HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. հազարամյակների ձայնը` բրոնզե թասի մեջ

Աննա Բաբաջանյան

Հին աշխարհում, այդ թվում` Հայկական լեռնաշխարհում, մետաղյա առարկաները մեծ նշանակություն ունեին, ընդ որում, խոսքը  միայն  կենցաղում  ունեցած կիրառության մասին չէ: Դրանց շարքում հարկ է առանձնացնել 1949թ. Կարմիր բլուրում տեղի ունեցած պեղումների ընթացքում  առանձնակի գրավչությամբ աչքի չընկնող կենցաղային իրերի հետ գտնված ուրարտական վարպետների լավագույն  գործերի թվին վերագրվող բրոնզե թասերը: Կիսակլոր իրանով եւ ուղիղ եզրերով 97 բրոնզե  ոսկեգույն թասերը, որոնք գտնվել են կարասի միջից, 25-րդ մառանը պեղելիս, զգալի չափով պահպանել են իրենց փայլն ու մաքուր,  բյուրեղյա հնչողությունը: Ուշագրավ է նախ թասերի արտաքին տեսքը. դրանց ներսում պահպանվել են ուրարտական արքաներ Մենուայի, Արգիշտիի, Սարդուրի, Ռուսայի սեպագիր  արձանագրությունները, կենտրոններում պատկերված են նիզակով եւ ծառով պսակված աշտարակներ, որոնց տակ երբեմն հանդիպում են ցլի կամ առյուծի պատկերներ: Իսկ արքաների անունների հիշատակությունը վկայում է այն մասին, որ թասերը պատկանել են թագավորների:

Սակայն թասերը կենցաղային կյանքում ունեցած իրենց դերակատարությամբ նույնքան չէին կարեւորվի, եթե չունենային մեկ այլ արտասովոր հատկություն եւս: Ըստ երաժիշտ, երաժշտագետ Անահիտ Ցիցիկյանի վարկածի` գտնված թասերի միջոցով հնարավոր էր արձակել տարբեր որակների եւ հաճախության ձայներ: Դրանք, հավանաբար, օգտագործվում էին կուլտային պաշտամունքների ընթացքում` արարողակարգերի ժամանակ:

Նմանատիպ, կարելի է ասել, երաժշտական գործիքներն, ըստ երաժշտագետի, նվագում էին` փայտիկով նրբորեն խփելով դրանց եզրերին: Իսկ արձակված ձայնի բարձրությունը կախված էր թասի մեծությունից եւ դրա մեջ լցված հեղուկի քանակից: Գործիքի տեմբրը  կարելի էր փոխել` կախված թասի ձեւից եւ չափից: Երաժիշտը, հավանաբար, թասի վրա նվագում էր երկու ձեռքով, սակայն ոչ թե հաջորդաբար, այլ` զուգահեռաբար, եւ արձակում էր ոչ թե առանձին ձայներ, այլ` ակորդներ:

Այդ թասերից 6-ը ցուցադրվում է Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարանում, մի մասը` Հայաստանի պատմության թանգարանում, մյուս մասն էլ` Էրմիտաժում:  Թասերից ամեն մեկը մեկ ցուցանմուշ է` իր յուրահատկությամբ, բայց դրանք պետք է դիտարկել  որպես հազարամյակների մեր մշակույթի պատմությունը կրող մեկ ամբողջություն:

Հետաքրքիր է, որ Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցը փորձել է վերականգնել 
բրոնզե երաժշտական թասերը,  ձգտել  կյանքի կոչել երեք հազարամյա պատմություն ունեցող  երաժշտական գործիքը, պահպանել հայկական երաժշտական ավանդույթները:

Հ.Գ. Բրոնզե թասերի հետազոտությունները կատարվել են Ա. Ցիցիկյանի եւ Բ. Պիատրովսկու ջանքերով:

Որոշ տեղեկություններ վերցված են  Ա.Ցիցիկյանի “Памятники культуры. Новые открытия” գրքում  վերոնշյալ պեղումների թեմայով  հրապարակված հոդվածից:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Լավ կլիներ մեր պատմության հետաքրքրություն ներկայացնող թեմաներում, ինչպիսիք են օրինակ` ,,հազարամյակների ձայնը` բրոնզե թասի մեջ,, վերնագիրը, Բ. Պիատրովսկու և այլ զեղծարարների անունները դրական երանգներով չհնչեր: Կարդացեք`,,Հայագիտությունը գիտականորեն հայանում է,, դիպուկ հոդվածը` https://vahagnakanch.wordpress.com/category/հայագիտություն/page/2/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter