HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի և կերպարվեստի ուսուցչի վեճը շարունակվում է

Լիլիթ Թադևոսյան

Դեռևս շարունակվում է Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի և նույն կենտրոնի կերպարվեստի ուսուցիչ Հրաչ Համբարձումյանի վեճը:

Նշենք, որ Լևոն Իգիթյանը ցանկանում էր, որ կերպարվեստի դասասենյակը փակվի և այնտեղ դասեր չիրականացվեն:

Իգիթյանը ցանկանում էր կահույքագործական արհեստանոցի վերածել արվեստի կենտրոնը, և այնտեղ արդեն վաղուց  փայտամշակման հաստոցներ են տեղադրված: Այս ամենի դեմ իրենց բողոքն էին արտահայտել «Կերպարվեստի» բաժնի ուսուցիչը, նրա աշակերտներն ու ծնողները: 

Բազմաթիվ վեճերից հետո, սակայն, Իգիթյանը Հրաչ Համբարձումյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և հենց այդ որոշման դեմ էլ Համբարձումյանը բողոք է ներկայացրել դատարան՝ նշելով, որ Իգիթյանի որոշումն անօրինական է:

 «Հետքի» հետ զրույցում Հրաչ Համբարձումյանը տեղեկացրեց, որ իր աշխատանքի վերականգնվելու գործով հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 27-ին, իսկ սեպտեմեբերի 7-ին կկայանա Համբարձումյանին կենտրոնից վտարելու գործով դատական նիստը:

«Քայլերի հաջորդականությանը հետևելով՝ ես կարող եմ գալ այն եզրակացության, որ այդ տարածքը ոչ թե փայտի արտադրամասի համար էր, այլ ամենայն հավանականությամբ, վերլուծելով իրավիճակը, այդ տարածքն իրենք ուզում էին առևտրի առարկա դարձնել: Չնայած, բոլոր դեպքերում, ինձ  համար անընդունելի է. այն  եղել է  քանդակի արվեստանոց և պիտի մնա արվեստանոց:  Ես պայքարելու եմ, որ իմ օրինական իրավունքը վերականգնվի ու ես գնամ աշխատանքի»,- ասաց Հրաչ Համբարձումյանը:

Նշենք, որ երկար տարիներ մինչև մահը Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն է աշխատել Հրաչ Համբարձումյանի հայրը՝ Հենրիկ Համբարձումյանը, ով նաև քանդակի դասեր է տվել այդ նույն կենտրոնում: Եվ հիմա որդու համար շատ ծանր է  տեսնել, թե ինչպես են այդ կենտրոնում փորձում այլ գործունեություն ծավալել:

Ի դեպ, Հրաչ Համբարձումյանն այս պահին թեև չի աշխատում կենտրոնում, բայց անգործ չի նստում, վերջինս նախաձեռնել է խեցեգործության սիմպոզիում:

«20-օրյա ծրագիր է, անցկացվում է Ապարանում: Խմբերով գալիս են աշխատում գնում են: Այդ ծրագիրը ստեղծել է իմ հայրը՝ Հենրիկ Համբարձումյանը, 13 տարի առաջ, այն, կոչվում է  «Հող, ջուր, կրակ, և գաղտնքիներ» խեցեգործական սիմպոզիում: Վերջին հինգ տարիներին ես եմ կազմակերպում, ու այն արդեն  դարձել է միջազգային: Սիմպոզիումն սկսվել է օգոստոսի 20-ից և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը»,- ասաց Հրաչ Համբարձումյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter