HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ կրթություն է անհրաժեշտ երեխաներին

Բարձրագույն կրթությունը բարեկեցիկ և երջանիկ կյանքի ճանապարհն է: Երեխաներին բարձագույն կրթություն ստանալու հնարավորություն տալով` ծնողները ոչ միայն լավ կարիերա են ապահովում նրանց համար, այլ օգնում են, որ հասարկությանն օգտակար անդամների թիվն ավելանա, քանի որ բարձրագույն կրթությամբ մարդիկ ապագայում կկարողանան բարելավել առողջապահությունը, արագացնել նորարական տեխնոլոգիաների ներդրումը և կլինեն բիզնեսի լավ կառավարիչներ:

«HSBC»-ն հրապարակել է «Կրթության արժեքը» շարքի իր երկրորդ հաշվետվությունը: Հաշվետվությունը ուսումնասիրություն է՝ պարզելու, թե ինչպես կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին նպատակներին հասնելու գործում և ինչ ակնկալիքներ և հույսեր ունեն իրենց երեխաների կրթությունից: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծնողների մեծամասնությունը ձգտում է իր երխաներին հնարավորություն տալ կարիերա ստեղծել ինչպես ավանդական ոլորտներում, ինչպիսիք են` բժշկությունը, ինժեներական գործը, իրավաբանությունը, այնպես էլ ավելի ժամանակակից` բիզնեսի կառավարում կամ նոր տեխնոլոգիաներ: Այնուհանդերձ, ծնողների մեծամասնությունը համոզված է, որ կրթություն ստանալը հիմա ավելի դժվար է, քան իրենց ժամանակ: Կրթության ոլորտում բարձր մրցակցության արդյունքում մասնագետներից պահանջվում է կրթության ավելի բարձր մակարդակ, և երիտասարդները ստիպված են լինում ավելի շատ աշխատել, քան ծնողներն իրենց ժամանակ:

Երիտասարդներն ավելի լավ կրթություն են ստանում, սակայն այն շատ թանկ է, այդ պատճառով նրանք իրենց ծախսերը նախապես են պլանավորում: Բացի այդ, ծնողները հասկանում են, որ ակադեմիական կրթությունը բավարար չէ, և աշխատանքային փորձը կօգնի ապագայում ավելի լավ թեկնածու դառնալ գործատուի համար:

Ծնողների 79%-ը կարծում է, որ երեխաներին անհրաժեշտ է ստանալ բակալավրի կամ լիարժեք բարձրագույն կրթություն, որպեսզի նրանք հասնեն իրենց նպատակներին, իսկ 50%-ը կարծում է, որ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ստանալ մագիստրոսի կոչում: Ծնողների 64%-ը կարծում է, որ կյանքում երջանիկ լինելն ամենակարևորն է, իսկ 30%-ը կարծում է, որ կյանքում ամենակարևորը լավ կարիերա անելն է:

Ծնողների 83%-ը երազում է կոնկրետ աշխատանքի մասին, 19%-ը՝ որ իրենց երեխաները բժիշկ դառնան, 11%-ը՝ ինժեներ, 8%-ը՝ IT. այս մասնագիտություններն ամենատարածվածներն են:
Ծնողների 58%-ն ուզում է, որ իրենց երեխաները կրթություն ստանան հետևյալ ոլորտներում` բիզնեսի կառավարում, բժշկական կրթություն, կառավարում և ֆինանսներ, ինժեներական կրթություն, համակարգչային և իննովացիոն տեխնոլոգիաների ոլորտ, իրավագիտություն: Ծնողների 39%-ը վճարում է նախակրթական դպրոցներում սովորող երեխաների լրացուցիչ անհատական պարապմունքների համար, 44%-ը՝ դպրոցներում սովորող միջին տարիքի երեխաների կրթության համար և 23%-ը՝ համալսարաններում սովորող երեխաների համար:

Ծնողների 66%-ը ուզում է խորհուրդ ստանալ կրթության վերաբերյալ, և նրանցից 72%-ը՝ նոր հնարավորությունների մասին ինֆորմացիա ստանալ: Ծնողները, որոնք պլանավորում են վարկ վերցնել իրենց երեխաների ուսման համար, իրենց վարկային պարտավորությունները երեխաների ուսումից հետո միջինը մարում են ևս 6-7 տարի, նաև սպասում են, որ երեխաները ևս կմարեն ուսման համար վերցրած գումարը:

Ծնողների 77%-ը քննարկում է երեխաների ուսումը արտասահմանում իրականացնելու գաղափարը, նրանցից 24%-ը պատրաստ է երկու անգամ ավելի շատ վճարել ուսման համար, քան կպահանջվի իրենց երկրում:

Կարևորը երջանիկ լինելն է

Զարգացած երկրների ծնողների համար ամենակարևոր նպատակը իրենց երեխաների երջանկությունն է:

Ֆրանսիայում 10 ծնողից 9-ը (86%) կարծում է, որ երջանկությունը ամենակարևորն է երեխաների կյանքում: Այս կարծիքին է Կանադայի ծնողների 78%-ը, Մեծ Բրիտանիայի` 77%-ը, Ավստրալիայի՝ 77%-ը, ԱՄՆ-ի՝ 72%-ը:

Ֆինանսական բարեկեցությունը և ֆինանսական անվտանգությունը նույնպես կարևոր են երեխաների կյանքում: Ամբողջ աշխարհի ծնողների մեկ երրորդից ավելին ուզում է, որ իրենց երեխաները վարեն առողջ ապրելակերպ, մոտավորապես նույնքան ծնողներ (34%) ցանկանում են, որ իրենց երեխաները վաստակեն բավարար գումար հարմարավետ եւ բարեկեցիկ կյանք ապրելու համար: Որոշ երկրներում առողջությունը ավելի կարևոր է, քան երջանկությունը: Թուրքիայի ծնողների 55%-ը կարծում է, որ առողջ ապրելակերպն իրենց երեխաների հիմնական խնդիրն է: Համեմատության համար Ինդոնեզիայում ծնողների 13%-ի, Ֆրանսիայում և Մեքսիկայում` 21%- ի համար առողջ ապրելակերպը շատ կարևոր խնդիր է: Ֆինանսական անվտանգությունը նույնպես շատ կարևոր է ծնողների համար: Ֆրանսիայում ծնողների 60%-ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ գումար վաստակելը շատ կարևոր է, նրանց հետ համաձայն են Հոնկոնգի, Ավստրալիայի, Կանադայի և Թայվանի ծնողների 43%-ը: Համեմատության համար Չինաստանում (16%), Մեքսիկայում (20%), Արաբական Էմիրություններում (20%), Հնդկաստանում (22%)-ը կարծում են, որ բարձր աշխատավարձը բարեկեցիկ կյանքի համար ցանկությունների եռյակում է:

Մասնագիտության ընտրություն

Երբ խոսքը մասնագիտության մասին է, ծնողների մեծամասնությունը (83%) խոսում է կոնկրետ մասնագիտության մասին: Այսպես՝ 10 ծնողից 9-ը Ինդոնեզիայում (97%), Մեքսիկայում (95%), Չինաստանում (94%), Մալազիայում (92%) խոսում է կոնկրետ մասնագիտության մասին: Զարգացած երկրներում ապրող ծնողները մի քիչ ավելի քիչ են կենտրոնացած այս խնդրի վրա, Ավստրալիայում ( 62%), Մեծ Բրիտանիայում և Կանադայում (72%) են մտածում կոնկրետ մասնագիտության վերաբերյալ: Նույն պատկերն է նաև Թայվանում (72%): Մասնագիտության ընտրությունը հիմնված է մի քանի դրույթների վրա: Ծնողների 35%-ից ավելին նշում է, որ բարձր աշխատավարձի հեռանկարը հիմնական գործոնն է: Մոտավորապես նույնքան ծնողներ կարևորում են մասնագիտության օգտակարությունը հասարակության համար (35%) և թե ինչքանով է մասնագիտությունը համապատասխանում երեխայի հնարավորություններին (34%) :

Լրացուցիչ պարապմունքներ

Ոչ բոլոր ծնողներն են կարծում, որ լրացուցիչ պարապմունքներն անհրաժեշտություն են: Ծնողների (40%)-ը կարծում է, որ իրենց երեխաները բավարար գիտելիքներ են ստանում դպրոցում, 33%-ը ուղղակի չի ուզում հավելյալ լարվածություն ստեղծել երեխաների համար: Ծնողները, որոնք չեն ուզում հավելյալ լարվածություն ստեղծել, առավել մեծ թիվ են կազմում Մեծ  Բրիտանիայում (36%), Թուրքիայում (32%), Ֆրանսիայում (31%) և Ավստրալիայում (30%): Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհի ծնողների մոտավորապես կեսը (46%) պատրաստ է վճարել երեխաների հավելյալ պարապմունքների համար: Այս ցուցանիշը հատկապես մեծ է Չինաստանում (74%), Հնդկաստանում (71%) և Ինդոնեզիայում (71%):

Բարեկեցիկ կյանքի ցուցիչները

Ոչ ակադեմիական գիտելիքները, ինչպիսիք են`ինքնուրույն ապրելը, վաստակած գումարի ճիշտ բաշխումը, հասարակության մեջ ինտեգրվելը ծնողների համար ևս շատ կարևոր նպատակներ են, նույնիսկ ավելի կարևոր, քան ավանդական ակադեմիական գիտելիքները: Ծնողների մեծամասնության համար ամենակարևորը, որը երեխաները կարող են սովորել համալսարաններից, ինքնուրույնությունն է (86%), ֆինանսապես պատասխանատու մարդ լինելը (84%) և սոցիալական վստահությունը (83%): Միևնույն ժամանակ, ինքնուրույնությունը գնահատվում է ամբողջ աշխարհում, բայց Չինաստանում (93%), Թայվանում և Մեքսիկայում (91%) այս ցուցանիշն առավել բարձր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter