
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն օրական ստանում է 600-650 կանչ
Լիլիթ Թադևոսյան
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն օրական ստանում է 600-650 կանչ, որոնք հիմնականում սիրտանոթային հիվանդությունների պատճառով են : Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Մեզ մոտ կանչերի գերակշռող մասը կազմում են սիրտանոթային հիվանդությունները: Այնպես չէ, որ հիմա շոգ է՝ միայն դրանից է, հունիս ամսին էլ է նույնը եղել, մայիսին էլ է նույնը եղել և կանչերի քանակը էական տարբերություն չի տվել: Եվ անկախ այդ ամենից շատ բարձր թիվ է կազմում մեր կանչերի քանակը: Մենք հիմնականում սպասարկում ենք սիրտանոթային պրոբլեմ ունեցող հիվանդներին, այսինքն՝ և՛ խրոնիկ հիվանդներին, և՛ սուր ինֆարկտներ, և՛ արյան շրջանառության փոփոխություններ, այսինքն՝ այն ամենը, ինչ կապված է սիրտանոթային համակարգի հետ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Մեր այն հարցին, թե նախորդ տարվա համեմատ կանչերի թվերն ինչպիսի՞ն են, Թագուհի Ստեփանյանն ասաց, որ նույն ժամանակահատվածի համեմատ կանչերի թիվը գրեթե նույն է՝ 600-650:
«Եթե վերցնում ենք նախորդ ամիսները, այսինքն՝ և՛ ապրիլը, և՛ մայիսը, և՛ հունիսը, էլի միջինով մենք սպասարկում ենք 600-650 կանչ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ իրենք նաև խորհրդատվություն են տալիս հեռախոսով, և բնակիչներ կան, որոնք ցանկություն չունեն, որ շտապօգնության մեքենան գա և բժիշկը սպասարկի: Երբեմն լինում են դեպքեր, որ բնակիչն ուղղակի խորհդրի կարգով էլ է զանգարահում և այդ խորհուրդները ստանում:
Այս պահին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ -ն ունի 35 մեքենա, որը սպասարկում է Երևան քաղաքը:
Մեկնաբանել