HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում հանգստանալը թանկ հաճույք է

Լիլիթ Թադևոսյան

Ամռան գալը շատերի համար առաջացնում է հետևյալ հարցը՝ որտե՞ղ գնալ հանգստանալու, և հանգստի վայր ընտրելու ուսումնասիրությունները շատերին են կանգնեցնում երկընտրանքի առաջ՝ հանգստանալ Հայաստանում, թե՞ Հայաստանից դուրս: Նկատի ունենալով մեր երկրում աշխատավարձերի չափերի տխուր պատկերը՝ բոլոր հանգստի մեկնողներն էլ ցանկանում են հանգստի համար ընտրել առավել մատչելի տարբերակ, ինչը, սակայն, հիմնականում Հայաստանի հանգստավայրերի օգտին չի լինում:

Կատարելով փոքրիկ ուսումնասիրություն՝ կարելի է նկատել, որ Հայաստանի հանգստավայրերում հանգիստը շատ թանկ արժե և Հայաստանում, օրինակ, Ծաղկաձորում, Սևանում կամ Դիլիջանում հանգստանալ կարող են հարուստները և ընդամենը մի քանի օրով սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիները:

Համեմատելով Հայաստանի հանգստավայրերը Հայաստանից դուրս գտնվող հանգստավայրերի հետ՝ դրանց գների միջև նկատվում է զգալի տարբերություն:      

Օրինակ՝  Ծաղկաձորում մեկ օրվա համար միջին կարգի հյուրանոցի երկտեղանոց համարն արժե 35 000 դրամ, Սևանում՝  40 000 դրամ, Դիլիջանում՝ 35 000:

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը ծով չունի և հայերիս միակ մխիթարությունը  Սևանա լիճն է, ապա շատերը կցանկանային հանգստանալ Սևանի ափին, սակայն այստեղ, բացի դրանից, որ հյուրանոցներն են շատ թանկ, նույնիսկ լողափերն են վճարովի և ընդամենը մի քանի հանրային լողափը չի կարող ամբողջությամբ բավարարել  գոնե մեկ օրով Սևանի ափին հանգստանալու բազմաթիվ քաղաքացիների պահանջները: 

Եվ այս պայմաններում հայաստանցիներն ավելի քիչ գումար ծախսելով՝ իրենց ամառային հանգիստն անցկացնում են Հայաստանից դուրս՝ հարևան Վրաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում և այլուր:

Համեմատելու համար նշենք, որ Աթենք մեկնելու համար 7-օրյա հանգիստն արժի  470 եվրոյին համարժեք դրամ, որի մեջ մտնում է  ավիատոմս, հյուրանոց, նախաճաշ:

Իսկ 1 շաբաթ Բաթումիում հանգստանալու համար վճարում են 76 հազար դրամ, որի մեջ մտնում է ճանապարհածախսը, հյուրանոցը՝ երեքանգամյա սնունդով:

Բացի դրանից, Բաթումիում լավ  պայմաններով տան վարձակալության մեկ օրվա արժեքը մոտ 20 000 դրամ է, իսկ Քոբուլեթիում՝ երեքանգամյա սնունդով հյուրանոցում մեկ օրվա արժեքն 7000 դրամ է:

Ընդամենը պարզ թվաբանական հաշվարկն ապացուցում է, որ այսպիսի պայմաններում Հայաստանում երբեք չի կարող տուրիզմ զարգանալ, երբ աշխարհի պատմական մեծ հետաքրքրություն ներկայացնող երկրներում հանգիստն անցկացնելը կրկնակի էժան արժե, քան Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter