HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Ռոսնեֆտ Արմենիա»-ն արդեն խոշոր հարկատու է. որքան հարկ են վճարում վառելիքի շուկայի խաղացողները

Հայաստանի այս տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում բենզինի և դիզվառելիքի շուկայում գլխավոր խաղացողների վերաբերյալ հետաքրքիր տվյալներ ենք գտնում, երբ համեմատում ենք 2014-ի առաջին կիսամյակի հետ։ 

Բայց, մինչ ցուցանիշներին անցնելը, հասկանանք, թե վերջին տվյալներով որ ընկերություններն են գերիշխում այս շուկաներում։ 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հանձնաժողովն ավարտել է բենզինի շուկայում այս տարվա ուսումնասիրությունը։ Արդյունքում նաև որոշվել են, թե որ ընկերություններն են ներկա դրությամբ գերիշխող դիրք գրավում։ 

«Ուսումնասիրության շրջանակներում տվյալ ապրանքային շուկայի վերաբերյալ տեղեկատվություն է պահանջվել ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ  հիմնական ներկրողներ են հանդիսանում «Ֆլեշ» և «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ընկերությունները: Հանձնաժողովը վերը նշված 2 տնտեսվարողներից տեղեկատվություն է պահանջել նախորդ տարվա ներկրման և իրացման ծավալների վերաբերյալ: Համաձայն ներկայացված տվյալների, Հանձնաժողովը 2015 թվականին «Բենզին» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող է համարել «Ֆլեշ» և «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ընկերություններին: 

2014 թվականի տվյալներով՝ «Բենզին» ապրանքային շուկայում «Ֆլեշ»-ը իրացման ծավալներով զբաղեցնում է շուկայի 49,98%-ը, իսկ «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 50,02%-ը: Երկու տնտեսվարողները միասին զբաղեցնում են «Բենզին» ապրանքային շուկայի 100% -ը»,-  տեղեկացրեց Գ. Սահակյանը: 

Ըստ նրա՝ դիզվառելիքի շուկայում ևս պատկերը նույնն է։ Գերիշխում են այս երկու ընկերությունները։ 

ՏՄՊՊՀ-ի հին տվյալներով (2010թ.)՝ այս երկու շուկաներում գերիշխում էին «Ֆլեշ»-ն ու «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն։ Իրականում, գերիշխողները նույնն են մնացել, քանի որ «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ը պատկանում է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի տերերին։ «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ի ապրանքանիշը ևս  CPS-ն է։

Իսկ հիմա հարկերի մասին։ 2015թ. առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում այս շուկաներում գործող ընկերություններից առաջինը հանդիպում ենք «Ֆլեշ» ՍՊԸ-ի անունը՝  7-րդ տեղում։ Այս ընկերությունը վճարել է մոտ 5,946 մլրդ դրամի հարկ։  2014-ի առաջին կիսամյակի համեմատ այն վճարած հարկերի չափն ավելացրել է ավելի քան 300 մլն դրամով, սակայն 6-րդ հորիզոնականից իջել է 7-րդ։ 

Հաջորդը «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ն  է՝ այս անգամ 10-րդ տեղում։ Պետությանը վճարել է ավելի քան 4 մլրդ դրամի հարկ։  Հարկերի չափը նվազեցրել է 350 մլն դրամով և դիրքը զիջել 1 հորիզոնականով։ 

Հաջորդ անունը, թերևս, ամենահետաքրքիրներից է այս տարվա ցանկում՝ «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ։ Այն ռուսական նավթարդյունաբերության գիգանտ «Ռոսնեֆտ»-ի http://www.rosneft.ru/ ներկայացուցիչն է Հայաստանում։   Այս ընկերությունը նախորդ երկու տարիներին չի եղել խոշոր հարկատուների ցանկում։ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք, որ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն Հայաստանում գործում է 2013-12-19-ից։ Իսկ որպես հիմնադիր նշված է  «Ռոսնեֆտ Տեխնո Ս.Ա» ՍՊԸ-ն։ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է այս տարվա առաջին եռամսյակում, սակայն վճարել է ընդամենը 21 մլն դրամի հարկ ու զբաղեցրել 933-րդ տեղը։  Երկրորդ եռամսյակում, փաստորեն, այն թռիչքային վերելք գրանցել՝  910 հորիզոնականով (զբաղեցրել է 23-րդ տեղը)։ Սա նշանակում է, որ նավթագազային այս ընկերությունը վերջնականապես ամրապնդել է դիրքերը Հայաստանում։ Այս կիսամյակ վճարել  է 2,181 մլրդ դրամի հարկ։ Այդ ամբողջ գումարը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից, իսկ մաքսային մարմինների կողմից առհասարակ չի հավաքագրվել։ 

ՀՀ մաքսային ծառայության մաքսային վիճակագրության  արխիվից տեղեկանում ենք, որ նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 325 հազ. տոննա նավթամթերք (այդ թվում՝ դիզվառելիք և բենզին), որից 223 հազ. տոննան, այսինքն՝ մոտ 69%-ը Ռուսաստանից։ Եվ միայն մոտ 7%-ը (22,7 հազ. տոննա)՝ Ռումինիայից, 1,7%-ն էլ՝ Բուլղարիայից (մոտ 5,5 հազ. տոննա)։ Սրանք հիմնական երկրներն են, որտեղից Հայաստանը բենզին ու դիզվառելիք է ներկրում։ 

2014-ին նախորդող տարիներին ևս այս երկրներից է ներկրվել, սակայն տոկոսային հարաբերությունը բոլորովին այլ է եղել։ Մասնավորապես, 2013-ին Ռուսաստանին բաժին է ընկել մոտ 30%-ը, Ռումինիային ևս մոտ 30%-ը, Բուլղարիային՝ մոտ 14%-ը։ Այսինքն՝ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ի հաստատվելուց հետո ռուսական նավթամթերքը Հայաստանում հետ է մղել բուլղարականն ու ռումինականը։ Պաշտոնական տվյալներով՝ «Ռոսնեֆտ- Արմենիա»-ն չի համարվում գերիշխող ներկրող։ Բացի այդ էլ, եթե այն ներկրող համարվեր, ապա հարկերի մեծ մասը ոչ թե հարկային մարմինների կողմից կհավաքագրվեին, այլ՝ մաքսային։  Դա նշանակում է, որ այն, այսպես կոչված, միջնորդ ընկերություն է գերիշխող ներկրողների՝ «Ֆլեշ»-ի և «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ի և ռուսական «Ռոսնեֆտ»-ի միջև։ Ամեն դեպքում, արդյունքում ստացվում է, որ ռուսական նավթամթերքը, որը վաճառում է «Ռոսնեֆտ»-ը, հայաստանյան շուկայում գերիշխում է։ Որոշ հայ տնտեսագետներ պնդում են, որ այս ընկերությունն իր ձեռքն է վերցրել Հայաստանին նավթամթերք վաճառելու մենաշնորհը։ 

Սա էլ իր հերթին նշանակում է, որ ռուսական տնտեսությունից Հայաստանի կախվածությունն ավելի է մեծացել։ Իսկ այդ կախվածության հետևանքներին ամեն անգամ ավելի լավ ենք ականատես լինում, երբ Ռուսաստանում տնտեսական վիճակը վատթարանում է, և դա անմիջապես բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Լինում է նաև հակառակը՝ երբ ռուսաստանյան տնտեսական վիճակը բարելավվում է, դա դրական է անդրադառնում հայաստանյան տնտեսության վրա։ Այս երկրորդ տարբերակին, ցավոք, քիչ են ականատես լինում։ 

Բենզինի և դիզվառելիքի հայաստանյան շուկայում հայտնի են նաև «Մաքսհուր» ՍՊԸ-ն ու «Ռան-Օյլ» ՍՊԸ-ն՝ իրենց լցակայաններով։ 

Նրանք ավելի համեստ դիրքերում են խոշոր հարկատուների ցանկում։  «Մաքսհուր» ՍՊԸ-ն  183-րդ տեղում է։ Վճարել է  305 մլն դրամ։ Նախորդ տարի  173-րդ տեղում էր՝ 313 մլն դրամով։ 

«Ռան-Օյլ» ՍՊԸ-ն էլ այս անգամ վճարել է   մոտ 117  մլն դրամ և հայտնվել 432-րդ տեղում։  Նախորդ տարի 436-րդ տեղում  է եղել՝ 124 մլն դրամով։ 

Իսկ «Միկա Քորփորեյշն»-ը, որը ժամանակին ևս հայտնի էր իր լցակայաններով, վերջնականապես նահանջել է։ Այս տարվա առաջին կիսամյակում այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում չկա։ Ամբողջ 2014-ին վճարել է 1,876 մլրդ դրամ։  Հայտնի է, որ «Միկա Քորփորեյշն»-ի տեր Միխայիլ Բաղդասարովն իր ընկերության ոչ միայն լցակայաններն ու նավթի բազաներն, այլև՝ գրասենյակային տարածքները  վաճառել է «Ռոսնեֆտ»-ին և դուրս եկել շուկայից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter