիղ եք տալիս Մահվան տնից գրողիս:
Հովհաննես
Մհերին միշտ կարդում եմ, երեւի ինքը «Հետք» -ի ամենահաջող պրոեկտն է, չգիտեմ իրենք հասկանում են դա թե չէ: Շատ եմ ուզում, որ Մհեր Ենոքյանը ազատության մեջ լինի, բայց վախենում եմ, որ ինքը դրսի էդ արտաքին ազատությունից շատ բան է սպասում ու երբ դուրս գա, չհուսահատվի, չկոտրվի, էնպես ինչպես չի կոտրվել բանտում: Լիքը մարդիկ կան ազատության մեջ, որ եթե բանտում լինեին, աշխարհում ոչինչ չէր պակասի, բայց Մհերը միանշանակ արժանի է ազատության մեջ լինելու, դրանից մեր իրականությունը միայն կհարստանար.....
լաուրա
Մհեր ջան ամեն անգամ հոդվածներտ կարդալուց հուզվում եմ երբ պիտի քեզ եվ Սողոմոնին տեսնենք ազատության մեջ Եթե չտեսնեմ գոնե կարդամ որ ազատության մեջ եք։ես քեզ ծանոթ եմ հետք թերթից բայց շատ հարազատ եք դու եվ Սողտոմոնը։աղոթում եմ երկուսիտ համար։Աստված ձեզ Պահապան լինի։։։։։։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter