HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը 5-6 հա տարածք է հատկացրել վարժահրապարակի կառուցման համար

Նոյեմբերի 7-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցավ առաջին ուղիղ հեռուստակոնֆերանսը Հայաստանի ու Ճապոնիայի միջև:

Հեռուստակոնֆերանսի նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության ու հրդեհաշիջման վարչության միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես Ճապոնիայում հայ մասնագետների վերապատրաստումն ու Հայաստանում վարժահրապարակի կառուցումը:

Կոնֆերանսին մասնակցելու համար Երևան էր ժամանել Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության տարածաշրջանային համակարգող Էջիրի Յուկիհիկոն։ Կոնֆերանսից առաջ նա հանդիպեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին, որը բարձր գնահատեց Ճապոնիայի հետ համագործակցությունը։

Հայաստանից հեռուստակոնֆերանսին մասնակցում էին ԱԻՆ ՀՓԾ փրկարար ուժերի վարչության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչներ ու Երևանի հրշեջ մասերի պետեր: Ճապոնական կողմից կոնֆերանսին մասնակցում էին Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության ու հրդեհաշիջման վարչության աշխատակիցներ:

Շուրջ 1,5 ժամ տևած հեռուստակոնֆերանսի ընթացքում ճապոնացիները ներկայացրին մասնագետների պատրաստման իրենց փորձը, իսկ ՀՓԾ ներկայացուցիչները՝ իրենց սպասելիքներն ու կարիքները:

Եռամյա համագործակցության շրջանակներում նախատեսվում է տարին մեկ անգամ Ճապոնիայում կազմակերպել դասախոսների, հրահանգիչների ու հրշեջ-փրկարարական ջոկատների պահակախմբի պետ սպաների դասընթացներ, որից հետո նրանք կարող են հրահանգավորել իրենց անձնակազմին:

Այդ նպատակով Հայաստանում կառուցվելու է համապատասխան սարքավորումներով ու այլ պարագաներով կահավորված վարժահրապարակ, որի համար արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն 5-6 հա մակերեսով տարածք է հատկացրել: Վարժահրապարակը դեռևս նախագծման փուլում է, դրա վերաբերյալ ճապոնացիների մասնագետները նույնպես կանեն առաջարկություններ, որոնք կօգնեն այն առավելագույնս համապատասխանեցնել ուսումնական ծրագրերին:

Ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու համար Ճապոնիայում վերապատրաստված մասնագետները հնարավորություն կունենան տեսական գիտելիքներն ամրապնդել այնտեղ անցկացվող ուսումնավարժությունների միջոցով:

Հրշեջ-փրկարարական ջոկատների պահակախմբի պետերի առաջին դասընթացը Ճապոնիայում կանցկացվի 2012 թ. փետրվարին, իսկ մինչ այդ հայկական կողմը ճապոնացիներին կներկայացնի վարժահրապարակի նախագիծը, որպեսզի վերապատրաստված մասնագետների՝ հայրենիք վերադառնալուց հետո ուսումնական գործընթացը չընդհատվի, և ԱԻՆ-ն ունենա մասնագետների պատրաստման առավել որակյալ, արդյունավետ ու կայուն համակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter