«Անտառամուտը ծերանոցի է նմանվել»,- ասում է գյուղապետը
Գայանե Սարգսյան
Վանաձորից 28 կմ հեռավորության վրա գտնվող Անատառամուտ համայնքը 450 բնակիչ ունի: Այս գյուղ տանող ճանապարհն այնքան քարուքանդ է, որ զարմանում ես, թե ինչպես են երթևեկում այս տարածքով: Բազմաթիվ վերուվարումներից ու ձորերի պռնկով անցնող ճանապարհը բարեհաջող հաղթահարելուց հետո հասնում ենք գյուղ: Փորձում ենք ինքնուրույն գտնել գյուղամեջը, բայց չենք կարողանում: Ո՛չ գյուղապետարանի ցուցանակը կա, ո՛չ շենքի գլխին ամրացված դրոշը:
Ժանգոտ մետաղե վագոնի վրայի գրառումը հուշում է. սա փոստն է: Մոտակայքում խաղացող երեխաներին հարցնում ենք գյուղապետարանի տեղը: Սա է՝ կից տունն են ցույց տալիս երեխաները: «Բա դրոշն ո՞ւր է» զարմացական հարցիս տղան պատասախանում է՝ դրոշը ճղտոտվել էր, հանել են:
Գյուղում տները հիմնականում միահարկ են: Դրանց մի մասի վրա կողպեքներ են կախված: Մեզ հետ զրույցի ժամանակ գյուղացիներն ասում են՝ գյուղում մարդ չի մնացել, գյուղը տարեցտարի դատարկվում է:
![]() |
![]() |
| Մարտուն Համբարձումյան | Սեյրան Հարությունյան |
«Մարդիկ նույնիսկ չեն հավատում, որ էդքան ապրող կա գյուղում, 450-ից մոտ 60 -ը Վանաձորի քաղաքացիներ են, բայց երկար ժամանակ է, գյուղում են ապրում»,- ասում է գյուղապետ Մարտուն Համբարձումյանը:
11 տարի գյուղը ղեկավարող գյուղապետն ասում է, որ իր պաշտոնավարման ընթացքում գյուղի բնակչության թվաքանակն էականորեն չի փոխվել:
«Թիվը գրեթե չի փոփոխվել, որովհետև գյուղը ծերանոցի է նմանվել, հիմնականում ծերեր են ապրում, իսկ գյուղում մնացած երիտասարդներն էլ չեն ամուսնանում: Դա էլ սոցիալական խնդիր է. մարդիկ չեն կարողանում ամուսնանալ»,- ասում է նա:
Իսկ երիտասարդները ոչ միայն չեն ամուսնանում, այլև մտածում են քաղաք կամ արտերկիր տեղափոխվելու մասին:

«Մեր գյուղը քանի գնում, հետ ա գնում, համեմատած կողքի մյուս գեղերի, մեր գյուղում մարդիկ շատ են խեղճ ապրում: Հլա մտեք մարդկանց տները, լրիվ բողոքավոր են: Տղես էսա 30 տարեկան ա, չի ամուսնանում: Ուզում է Ռուսաստան գնա, կամ քաղաք տեղափոխվի: Ասում ա՝ ստեղ մնամ ի՞նչ անեմ, ո՞նց ամուսնանամ, ո՞նց ընտանիք պահեմ, մա՛մ ջան»,- ասում է 48-ամյա Նաիրա Պողոսյանը:
Եթե բնակչության թիվը մեծ փոփոխություններ չի կրել, ապա գյուղի 9-ամյա դպրոցում աշակերտների թիվը եռակի նվազել է: Գյուղապետը նշում է, որ եթե 10 տարի առաջ դպրոցն ուներ 60 աշակերտ, ապա այժմ նրանց թիվը 19-ն է: Այս տարի դպրոցը կունենա ընդամենը 3 առաջին դասարանցի:
Աշակերտների թվի նվազման միտումը չեն դանդաղեցնում նաև դպրոցի վերանորոգումն ու ջեռուցման համակարգի անցկացումը:
«Ջահելը մտածում ա՝ գնամ քաղաք, իմ երեխուն քաղաք դպրոց տամ, մի տեղ էլ պարապմունքի տամ, որ մի բան դառնա երեխեն,- ասում է անտառամուտցի միջահասակ մի կին ու շարունակում,- բայց հիմի իմ պեսը գնա քաղաք ի՞նչ անի: Ո՛չ թոշակ ենք ստանում, ո՛չ բան, ապրանքի հույսին ենք: Կաթի գինն էլ էնքան ցածր ա, որ մենակ չարչարանքներս ա մնում»:
Անտառամուտում բոլոր հողատարածքները վերածվել են խոտհարքների:
«Գյուղում ոչ մի ցանքս չի կատարվում, հացահատիկ չի ցանվում: Երբ գյուղացուն հարցնում ես՝ ինչու չես հացահատիկ ցանում, գյուղացին ասում է՝ ավելի լավ է ես անասնակերի հարց լուծեմ, քան թե հացահատիկի»,- նշում է գյուղապետը:
Մեխանիզացիա չլինելու պատճառով գյուղացիները խոտհավաքման աշխատանքները ձեռքով են անում:
«Ոչ մի տեխնիկա չունենք, որ հողերը մշակենք: Մենակ մի խոտ ա, հնձում ենք, բերում անասուն պահում: Էդ էլ կաթը գին չունի, միսը գին չունի: Գյուղացին մի կերպ գոյատևում ա»,- դժգոհում է 61-ամյա Սեյրան Հարությունյանը:
Անտառամուտի տարեկան բյուջեն 6 մլն դրամ է: Գյուղապետի խոսքով՝ այն բավարարում է միայն գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձի, սոցիալական օգնությունների ու ընթացիկ փոքր ծրագրերի համար:
«Բյուջեն հիմնականում աշխատավարձ ենք տալիս: Գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձը կազմում է տարեկան մոտ 4 մլն դրամ: Կամավոր լիազորությունների շրջանակում այս տարի որոշվել է գյուղի երկու ուսանողների 30.000 դրամի չափով աջակցել, ևս 10.000-ական դրամ տրվում է ընտանիքի անդամի մահվան դեպքում,- ասում է գյուղապետն ու համոզիչ տոնով շարունակում,- Իրոք, քիչ ա էդ գումարը, չեք կարող ձեր իմացածի պես անեք էն աշխատանքը, որը գյուղացուն գոհացնի: Իմ զայրույթը, իմ վատ զգալը հենց դրա համար է, որ եթե զգում էս էդ բանն էսօր գյուղին պետք ա, բայց հնարավորություն չկա… Մարդիկ էսօր հարկերն էլ չեն կարողանում վճարել: 3 մլն-ից ավել ապառք ունենք հավաքագրելու»:
Պաշտոնավարման 11-րդ տարում գյուղապետը որոշել է լուծել գյուղի կարևորագույն՝ ճանապարհի խնդիրը: Վահագնի-Անատառամուտ միջհամայնքային 5 կմ-ոց ճանապարհը, գյուղապետի հավաստմամբ, առաջիկայում հնարավոր է վերանորոգվի Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել