HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Գ․Կոստանյանին, Ա․Հովսեփյանին եւ Կ․Անդրեասյանին

Երեւանի բնակիչ Արմենուհի Ավագյանը բաց նամակ է գրել Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Քնչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։ Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակը նույնությամբ։  

Բաց   նամակ 

Հարգելի  պարոնայք  հայցում  եմ  Ձեր  օգնությունը  արդարության  հասնելու   համար:

ՀՀ  քննչական կոմիտեի  Արաբկիրի  վարչական  շրջանի  քննչական  բաժնի  վարույթում է  գտնվում   Երևան քաղաքի  Հրաչյա  Քոչարի  փողոցի    14/3  շենքի  բակում   2015թ.  հունիսի  11-ին, ժամը  01-ի   սահմաններում  կատարված  դեպքի   առթիվ հարուցված քրեական գործը:

«Լաերթ-Ռոբ» ՍՊԸ-ի  տնօրեն՝  մեծահարուստ   Արթուր  Դավթյանը   կործանեց  մեր   նորաստեղծ  ընտանիքը: Բոլորովին   վերջերս  էր, որ իմ  ամուսնու հետ տեղափոխվել էինք   բնակվելու   Երևան քաղաքի  Հրաչյա  Քոչարի  փողոցի    14/3  շենքի   35   բնակարանում, սակայն  այսօր  այդ  հանցավոր  ընտանիքից     իմ   ու   իր   կյանքը  և  առողջությունը  փրկելու  փորձ  արած  ամուսինս   չի կարող  վերադառնալ  տուն, քանի  որ  կա  մտավախություն, որ  մեծահարուստ  Արթուր  Դավթյանը   կարող  է կրկին    վնաս  հասցնել  նրա  կյանքին և առողջությանը:  Անվտանգությունց  ելնելով   ես նույնպես  փոխել եմ իմ բնակության վայրը:      

 2015թ. հունիսի  11-ին՝ գիշերվա  ժամը 01-ի սահմաններում, տանը  քնած էինք:  Արթնացանք ավտոմեքենայի բարձր  ազդանշանի ձայներից  և    երբ  մոտեցանք   լուսամուտին,    նկատեցինք, որ     Արթուր   Դավթյանը  հարբած  վիճակում   իր BMV X-6   մակնիշի  ավտոմեքենայով բարձր   ազդանշաններ  է  տալիս:  Դրանից մի քանի  րոպե  անց  Արթուր  Դավթյանին   մոտեցավ   մեր երրորդ  հարկի հարևան  Հրանտը,  որի  հետ   մի  քանի  րոպե բարձր   զրուցելուց  հետո    Արթուրը նկատեց, որ  մենք  լուսամուտից  նայում ենք:  Նկատելով մեզ  նա խուլիգանական  արտահայտություններով  իմ ամուսնուն  կանչեց  ներքև, ասելով  «Արի   գծագիրդ  գծեմ, թե  սրանից  հետո  որտեղ  պետք  է  կանգնեցնես ավտոմեքենադ», այն  դեպքում երբ  մեր  ավտոմեքենան  ընդհանրապես  իրեն չի  խանգարել: Հետո  պարզվեց, որ  իրեն բոլորից  բարձր դասող   Արթուր Դավթյանը  իմ ամուսնուց պահանջելու էր, որպեսզի  մեր  ավտոմեքենան չկայանի    շենքի բակի այդ հատվածում, որպեսզի  այդ  տեղում իր ավտոմեքենան   կայանի    մեր  երրորդ հարկի հարևան  Հրանտը:  Դրանից հետո  իմ  ամուսինը հագնվելով  շորերը    իջավ  շենքի  բակ, նրա   հետևից մի  քանի  վարկյան անց   իջա  նաև  ես:  Ամուսինս  հասնելով շենքի բակ  Արթուրին առաջարկեց  բարձր  չխոսել,   քանի  որ   ուշ ժամ  է  և  առաջարկեց   նստել  ավտոմեքենան:  Երբ  ամուսինս  փորձեց բացել ավտոմեքենայի  դիմացի  դուռը,  Արթուրը   նրան հայհոյանքներ  տվեց  և    հրեց  գցեց  ավտեմեքենայի  մեջ,  ասելով   «աչքիս  ինձ լավ  չես  ճանաչում»,  որից  հետո  վազելով  գնաց և   իր  ավտոտնակից  վերցրեց   երկաթե ձողի նման մի առարկա  և  վրա  գալով դրանով հարվածեց  ամուսնուս,  իսկ  երկրորդ հարվածը կպավ  ինձ  պատճառալով մարմնական վնասվածք:  Հարվածից  ստացել եմ    կրծքավանդակիս   D9  ողի   կոտրվածք  և  ընկնելով  գետնին  սկսել  եմ  օգնություն կանչել: Դրանից  հետո  Արթուրը  զանգահարել և  կանչել  է   իր  որդուն  և դրանից  մի  քանի   վարկյան անց  տեսել  եմ,  թե  ինչպես  են   նրան    մոտցել  երկու  տղաներ, որոնք  հավանաբար   Արթուրի  երկու որդիներն էին,  և սկսեցին ծեծել  իմ ամուսնուն:  Ամուսինս  մի  քանի հարվածներ  ստանալուց  հետո   հազիվ  կարողացավ փախնել նրանց  ձեռքերից: Մտածելով, որ  ամուսինս  բարձրացել  է  տուն, ես ևս  բարձրացա  տուն, սակայն   բարձրանալով տուն ներքևից  դարձյալ լսեցի  հայհոյանքի ձայներ  և երբ  մոտեցա  լուսամուտին տեսա, թե  ինչպես Արթուրը երկու երիտասարդների հետ խուլիգանական հայհոյանքներ   տալով  քարերով   վնասում են շենքի բակում կայանված   մեր  ավտոմեքենան: Տեսնելով  այդ,   ես  վերևից Արթուրից  խնդրեցի չվնասել  ավտոմեքենան,   սակայն  նա  այդ   ժամանակ    ավտոմեքենայի վրայից  պոկելով պետհամարանիշը   հայտնեց, որ  իբր  մենք այլև   ավտոմեքենա  չունենք: Դրանից  հետո  ես   լացելով  իջել եմ ներքև   և  շենքի մուտքի  մոտ հանդիպել  եմ  Արթուրին, որը  ինձ չէր  թույլ տալիս  դուրս  գալ  և  սպառնալիքներ  տալով ու   հարվածներ հասցնելով   պահանջում  էր  հայտնել,  թե  ուր  է  փախել  ամուսինս,   ասելով, որ   միևնույն   է սպանելու  է  նրան:Այդ պահին    շենքի մուտք   մտավ ամուսինս   և  երբ    նա  փորձեց   պաշտպանել ինձ   նրան    կրկին  ծեծի  ենթարկեցին:  Դեպքից  անմիջապես հետո  ես   եկել եմ  ոստիկանություն և   հաղորդում տվել կատարվածի մասին:  Դրանից  հետո  Արթուրը   տեղեկանալով, որ  ես  դիմել  եմ ոստիկանություն,    մի քանի  ժամ անց   գնացել է  հիվանդանոց, որտեղ ձևակերպել  են, որ  իբր գլխի  հատվածում  ստացել է  ծանր մարմնական վնասվածքներ:

Ես  չեմ հավատում, որ  Արթուրը  գլխի  հատվածում  ծանր վնասվածքներ  է ստացել,  քանզի     դեպքից  տասնհինգ օր անց՝ 26.06.2015թ.   տեսել  եմ,թե   ինչպես   է նա    շենքի բակում զրուցել  հարևանների հետ    և  ավտոմեքենա  վարում,  իսկ  գլխից  ծանր  մարմնական վնասվածքներ ստացած  անձը բնականաբար  չէր  կարող   դեպքից մի  քանի   օր  անց  ավտոմեքենա վարել:

Տարօրինակն այն է, որ  ՀՀ  քննչական կոմիտեի  Արաբկիրի  վարչական  շրջանի  քննչական  բաժնի  կողմից  արդեն   մի քանի   ամիս  է  չի    բացահայտվել   դեպքի  մասնակից  երրորդ  անձի  ինքնությունը,  այդ  խուլիգանների   նկատմամբ մեղադրանքներ  չեն առաջադրվել  և  ինձ   տուժող չեն ճանաչել:

Կասկածներ  ունեմ, որ  իմ ստացած   մարմնական  վնասվածքների վերաբերյալ կարող  է  տրվել  օբյեկտիվ   դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, քանի որ դատաբժշկը շատ  վատ ընդունեց  այն փաստը, որ հետազոտման արդյունքների  համաձայն  իմ մոտ հայտնաբերվել  է      կրծքավանդակի  կոտրվածք:

Տարօրինակ  է  նաև  այն, որ   իր  և  իր կնոջ  կյանքը  և առողջությունը  փրկելու   փորձ  արած ամուսնուս  մեղադրում են  ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ  հոդվածի  1-ին մասով   նախատեսված  հանցագործություն կատարելու համար, իսկ   իմ առողջությանը   վնաս պատճառած  անձին  որևէ  մեղադրանք  չեն առաջադրում:

Կա  մտավախություն,  որ  դեպքի  ականատեսները  չեն  համարձակվի  Արթուր   Դավթյանի  և  նրա  որդիների  կատարած   արարքի  վերաբերյալ   ցուցմունքներ  տալ: 

Արդեն  մի քանի ամիս  է  սպասում եմ   իրավապահ մարմինների կողմից խնդրի արդարացի լուծմանը, որը սակայն օր-օրի առավել անիրատեսական դառնալով հանգեցրել է հիասթափության, սպառել հավատս  և բաց նամակով Ձեզ դիմելու առիթ հանդիսացել:

Հարգելի  պարոնայք  միթե այդ  անձանց  կատարածը հանցագործություն չէ, միթե  այդ  կերպ կարելի է կործանել  երիտասարդ ընտանիքի   և  միթե  իր  և  իր  կնոջ  կյանքն ու  առողջությունը փրկելիս  մարմնական վնասվածք  պատճառելու  համար կարելի է  մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ  հոդվածի  1-ին մասով նախատեսված  հանցագործություն կատարելու համար: 

 Հասկանում եմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով  մեծահարուստ  և  ազդեցիկ  անձանց  արարքները դժվար  են  բացահայտվում, քանի որ շատերը  վախենում են   նրանց  դեմ ցուցմունքներ  տալ, սակայն դիմելով  Ձեզ  խնդրում եմ  օգնել   արդարադատության հասնելու, օբյեկտիվ փորձաքննություններ կատարելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության  ենթարկելու  համար: 

Արմենուհի  Անդրուշի  Ավագյան

/հասցե՝ ք. Երևան   Վ. Վաղարշյան  փողոց  22  շենք  16   բնակարան/ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter