HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Իջեւանի նախընտրական աշունը

Նոյեմբերի 13-ին կկայանան Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններ: Սկզբում թեկնածուները 5-ն էին, սակայն դեռեւս չգրանցված, անկուսակցական, ներկայումս չաշխատող Աշոտ Բեգինյանը թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին գրավոր խնդրեց իր թեկնածությունը չգրանցել:

Հետո գրանցված թեկնածուներ, գործարար, ՀՀԿ Իջեւանի քաղաքային կառույցի ղեկավար Արծրունի Ղալումյանը եւ Իջեւանի քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանը ինքնաբացարկ հայտնեցին: Այժմ համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն են` գործող քաղաքապետ, այս տարվա գարնանը ՀՀԿ-ին անդամագրված Վարուժան Ներսիսյանը եւ ԲՀԿ անդամ, ներկայումս չաշխատող Վարդան Ղալումյանը:

Վարուժան Ներսիսյանը թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած եկամուտների հայտարարագրում իր տարեկան եկամուտների թվում նշել է քաղաքապետի աշխատավարձը` 2 մլն 500 հազար դրամ եւ Եվրախորհրդի կոնգրեսից ստացած 2245 եվրոն: Նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրը կազմել են 10 մլն 650 հազար դրամ, 5 հազար դոլար եւ 17 հազար 690 եվրո: Նա նաեւ սեփականաշնորհված 4 հողամաս է ներկայացրել:

Վարդան Ղալումյանը ներկայացրել է քաղաքաշինության նախարարությունում ունեցած աշխատանքից մնացած 28 հազար դրամ աշխատավարձը եւ գույքի օտարումից առաջացած 20 մլն դրամը: Նա հայտարարագիրը ներկայացնելու օրն ունեցել է 18 մլն դրամ, համատեղ սեփականություն հանդիսացող 0.04 հա հողամաս, անհատույց օգտագործման իրավունքով 85 քմ մակերեսով մի բնակարան Իջեւանում եւ երկու մարդատար ավտոմեքենա: Իջեւանցիներն ասում  են, որ Վարուժան Ներսիսյանը Իջեւանում մեծ թվով տարածքներ ունի, սակայն դրանք գրանցված են այլոց անուններով:

Տավուշի մարզկենտրոնում, քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի են ունենում կանխատեսելի իրադարձություններ: Դրանք կայանում  են 4 տարին մեկ` ինչպես օլիմպիական խաղերը: Համայնքի ղեկավարի ամեն ընտրությունից առաջ քաղաքապետարանի «Իջեւան» պաշտոնաթերթը լույս է տեսնում գունավոր եւ ամբողջապես նվիրվում է քաղաքապետ Վ. Ներսիսյանի աշխատանքների գովքին: Որքանո՞վ է օրինական, որ համայնքի բյուջեի միջոցներով տպագրվող թերթը նախընտրական պաթոսով գովազդում է Վարուժան Ներսիսյանի գործունեությունը:

Իջեւան քաղաքի օրը նույնպես նշվում է քառամյակը  մեկ, քաղաքապետի ընտրություններից առաջ: Այդ տոնը «շարժական» է: Նախորդ անգամ Իջեւանում քաղաքի օրը նշվել է 2007 թ. դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը, իսկ դեկտեմբերի 16-ին կայացել էին քաղաքապետի ընտրություններ: Այս տարվա սեպտեմբերի 21-ին Իջեւանում տոնվեց ոչ միայն ՀՀ անկախության 20-ամյակը, այլ նաեւ քաղաքի օրը:

Չնայած պաշտոնապես նախընտրական քարոզչությունը մեկնարկել է հոկտեմբերի 26-ին, սակայն մինչ այդ էլ տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության եթերում արվել է գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի աշխատանքների գովաբանումը:

«Իջեւան ստուդիան», ըստ փաստաթղթերի, պատկանում է Վարուժան Ներսիսյանի եղբոր` Վրեժ Ներսիսյանի կնոջը, սակայն Իջեւանում շատերն են կարծում, որ այն փաստացի քաղաքապետին է: Վարուժան Ներսիսյանը 400 տպաքանակով նախընտրական բուկլետ է տպագրել, որտեղ թվարկել է իր կատարած գործերը:

Այդ ցանկում կան այնպիսի գործեր, որոնք քիչ կապ ունեն քաղաքապետի հետ: Օրինակ` Իջեւանում զինվորականների համար բազմաբնակարան շենքի  կամ զինկոմիսարիատի նոր, երկհարկանի շենքի կառուցումը: Բուկլետի «նախատեսված եւ իրականացման փուլում աշխատանքներ» բաժնում նույնպես  ծրագրեր կան, որոնք քաղաքապետի հետ հեռավոր առնչություն ունեն: Օրինակª նախատեսվում է «ավարտել մարզային դատարանի շենքի կառուցումը»:

Մարզային դատարանի շենքը համայնքը կամ Վարուժան Ներսիսյանը՞ պիտի կառուցեն: Նախատեսվում է «բարեկարգել «Ամենափրկիչ» եկեղեցու շրջակա տարածքը եւ կատարել եկեղեցու բացումը»: Ի՞նչ կապ ունի «եկեղեցու բացումը»: Նախ, եկեղեցին չեն բացում, այլ օծում են, դա Հայ  առաքելական եկեղեցու սպասավորների առաքելությունն է, եկեղեցին էլ գործարար Անդրանիկ Ղազարյանն է կառուցում:

2002 թ. Վ. Ներսիսյանի նախընտրական բուկլետում «ծրագրեր, որոնք իրականացման փուլում են» խորագրի ներքո նա պարտավորվել է` «Իջեւանյան-Ասլանյան-Բլբուլյան փողոցների խաչմերուկում ժամի կառուցում»: 9 տարի է անցել, սակայն Ամենափրկիչ եկեղեցին` «ժամը», չի «բացվել»:

Եթե համեմատում ենք Վ. Ներսիսյանի 2002 եւ 2011 թթ. նախընտրական բուկլետներում տեղ գտած, նախատեսված, իրականացվելիք ծրագրերի ցանկը, շատ ընդհանուր բաներ ենք տեսնում: Երկուսում էլ նշված է մշակույթի տան հիմնանորոգումը, 4-րդ թաղամասի ճանապարհների բարեկարգումը, քաղաքի փողոցների գիշերային լուսավորության վերականգնումը, շենքերի բակային տարածքների բարեկարգումը:

2005-ի եւ 2011-ի նախընտրական բուկլետներում նշված է հարկային մուտքերի ավելացման ծրագիրը: Ներկայումս 20 հազար 600 բնակիչ ունեցող մարզկենտրոնի բյուջեն  գրեթե 2 անգամ փոքր է 16 հազար բնակիչ ունեցող Դիլիջանի բյուջեից: Դրա պատճառն այն է, որ Իջեւանում հողերը փաստաթղթերով էժան են օտարվում:

Ավագանու վերջին` 2011 թ. հուլիսի 25-ի եւ սեպտեմբերի 20-ի նիստերով ավագանին համաձայնություն է տվել քաղաքաշինական նպատակներով, ընդհանուր թվով 134 հողամասեր հատկացնելու եւ ինքնակամ կառուցված շինությունների կարգավիճակը որոշելու մասին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի առաջարկությանը: Այդ ինքնակամ կառույցները մի օրում կառուցվեցի՞ն, ինչո՞ւ 12 տարի պաշտոնավարող քաղաքապետը ժամանակին չի կանխել դրանց շինարարությունը:

Վարդան Ղալումյանը կկարողանա՞ ակտիվացնել ընտրողներինª ներկայացնելով քաղաքի բազում, արդեն մեկ տասնամյակ առկա խնդիրները, եւ իջեւանցիներին համոզել, որ իր ընտրվելու դեպքում դրանք կլուծվեն: Դա էլ կորոշի ընտրությունների արդյունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter