
Օլանդի հետքը Երեւանում
Անի Գևորգյան
Անցած տարվա մայիսի 14-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի երեւանյան այցի ժամանակ Մաշտոցի պուրակի մոտ գտնվող ոչ բարեկարգ կառույցները ծածկվել էին պաստառներով: Օլանդի հեռանալուց հետո այդ պաստառները ամիսներ շարունակ մնացել էին կառույցների վրա: Թիվ 41 տան վրա փակցված պաստառի պատճառով ամիսներ առաջ տան տանիքը վնասվել է եւ տան առաստաղի վրա անձրեւաջրերի հետք է առաջացել: Բնակիչներն այդ հետքն այժմ անվանում են Օլադի հետք:
Թիվ 41 տանը բնակվում է Կարինե Մնացականյանը՝ դստեր եւ դստեր որդու հետ (առաջին լուսանկարում):
Կարինե Մնացականյան. «Բոլորը հիշում են այդ պաստառը, որը փակցվեց մեր տան վրա: Մենք դեմ չէինք որ այն փակցվի»:
Օլանդի հեռանալուց հետո պաստառը երկար ժամանակ մնացել է տան վրա փակցված եւ հանվել է մի քանի ամիս առաջ միայն:
Ուժեղ քամու հետեւանքով դեռեւս փակցված պաստառը, որը պինդ ամրածցած էր տան տանիքին, տեղաշարժվել էր, ինչն էլ վնասել էր տանիքիը:
Կարինե Մնացականյան. «Այդ օրերին էլ ուժեղ անձրեւ էր գալիս: Ջուրը հավաքվեց տանիքում ու մեր առաստաղը ամբողջությամբ թրջվեց»:
Մնացականյանը ցանկացել է այցելել Երեւանի քաղաքապետարան ու պահանջել, որ իր առաստաղը վերանորոգեն, սակայն մտափոխվել է:
Կարինե Մնացականյան. «Մեր ամբողջ տունը վերանորոգման կարիք ունի, մտածեցի, որ այդ հետքն այս իրավիճակում չնչին բան է»:
«Երբ քամին մի քիչ շեղ է փչում, պատի ծեփը դրսի կողմից թափվում է: Այսինքն տան երեսպատման ու լուրջ ամրացման աշխատանքներ է պետք անել»:
Սակայն տան բնակիչները չգիտեն՝ վերանորոգել տունը, թե ոչ:
Կարինե Մնացականյան. «Տարիներ առաջ մեր այս տունը մի ընկերություն պետք է գներ, որ տեղում նոր շենք կառուցեր, բայց հետո ֆինանսական ճգնաժամ սկսեց ու այս տան մասին մոռացան»:
«Մենք չգիտենք՝ հիմա մեր տունը հանրային գերակա շահ է, թե ոչ: Տունը պետք է ամրացնենք, վերանորոգենք, բայց մի օր կարող են գալ ու ասել, որ տունը հանրային գերակա շահ է, ու մեր արած ծախսերը ոչ ոք չի փոխհատուցի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել