Ուուցչուհին պատմում է, թե դպրոցի տնօրենն ու նրա դուստրն ինչ «սցենարով» են իրեն աշխատանքից ազատել
Նելլի Թովմասյանը 6 տարի անգլերենի ուսուցչուհի է աշխատել Կոտայքի մարզի Թեղենիքի միջնակարգ դպրոցում: Տնօրենի 2014թ-ի դեկտեմբերի 20-ի հրամանով նա ազատվել է աշխատանքից: Դրան նախորդել է մեկ օրվա ընթացքում տրված երկու հրամանները՝ խիստ նկատողություն հայտարարելու մասին: Ուսուցչուհին ասում է, որ իրեն դպրոցից հեռացնելու համար «սցենար» են գրել և այն հաջողությամբ իրականացվել է տնօրենի գլխավորությամբ:
Նրանց տարաձայնությունները սկսվել է մի կաթիլ «մեղրից»: Նելլի Թովմասյանը և նրա մի քանի գործընկերները բնակվում են Չարենցավան քաղաքում: Որպեսզի ծախսը քիչ լինի, մի քանի ուսուցիչներ միացել և նույն տաքսի ավտոմեքենայով Չարենցավանից գնացել են Թեղենիքի դպրոց: Նելլի Թովմասյանը պատմում է, որ հենց այդ ավտոմեքենայի պատճառով իր և մի քանի ուսուցիչների հարաբերությունները լարվել են:
«Մեքենայում տեղ չէր լինում և միշտ ինձ էին դուրս թողնում: Իսկ առավոտյան ժամերին մեծ դժվարությամբ էինք աշխատանքի հասնում, հասարակական տրանսպորտի խնդիր կար»,-ասում է Ն. Թովմասյանը:
Անգլերենի նախկին ուսուցչուհու խոսքերով՝ 2014թ. դեկտեմբերի 19-ին մտել է դպրոցի տնօրենի աշխատասենյակ, որպեսզի ստորագրի աշխատանքի ներկայանալու թերթիկը: Նույն սենյակում է եղել ուսուցչուհիներից Նարե Գրիգորյանը, ով տնօրեն Լաուրա Գրիգորյանի դուստրն է:
Նարե Գրիգորյանի և Նելլի Թովմասյանի հարաբերությունները դարձյալ լարված են եղել տաքսի ավտոմեքենայի պատճառով: Նելլի Թովմասյանը պատմում է, որ տնօրենի աշխատասենյակից դուրս գալու ժամանակ Ն. Գրիգորյանը իրեն հրելով է դուրս եկել, ապա դուրս գալով միջանցք ձայն է տվել մորը, որպեսզի վերջինս գա աշխատասենյակի դուռը փակի: Նելլի Թովմասյանը գործընկերոջից պահանջել է ավելի քաղաքավարի լինել: Այդ պահին մոտեցել է Լաուրա Գրգորյանը և Նելլի Թովմասյանին ասել է, թե վերջինս անձեռնամխելի չէ:
«Դրանից հետո ես բարձրացա երկրորդ հարկ, որտեղ առաջին և երրորդ դասարաններում դասալսման էի: Երկրորդ հարկում տեսա, որ Նարե Գրիգորյանը միջանցքում՝ դասարանի դռան առջև ինձ է սպասում: Նրա ձեռքին հեռախոս կար և տպավորությունն այնպիսին էր, կարծես թե նկարում էր: Նա հրահրող տոնով պահանջեց, որ մոտենամ իրեն: Նա բղավում էր, թե ՝ Թովմասյան ինչ ես ուզում: Ես էլ մի քանի քայլ առաջ գնացի, պահանջեցի չհրահրել և շրջվեցի դեպի դասարանի կողմը: Իմ հետևից եկավ Նարե Գրիգորյանը և բռնելով ձեռքիցս քաշեց, որպեսզի կանգնեմ: Ես էլ թեթև հրելով ազատեցի ձեռքս ու գնացի դասարան»,-պատմում է Նելլի Թովմասյանը:
Ըստ նրա՝ այդ ընթացքում մոտեցել է տնօրեն Գրիգորյանը և իրեն սպառնացել է, որ կազատի աշխատանքից: Ն. Թովմասյանը պատմում է, որ միջադեպից իրեն վատ է զգացել, ջուր են բերել, խմել է և փոքր ինչ հանգստացել: Սակայն, երկրորդ դասաժամին տեղեկացել է, որ Նարե Գրիգորյանը հիվանդանոց է գնացել: Ուսուցչուհին իր աչքով է տեսել, որ Ն. Գրիգորյանն իր ոտքով է հիվանդանոց գնում:
Այս միջադեպից հետո սկսվել է երկրորդ «սերիան»: Երրորդ դասաժամին Նելլի Թովմասյանը դասավանդելու նպատակով մտել է 12-րդ դասարան: Նա պատմում է, որ կային աշակերտներ, ովքեր գրավոր աշխատանք չէին կատարել և տետրեր է բաժանել, որպեսզի բացը լրացնեն:
Աշակերտներից Տիգրան Մուրադյանը չի ցանկացել հանձնարարությունը գրել և Նելլի Թովմասյանը ձեռքը դնելով նրա գլխին համոզել է, որպեսզի գրի: Դրանից Տիգրանն էլ ավելի է ագրեսիվացել: Այդ ժամանակ ներս է մտել տնօրենը և բարկացած տոնով հայտարարել է, թե իբր լսել է, որ Նելլի Թովմասյանը ստիպում է աշակերտներին, որպեսզի իր դուստր Նարե Գրիգորյանի ու Թովմասյանի միջադեպը գրավոր ձևակերպեն:
«Ես բացատրեցի, որ խոսքը գրավոր աշխատանք գրելու մասին է, սխալ է հասկացել, սակայն նա հայտարարեց, որ հունվարից Թովմասյանն այլևս դպրոցում չի աշխատելու և դուրս գնաց: Տնօրենի հեռանալուց հետո տղաներն առանց թույլտվության դուրս եկան դասարանից, իսկ աշակերտուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Նրան օգնություն ցույց տալուց հետո, զգացի, որ իմ ինքնազգացողությունն էլ է վատանում ու գնացել եմ հարևան Արգելի բուժամբուլատորիա»,-նշում է Թովմասյանը:
Դեկտեմբերի 19-ին Լաուրա Գրիգորյանը երկու խիստ նկատողություն է հայտարարել Նելլի Թովմասյանին: Մեկը՝ «աշխատանքային ներքին կարգապահական կանոնները խախտելու, ուսուցչին անհարիր պահվածք դրսևորելու», մյուսը՝ «12-րդ դասարանում ժամանակը ռացիոնալ չօգտագործելու, սովորողներին գնահատական նշանակելու հանգամանքով ահաբեկելու, տետրով Տիգրան Մուրադյանին հարվածելու, ուսուցչին հարվածելու մասին իր թելադրածը գրել պարտադրելու համար, ինչպես նաև 10-11-րդ երկհամակազմ» դասարանի անգլերեն դասաժամը չպարապելու համար:
Նույն օրը ժամը 12.45 Չարենցավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ «հիստերիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Նարե Գրիգորյանը, ապա վերջինս հայտարարել է, թե դպրոցի միջանցքում անգլերենի ուսուցչուհի Նելլի Թովմասյանը հարվածել է իր կրծքավանդակին: Դեպքի մասին Ն. Գրիգորյանը հաղորդում է տվել ոստիկանության Նաիրիի բաժնում:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին տնօրեն Լաուրա Գրիգորյանը աշխատանքից ազատել է Նելլի Թովմասյանին, որի համար հիմք է հանդիսացել 12-րդ դասարանցիների անձնական դիմումները, ծնողների բողոքները և մանկավարժական խորհրդի որոշումը: Աշկատանքից ազատելու պատճառներից մեկն էլ «աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելն» է, ինչպես նաև «դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը խախտելը, աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք կատարելը»:
Միջադեպի մասին ոստիկանության բաժանմունքում բացատրություններ են տվել նաև ուսուցիչներն ու երկու աշակերտների ծնողները, որոնցից մեկը եղել է Տիգրանի մայրը:
Ոստիկանության նախապատրաստած նյութերով պարզվել է, որ Նելլի Թովմասյանի արարքում հանցակազմ չկա, իսկ աշակերտներից Տիգրան Մուրադյանին Թովմասյանն ընդհանրապես չի հարվածել: Նարե Գրիգորյանը և Տիգրանի մայրը դիմել են ոստիկանություն՝ նշելով, որ պահանջ, բողոք չունեն Նելլի Թովմասյանից և խնդրել են գործին ընթացք չտալ: Նարե Գրիգորյանն իր դիմումը հիմնավորել է նրանով, որ Թովմասյանն այլևս դպրոցում չի աշխատում:
Նելլի Թովմասյանը չի մեղադրում այն աշակերտներին, ովքեր իր դեմ բողոք են գրել: Ասում է, որ տնօրենն է բոլորին լարել իր դեմ: Չի մեղադրում նաև ուսուցիչներին, ովքեր ստիպված ենթարկվում են տնօրենի թելադրանքին, քանի որ աշխատանքը կորցնելու վտանգի առջև են:
Դպրոցի տնօրեն Լաուրա Գրիգորյանի հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար գումարի բռնագանձման պահանջով հունվարի 26-ին Նելլի Թովմասյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն պարտվել է: Վճիռը անփոփոխ է թողել նաև վերաքննիչ դատարանը:
«Կազմակերպված էր, գեղեցիկ ձևով մտածված, քայլ առ քայլ ծրագրված էր տնօրենի կողմից: Նպատակն այն էր, որ ես դիմում գրեի աշխատանքից ազատվեի: Գյուղում խոսակցություններ էի լսում, որ տարբեր մարդիկ պահանջում են, որ ինձ աշխատանքից ազատեն և վերադարձնեն նախորդ ուսուցչուհուն: Նույնիսկ աշակերտների միջոցով են փորձել լարվածություն առաջացնել իմ դասաժամերին, աշակերտները փորձել են խանգարել դասապրոցեսը, որպեսզի բարկանամ երեխաների վրա: Ես այդ ամենը գիտակցելով ավելի զուսպ եմ եղել, նրանք ինձանից բացասական վերաբերմունք չեն տեսել»,-նշում է Նելլի Թովմասյանը:
Նախկին ուսուցչուհու խոսքերով՝ տնօրեն Լաուրա Գրիգորյանին պետք չէ կամքի ուժ ունեցող մարդ, ով իր հրամանները չի կատարում: Ըստ նրա՝ դպրոցում աշակերտներ կային, որոնց ծնողների հետ տնօրենը վատ հարաբերություններ ուներ և փորձում էր ուսուցիչներին ստիպել, որպեսզի նրանք էլ վատ վարվենք այդ ծնողների երեխաների հետ:
Անդրադառնալով մանկավարժական խորհրդի նիստին ու որոշմանը, ինչն իրեն աշխատանքից ազատելու հիմքերից մեկն է, Նելլի Թովմասյանն ասում է, որ նիստից առաջ իր աչքով է տեսել, թե տնօրենն ինչպես է իր աշխատասենյակում թելադրում, որ աշակերտներն իր մասին բացասական կարծիք գրեն, իսկ ուսուցիչներին նախապատրաստել է, թե ով ինչ հերթականությամբ ելույթ ունենա:
Նելլի Թովմասյանն ասում է, որ դեկտեմբերի 19-ի մանկավարժական խորհրդի նիստում ներկա էին 12 ուսուցիչներ, որոնցից մեկը չի մասնակցել իր հարցի քննարկմանը, մեկ այլ մասնակից՝ տնօրենի խնամին՝ հայտարարել է, թե ամաչում է մանկավարժական կոլեկտիվի համար, իսկ մյուսները տնօրենի օգտին են խոսել:
«Մանկխորհի մասնակիցների մեծ մասը տնօրենի բարեկամներն էին՝ աղջիկը, քրոջ աղջիկը, վերջինիս ամուսնու քույրը, եղբոր կինը, երկու խնամիները, ամուսնու բարեկամները և այլն: Մանկխորին բոլորն արտահայտվել են, կարծիք են հայտնել, բայց իմ ոչ մի խոսքը չի արձանագրվել, չեն տվել, որ ես ստորագրեմ, միայն գրել են, որ Թովմասյանը հրաժարվում է բոլորից ու վերջ»,-նշում է Ն. Թովմասյանը:
Ինչ վերաբերում է չպարապած դասաժամին, Նելլի Թովմասյանն ասում է, որ նշված ժամին եղել է Արգելի ամբուլատորիայում և որպես ապացույց ցույց է տալիս ամբուլատորիայի համապատասխան տեղեկանքը: Մինչդեռ վճռից երևում է, որ տնօրեն Գրիգորյանը չի հավատացել Թովմասյանի առողջական վիճակի վատացմանը: «Տնօրենը հայցվորից պահանջում է գրավոր բացատրություն ներկայացնել, սակայն հայցվորը միայն բանավոր նշում է, որ վատառողջ է եղել, դրա համար հեռացել է դպրոցից, մինչդեռ կատարվածը և ներկաների վկայությունները փաստում են, որ հայցվորը զբաղված է եղել դպրոցի հեղինակությունը նվաստացնելու գործողություններով»,-նշված է դպրոցի ղեկավարության դիրքորոշման մեջ:
«Տնօրենին ասել եմ, որ հիվանդանոցում եմ եղել, նա շատ վատ արտահայտություններով ինձ ասաց. «գնացել եք ձեր ո՞ր պահանջները բավարարելու»: Դա տնօրենին վայել վարքագի՞ծ է: Եթե ասում են, որ ես վտանգավոր եմ ու անհարիր պահվածք եմ թույլ տվել, ինչո՞ւ էին ստիպում, որ միջադեպի օրը 4-րդ դասաժամը պարապեմ, ինչո՞ւ այս 6 տարիների ընթացքում մի դիմում բողոք չի եղել ծնողներից, աշակերտներից, ինչո՞ւ ինձ նկատողություն չեն հայտարարել: Պարզ է, որ այս ամենը լավ բեմադրված էր: Առաջին դասարանցիների ծնողները երեխաներին չեն բերում Թեղենիքի դպրոց ու նշում են, որ դպրոցում բարոյահոգեբանական վիճակը բարենպաստ չէ, երեխաներին տանում են Լուսակերտ կամ Չարենցավան: Դպրոցի անունը փրկելու համար տնօրենին պետք էր մի սենսացիոն բան և ավելի լավ էր իմ անունը այդպես շրջանառվեր, քան իրենը»,-ասում է Նելլի Թովմասյանը:
Նախկին ուսուցչուհին իրեն վատ էր զգում, որ իր համբերատարությունը, հանգստությունը օգտագործեցին հենց իր դեմ և իր մանկավարժական վաստակը «մրոտեցին»՝ անձնական խնդիրներ լուծելու նպատակով:
Նախկին ուսուցչուհի Նելլի Թովմասյանի խոսքերը հերքեց տնօրեն Լաուրա Գրիգորյանը: Վերջինս ասաց, որ ինքը «մեծ մարդասեր» է եղել, որ 6 տարի հանդուրժել է Նելլի Թովմասյանի ներկայությունը դպրոցում:
Տնօրենը որևէ բացասական խոսք չասաց Նելլի Թովմասյանի գիտելիքների, որպես ուսուցչուհի նրա պատրաստվածության վերաբերյալ, սակայն նշում էր, որ «դպրոցը Թովմասյանի տեղը չէ և նա շահագործել է իրենց մարդասիրական վերաբերմունքը»:
Տնօրենը շարունակում էր նշել, որ Թովմասյանը դպրոցում ծեծել է երեխաների, ուսուցչի և նա չի կարող դպրոցում աշխատել:
«Իր դեմ հարուցված է եղել քրեական գործ: Ես չգիտեմ այնտեղ ինչ են արել, ինչ չեն արել: Այդքան աշակերտների բողոքը ոնց որ թե նշանակություն չունեցավ»,-ասում է Լ. Գրիգորյանը՝ անտեսելով, որ քրեական գործով չի հիմնավորվել Նելլի Թովմասյանի մեղավորությունը, առավել ևս երեխաներին ծեծելու փաստը:
Լաուրա Գևորգյանը չի հերքում, որ դպրոցում աշխատում են իր բարեկամները՝ պատճառաբանելով, որ ինքը «մեղավոր չէ, որ նրանք գրագետ են և աշխատում են դպրոցում», սակայն նշում է, որ մանկխորհրդում իր ազգականների թիվը մեծ չէ և այլ ուսուցիչներ ևս բացասական կարծիք ունեն Թովմասյանի մասին:
Ինչ վերաբերում է իր աշխատասենյակում աշակերտների կողմից ուսուցչուհի Նելլի Թովմասյանի դեմ ուղղորդված բողոք գրելուն, տնօրենը նշում է, որ ինքը աշակերտներին չի թելադրել, աշակերտներն են եկել բողոքել, նա էլ պահանջել է բողոքը հանձնել թղթին:
«Ինձ թվում է նրա հետևում կան մարդիկ, որոնք երևի իրեն օգտագործում են՝ տրամադրելով իմ դեմ»,-նշում է Լ. Գրիգորյանը:
Տնօրենն ասում է, որ ինքն է խնդրել ծնողներին և իր դստերը, որպեսզի ոստիկանությունից բողոքները հետ վերցնեն: «Նա օգտագործեց իմ մարդասիրական վերաբերմունքը»,-շարունակում էր կրկնել Լաուրա Գրիգորյանը:
Նելլի Թովմասյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ դիմել է Կոտայքի մարզի դպրոցներից մեկի տնօրենին, որպեսզի իրենց մոտ ընդունվի աշխատանքի, սակայն զարմացել է, երբ տնօրենը չճանաչելով իրեն. պատմել է իր կենսագրությունը և այն կոնֆլիկտի մասին, որ ունեցել է Թեղենիքի դպրոցում:
«Փաստորեն բոլոր դպրոցների տնօրեններին սուտ տեղեկություններ են փոխանցել, որ ես չկարողանամ աշխատանքի ընդունվել»,-նշում է Ն. Թովմասյանը:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել