
Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահին
Օգոստոսի 28-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջիին:
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպան Մարտիրոսյանի առանձնազրույցը Հնդկաստանի նախագահի հետ։
ԱԳՆ հաղորդմամբ՝ նախագահ Մուկերջիին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների կապակցությամբ։ Նախագահը նշել է երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացման համար զգալի ներուժի առկայությունը, ինչպես նաև հավաստել, որ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար: Մուկերջին իր խոսքում ընդգծել է Հնդկաստանի կյանքի տարբեր բնագավառներում պատմականորեն հայերի ցուցաբերած մասնակցության և դերակատարման նշանակությունը։
Դեսպան Մարտիրոսյանը իր հերթին նշել է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է խորացնել Հնդկաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նա կարևորել է համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելել, որ Հայաստանը և Հնդկաստանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաև միջազգային ասպարեզում: Դեսպան Մարտիրոսյանը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել շփումերը զբոսաշրջային կարողությունների և գիտական ու համալսարանական փոխադարձ կապերի ընդլայնման և խորացման ուղղությամբ։
Զրույցի ավարտին Հնդկաստանի նախագահը խնդրել է Հայաստանի դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել Սերժ Սարգսյանին: Հաջողություն մաղթելով դեսպան Մարտիրոսյանին իր գործունեության մեջ` Հնդկաստանի նախագահը հույս է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում առավել կընդլայնվեն և կխորանան:
Մեկնաբանել