HY RU EN

Քիմպրոմցիները աշխատավարձի պահանջով կրկին հավաքվել են. մարզպետը նրանց նորից հուսադրում է

Այսօր վաղ առավոտյան ժամը 9-ին «Վանաձորի Քիմպրոմի» շուրջ 200  աշխատողներ  իրենց աշխատավարձի պահանջով կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի բակում: Մարզպետ Արթուր Նալբանդյանը արձակուրդում է: Մարզպետարանից քիմպրոմցիներին տեղեկացրին, որ նրան փոխարինող  փոխմարզպետ Արսեն Դարբինյանն էլ Երևանում է: Այսուհանդերձ, ցուցարարները հանդիպում պահանջեցին մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:

Մինչ  մարզպետարանի  պատասխանատուները ցուցարարների պահանջի  մասին կտեղեկացնեին Ա. Նալբանդյանին, Քիմպրոմի ամոնյակի  արտադրամասի հերթափոխի պետ Հրաչիկ  Մարտիրոսյանը լրագրողներին  տեղեկացրեց, որ դեկտեմբերից առ այսօր պայքարում  են իրենց չվճարված աշխատավարձի նոր պարտքերի համար, սակայն  Քիմպրոմի սեփականատիրոջից կոնկրետ պատասխան չեն ստանում. «Բայց  մարզպետը որոշակի   հույսեր է  տվել,  որ սառույցը  տեղից  կշարժվի»,- հայտնեց  Հ.Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ 2014թ.-ի  դեկտեմբեր ամսին միայն ավանս են ստացել, իսկ 2015թ.-ի անցած 8 ամիսներին ընդհանրապես աշխատավարձ չեն ստացել:  Առանձին  աշխատողներ դիմում  են գրել տնօրենին. «Սնիգիրյովն էլ, լավության կարգով նրանց աշխատավարձը տվել է: Ներկա պահին մի 350 մլն. դրամի կարգի կլինի Քիմպրոմի աշխատավարձի պարտքերը»,- ասաց Հ. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի շուրջ 9-ամսյա համառ պայքարից հետո Սերժ Սարգսյանի միջամտությամբ 2014թ.-ի դեկտեմբերին վճարվել է քիմպրոմցիների աշխատավարձի 450մլն. դրամ պարտքը: Այս անգամ ևս ցուցարները վճառական էին և գտնում էին, որ Արթուր Նալբանդյանի միջոցով իրենց բողոքի ձայնը կրկին  պետք է հասցնել նախագահին. «Դե հիմա  էս երկիրը էս ձևի ա, ամեն ինչ պրեզիդենտի մակարդակով  է լուծվում»,- ասացին  վրդովված աշխատողները: Ցուցարար Վահրամին զարմացնում էր այն  հանգամանքը, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը  բառացիորեն անհաղորդ է մնում քիմպրոմցիների խնդիրներին. «Սա քաղաքապետարանն է, էն էլ մարզպետարանը: Քաղաքապետարանում ղեկավարություն չկա՞, մենք իրենց ժողովուրդը չե՞նք: Ընտրելու վախտը գալիս են, խնդրում, եկեք ընտրեք: Խի չի քաղաքապետարանից մեկը դուրս գալիս, ասում, էս մարդիկ ինչի են հավաքվել, ինչ են ուզում»,- նեղսրտած ասաց Վահանը:

«Էդ իրենց է թվում, որ ես իրենց հարցով չեմ զբաղվում: Քաղաքապետը ինչ  կարող է անել, դա սեփական ընկերություն է: Ես սեփականատիրոջը խնդրել եմ, որ վճարի էդ մարդկանց աշխատավարձը: Բայց սայլը տեղից չի շարժվել»,- հեռախոսով «Հետքին» հայտնեց Վանաձորի քաղաքապետը՝ նշելով. «Դիմել եմ նրան, ով կարող է ազդել սեփականատիրոջ վրա»,- ասաց նա: Իսկ թե ինչու  ցույցերի ժամանակ չի մոտենում ցուցարաներին, որոնք նաև իր ընտրողներն են, Սամվել Դարբինյանը պատասխանեց. «Իրենք ինձ մոտ չեն գալիս, գնում են մարզպետարան»:

Ցույցին մասնակցող Մարտուն Առաքելյանի աշխատավարձի պարտքը կազմում 0,5մլն. դրամ. «Մեզ աշխատավարձ տալու որդեգրված այս կարգը  հաճելի չէ: Վերջապես ընտանիք ենք պահում»,- դժգոհեց Մարտունը:      Աշխատանքից կրճատված Համլետ Հարությունյանն էլ զարմացած  էր, որ Քիմպրոմի  սեփականատերը նույնիսկ իր 67 հազար դրամ պարտքը չի  կարողանում վճարել: Մինչ ցուցարաները ենթադրություններ էին անում Քիմպրոմի սեփականատիրոջ մասին, մարզպետարանից հայտնեցին, որ արձակուրդի մեջ գտնվող Ա. Նալբանդյանը աշխատողների հետ կհանդիպի  այս հինգշաբթի՝ առավոտյան ժամը 9-ին:

Վանաձորի Քիմպրոմի  աշխատավարձի շուրջ  ստեղծված իրավիճակի մասին «Հետքը» զրուցեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ. «Ես մի քանի անգամ ԱԺ–ում բարձրացրել եմ իրենց հարցը: Ոչ մի արդյունքի չեմ հասել: ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստի հայտարարություններին, հնարավոր է նաև կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նորից  բարձրացնեմ   խնդիրը: Քիմպրոմի աշխատողների չվճարվող  աշխատավարձի հարցով անցյալ տարի իմ նախաձեռնությամբ կազմակերպվել է վարչապետի և աշխատողների  հանդիպումը: Անձամբ ես չգիտեմ ով է Քիմպրոմի  սեփականատերը: Այդ մասին հարցրել եմ նաև վարչապետին, հստակ  պատասխան չեմ ստացել: Այս գործը  պետք է հստակեցվի: Իմ կարծիքով Քիմպրոմը ապագա չունի: Եթե չի աշխատելու, թող  մարդկանց  հետ  վերջնահաշվարկ անեն»,- պատասխանեց ԱԺ պատգամավորը:

Քիմպրոմի թունավոր նյութերի մասին, որն ըստ աշխատողների վտանգավոր է տեղաշարժել, որի պատճառով էլ չեն կարողանում դադարեցնել ձեռնարկության աշխատանքը, Մարուքյանն ասաց. «Ճիշտ են ասում, պետք է դրանց անվտանգության հարցով դիմել Արտակարգ իրավիճակների  նախարարությանը»: