
5 տոկոս տոկոսադրույքով եւ 7 տարի մարման ժամկետով վարկեր շիրակցի գործարարներին
Օգոստոսի 1-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Գյումրի կատարած այցի ժամանակ նրան ուղեկցում էր շվեյցարահայ գործարար, բարերար Վարդան Սրմաքեշը: Վերջինս տեղեկացրեց, որ պատրաստվում է 10 մլն դոլար ներդնել Գյումրիում: Կվարկավորվեն շիրակցի մանր եւ միջին բիզնեսով զբաղվող այն գործարարները, ովքեր տնտեսական ծրագրեր կներկայացնեն: Շվեյցարահայ գործարարի ներդրումը լինելու էր իր իսկ կողմից ստեղծած «Արմսվիսբանկից» տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով եւ 7տարի մարման ժամկետով վարկերի տրամադրումը:
Այսօր «Արմսվիսբանկի» ղեկավար Գեւորգ Մաչանյանը Գյումրու քաղաքապետարանում հանդիպեց Շիրակի մարզի մոտ 30 գործարարների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ քաղաքապետ Սամվել Բալասանյանն, ով նշեց, որ կառավարությունն եւս աջակցում է այս ծրագրին եւ տրամադրելու է 2 մլն դոլար:
«Ծրագրերը պետք է լինեն իրատեսական եւ պիտի կապված լինեն նոր աշխատատեղերի ստեղծման հետ, ոչ թե մտածեք, որ վարկը վերցնելու եք ձեր նախորդ վարկի պարտքերը փակելու համար,-նկատեց Սամվել Բալասանյանը,-աշխատատեղերի ավելացման խնդիր է դրված, խրախուսվում են ոչ միայն առկա բիզնեսի ընդլայնմանը միտված, այլեւ զրոյից սկսվող ծրագրերը»:
Գյուղատնտեսության զարգացման, գյուղմթերքի վերամշակման, տեքստիլ արդյունաբերության, ինչպես նաեւ տուրիզմի զարգացման ոլորտներում կարող են գործարարները առաջարկվող վարկը ներդնել, տեղեկացրեց Գյումրու քաղաքապետը:
«Արմսվիսբանկի» ղեկավար Գեւորգ Մաչանյանն էլ շեշտեց, որ այս ծրագրի շրջանակներում վարկավորվող կազմակերպություններն առաջին երկու տարին միայն տոկոսներն են մուծելու եւ միայն սկսած 3-րդ տարուց կլինեն գանձումներ մայր գումարից: Գումարները տրամադրում են սկսած 50 հազար դոլարից: Վարկը մասնավոր է եւ տրամադրողը ռիսկերն հաշվի է առնում՝ գրավադրումը լինելու է պարտադիր պայման:
«Վարկ վերցնողն էլ իրենք պիտի գնահատեն իրենց ռիսկերը եւ ասենք, եթե կարող են տեղավորվել երեք կամ հինգ տարում, ապա իմաստ չունի վարկը ձեւակերպել յոթ տարով»,-նշեց Գեւորգ Մաչանյանը:
Հանդիպմանը ներկա գործարարները խոսեցին իրենց ունեցած հին տեխնիկան նորով փոխարինելու, ինչպես նաեւ արտադրանքը արտաքին շուկաներ հանելու դժվարությունների մասին: «Լենտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գոմցյանի համոզմամբ, հատկապես աղետի գոտու գործարարներին ոչ թե պետք է վարկ տրամադրել, թեկուզ ցածր տոկոսադրույքով, այլ անհատույց գումարներ, որը կօգնի վերջնականապես ոտքի կանգնելու:
Գյումրու քաղաքապետն ասաց, որ կոնկրետ ինքը, որպես բիզնեսմեն մտադիր է բանկին ծրագիր առաջարկել եւ առայժմ ուսումնասիրություններ է կատարել կարտոֆիլի պյուրեների գործարանային արտադրության ոլորտում:
«Մեր մարզում ամեն տարի մեծ քանակությամբ կարտոֆիլ է արտադրվում, սակայն ամբողջապես չի իրացվում, տարի է լինում, որ նաեւ չեն կարողանում արտահանել: Իսկ ինչու ասենք դա չվերածել պատրաստի ճաշատեսակի եւ արտահանել,-նկատեց Սամվել Բալասանյանը-դրսում ոչ մեկը մեր նման կարտոֆիլը չի խաշում, մաքրում, ճզմում, որ հետո նոր պյուրե սարքի: Իրենք պատրաստին են գերադասում, որ միայն տաքացնեն: Կարծում եմ արժի այդ ուղղությամբ մտածել: Եվ նոր աշխատատեղեր կստեղծեվեն, եւ գյուղացու արտադրանքը չի մնա փչանա»:
Մեկնաբանել