Վրաստանում տեղի ունեցած ավտովթարում զոհվել է ՀՀ 4 քաղաքացի
Oգոստոսի 20-ին՝ ժ. 17.00-ի սահմաններում, Քութայիսին շրջանցող արագ ավտոճանապարհին, Սամտրեդիայի շրջանի Բաշ գյուղի շրջակայքում ճակատ ճակատի իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենա, որոնցից մեկում եղել են ՀՀ քաղաքացիներ, մյուսում՝ Վրաստանի: Այս մասին հայտնում է Բաթումի հայկական հյուպատոսությունը:
Իմերեթիի տարածաշրջանի փրկարարական ծառայության ղեկավար Վլադիմիր Ջղամաձեի տրամադրած տեղեկատվության համաձայն` ավտովթարի հետևանքով տեղում զոհվել են ՀՀ քաղաքացիներ Արշավիր Հարությունյանը (1958թ.), Լիլի Ներսիսյանը (1975թ.) և Մարգարիտա Ներսիսյանը (1957թ.):
Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ՀՀ քաղաքացի, 2000 թվականին ծնված Հեղինե Բաղդասարյանը:
Տեղում զոհվել է նաև վրացական համարանիշներով մեքենայի վարորդը:
ՀՀ քաղաքացիներ Ռուզաննա Հարությունյանը և Մարգարիտա Մարգարյանը, ինչպես նաև երկու ուղևոր վրացական մեքենայից տեղափոխվել են հիվանդանոց: Բոլորի վիճակը գնահատվում է ծանր:
Ավտովթարի մյուս մանրամասները կստանանք ավելի ուշ և անմիջապես կտեղեկացնենք:
Մեկնաբանել