HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարհուրելի է հայ մարդու այս ճակատագիրը…

Վահե Սարգսյան

2014 թ. ամառն էր: Իրիկունը տուն վերադառնալով՝ նկատեցի, որ կինս ու Աստղիկս ինչ-որ տեղ են շտապում: «Ու՞ր», - իմ այս հարցին կինս պատասխանեց, որ Աստղիկի մանկապարտեզի ընկերների մայրերով հավաքվում են ինչ-որ սրճարանում: «Աշխարհն աշխարհով, դուք ձեր քեֆերով», - սրտնեղեցի ես: «Առիթ կա, հենց էնպես չենք հանդիպում. Աստղիկի մանկապարտեզի ընկերներից միանգամից 5 ընտանիք օգոստոսին գնում են Ռուսաստան, գնում ենք հրաժեշտ տանք», - արձագանքեց կինս: «Ո՞նց, ինչու՞, հիմնակա՞ն են գնում…», - իմ հարցական հայացքին ստացա հետևյալը. «Դե ինչպես մյուսները, ամուսինների գործերը դասավորվել են, իրենք էլ գնում են, արդեն երեխեքին հանել են մանկապարտեզից, հա՛, հիմնական, էդ ո՞ր մի գնացողն է հետ եկել…»:

Բազմաթիվ խնդիրներով լեցուն իմ օրվան այսքանն էլ հերիք էր, որ այլևս ոչինչ չխոսեի, առանձնանայի ու ատամներս սեղմած սկսեի մտորել, մտորել ու կրկին մտորել:

«… Պապա՛, գիտե՞ս, էսօր Հայկոյենք գնում են Ռուսաստան, շաաա՜տ հեռու, էսօր Հայկոն վերջին անգամ է գալիս մանկապարտեզ»,- մանկապարտեզի ճամփին արտասանած Աստղիկիս այս խոսքերը նույնպես լուռ տարա, սեղմված ատամներով ու նյարդացունց հուզմունքով:  Մանկապարտեզի դռան մոտ երեխաները՝ Աստղիկն ու Հայկոն, հանդիպեցին իրար ու սկսեցին ուրախ թռչկոտել, մանկան ճիչերով կատարել դաստիարակների ուսուցանած ֆիզիկական շարժումները: Մանկան խաղերից հրճվանք ապրելու փոխարեն խռոված հոգիս ստիպեց արագորեն հեռանալ, ավելի ճիշտ՝ փախչել այդ տեսարանից…

«Պապա՛, գիտե՞ս, էսօր էլ Մելքոնիկենք են գնում Ռուսաստան, շաաա՜տ հեռու, էսօր Մելքոնիկը վերջին անգամ է գալիս մանկապարտեզ»… «Պապա՛, գիտե՞ս, էսօր էլ Անուլիկենք, Հռիփսոյենք, Գոռիկենք….», - մինչև օգոստոս այսպես ամեն առավոտ Աստղիկս մանկական իր այս շարադրանքով շարունակում էր թունավորել առավոտս, խոսքեր, որ ոչնչացնում էին ոչ միայն ազգային, այլև տղամարդկային հպարտությունս և «փրկությունս» տեսնում էի այդ անիծյալ օրերի ավարտի մեջ: Հուսով էի, որ Աստղիկը շուտով կմոռանա ու այլևս չի հիշեցնի իր խաղընկերների մասին, կգտնի նոր ընկերներ, կբացվեն նոր առավոտներ ու ամեն ինչ կմոռացվի: Անգամ որոշել էի գրի առնել այս ամենը, սակայն օգոստոսյան լարված օրերն ստիպեցին ինձ հետ կանգնել իմ այդ մտադրությունից. հասարակությանն ավելորդ անգամ տխուր հույզերով որոշեցի չծանրաբեռնել:

Անցավ օգոստոսը, մեղմացավ լարվածությունը, գյուղից վերադարձավ Աստղիկս, և այն հույսերը, որ նա այլևս չի հիշեցնելու ինձ այդ մասին, ի չիք դարձան: Հենց առաջին առավոտվանից նա կրկին խոսեց իր ընկերների բացակայությունից և… խոսում է արդեն մի տարի.  «Պապա՛, գիտե՞ս, Հայկոյենք, Հռիսփսոյենք, Մելքոնիկենք էլ չեն գալու, իրենք Ռուսաստանում են, հեռուուուու՜, շաաա՜տ հեռու, մաման իրենց մամաների հետ է խոսում, ասում է, որ նրանք բոլորը գնում են մանկապարտեզ ու էլ հայերեն չեն խոսում, պապա՛, գիտե՞ս, ես հայերեն եմ խոսում, իսկ իրենք ռուսերեն ու էլ իրար չենք հասկանալու…»:  

Հայրենիքին ու ազգին վրա հասած դժբախտությունները շահարկելուն ու հայրենաբաղձ խոսքերով աղմուկ բարձրացնելուն այնքան էլ կողմնակից չեմ, ավելին՝ իմ սրտին հարազատ է լուռ ու գլխիկոր աշխատելու և հաջողություններ գրանցելու ոճը: Անգամ համացանցային գրառումներ չեմ կատարում: Սակայն այս մի դեպքում չկարողացա, և այս գրառումը մի անիմաստ փորձ էր, որով ցանկացա մեղմել մանկան անմեղ շուրթերով ամեն առավոտ ինձ պատճառված ցավը, Աստղիկիս խաղընկերներին վերադարձնելու անզորության զգացումները, զգացումներ, որոնցից դառնում ես հանցավոր ու ամեն առավոտ  հիշում Վանի 1915 թ. ինքնապաշտպանության օրերին քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի արևմտահայ պատգամավոր, հայտնի դաշնակցական գործիչ, 1921 թ. սկզբին բոլշևիկների կողմից ձերբակալված և բանտում իր գաղափարակից ընկերների կացնահարման ու գնդակահարման ականատես, փետրվարյան ապստամբության միջոցով բանտից ազատված Հայկակ Կոսոյանի հայտնի տողերը, խոսքեր, որոնք դաջվել են նրա հոգում ազատվելուց հետո կրկին Երևանի բանտ այցելելու և գնդակահարված ընկերների մարմինները բաց փոսում լցված տեսնելու պահին. «Զարհուրելի է հայ մարդու այս ճակատագիրը… Ես մեղապարտ և հանցավոր, ծածկեցի դեմքս, շուռ եկա աստիճաններով դեպի արևի լույսը: Այդ պահին գանգիս մեջ փոթորիկ կար: ԵՍ ՀԱՆՑԱՎՈՐ ԷԻ…»:  

Հանցավոր եմ ես նույնպես, և այդ մասին ինձ ամեն օր հիշեցնում է իմ Աստղիկը: Նա յուրաքանչյուր առավոտս թունավորելու միջոցով պատժում ինձ՝ իր ընկերների հեռանալու օրերին ցուցաբերած իմ անգործության, իմ անզորության համար… Անգամ այս շաբաթներին, երբ նա իմ կողքին չէ, պատշգամբից դեպի մանկապարտեզ մեկ հպանցիկ հայացքս անգամ բավական է, որ կրկին հիշեմ…

Հ.Գ. Վերջերս մանկապարտեզի տնօրինությունը շենքի բակում՝ գեղեցիկ պատվանդանի վրա, տեղադրեց ՀՀ պետական դրոշը. հիանալի նախաձեռնություն, որն ուրախություն ու հպարտություն պատճառեց ինձ առաջին իսկ օրից: Սակայն այն ամենն, ինչ տեղի է ունենում շուրջբոլորս ու հատկապես մանկապարտեզում, հիշեցնում է մեր Հայրենիքը լքած փոքրիկ Հայկոյին, Մելքոնիկին, Գոռիկին ու մյուսներին, բոլոր նրանց, որոնց գլխին հավիտյանս ծածանվելու է օտար դրոշը: Եվ կրկին մթագնում է հոգիս և ստիպում ինձ փախչել մանկապարտեզից, անգամ մեր պանծալի դրոշից, փախչել ինքս ինձնից…

Լուսանկարը՝ Անի Գևոորգյանի

Մեկնաբանություններ (1)

Հայ
Հիշում եմ, որ առաջին անգամ հուզվեցի մոտ 8 տարեկանում (հուզմունքն ինձ համար դեռ խորթ զգացում էր այդ տարիքում), երբ մեր հարեւանը ընտանիքով տեղափոխվեց Ռուսաստան: Մեր մեջ ասած՝չէի էլ սիրում նրանց... Տարիների ընթացքում գնացողները շատացան, բայց ես դրան չսովորեցի, դեռ ավելին՝ ավելի ու ավելի ծանր եմ տանում հայրենիքից արտագաղթելու երեւույթը... Այո՛, գուցե Վահեի նման ինքս էլ ինձ մեղավոր եմ զգում ամեն մեկի առջեւ առանձին, մեղավոր, որ դեռ չունենք այն երկիրը, այն պետությունը, որը լքելու պատճառը ֆինանսը չի լինի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter