
Սպանդարյան համայնքում ղեկավարի արտահերթ ընտրություններ են
Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Համայնքապետի թափուր պաշտոնի համար Սպանդարյանում պայքարում են ինքնառաջադրված հինգ թեկնածու՝ Միքայել Բաղդասարյան, Գյուլվարդ Սահակյան, Հարություն Հարությունյան, Ավետիք Մխիթարյան, Ալեքսան Խաչատրյան: Թեկնածուներից ոչ մեկը կուսակցական չէ:
36/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Արփիկ Երիցյանի փոխանցմամբ, ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 217 ընտրող: Թեկնածուներից իրենց ընտրությունը հասցրել են կատարել Միքայել Բաղդասարյանը, Հարություն Հարությունյանը եւ Գյուլվարդ Սահակյանը:
Ընտրացուցակներով ընտրողների թիվը 1153 է, սակայն հաշվի առնելով արտագնա աշխատանքի մեկնածներին, սպասվում է , որ ընտրություններին կմասնակցի մոտ 800 ընտրող:Մինչեւ այս պահը որեւէ էական խախտում չի գրանցվել: Որոշակի խառնաշփոթ ստեղծվեց 84-ամյա Բաբկեն Գրիգորյանի ընտրությունը կազմակերպելիս: Վերջինս կույր էր եւ ընտրատեղամաս էր հասել կնոջ եւ հարեւանի տղայի օգնությամբ:
Պապիկի փոխարեն գրանցվեց եւ ընտրությունն իրականացրեց հարեւանի տղան, իսկ այդ ընթացքում 84-ամյա ընտրողը աթոռին նստած սպասում էր: Բաբկեն Գրիգորյանին ընտրատեղամաս հասցրած եւ նրա փոխարեն քվեարկած անձը վստահեցրեց, որ Բաբկեն Գրիգորյանը տեղյակ է, թե ում է ինքը ընտրելու:
Մեկնաբանել