HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վասիլ Ստուսի հիշատակին.Ռազմիկ Մարկոսյան

Հիշիր, որ ընկնելիս աղոթք պիտի ասես:

                                                      Վ. Ստուս

 30 տարի առաջ այս օրը Ռուսաստանի Պերմի մարզի Կուչինո ավանում տեղակայված ԳՈՒԼԱԳ-ի մահվան ճամբարի մենախցում, 47 տարեկան հասակում, ավարտվեց ուկրաինացի բանաստեղծ, խորհրդային տարիների այլախոհ, այժմ` Ուկրաինայի ազգային հերոս Վասիլ Ստուսի կյանք-նահատակությունը: Զարմանալի զուգադիպությամբ` նրա քաղաքական գործունեությունը սկսվել էր 20 տարի առաջ նույն օրը` Կիևի «Ուկրաինա» կինոթատրոնում Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կազմակերպված միտինգին ունեցած մասնակցությամբ: Այդ օրը ի պաշտպանություն կալանավորված վաթսունականների ելույթը նրա առաջին քաղաքական քայլն էր ընդդեմ պետական համակարգի ապօրինի գործունեության: Ստուսի կյանքը երկու զուգահեռ ռելսերի` քաղաքականության ու պոեզիայի վրա ընթացող գնացք էր:

1965-ին Ստուսը փորձում է հրատարակել իր առաջին`«Ջրապտույտ» գիրքը: Բայց հեղինակի գաղափարա-գեղարվեստական չափանիշներն ու քաղաքացիական դիրքորոշումը հրատարակիչներին չեն բավարարում: Հաջորդ ժողովածուն`«Ձմեռային ծառերը», նույնպես մնում է հրատարակչությունում: 1970-ին այն լույս է տեսնում Բելգիայում, ինչից հետո Ստուսը վերջնականապես դառնում է համակարգի հալածյալը:

1972-ին Ստուսը ձերբակալվում է հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա վարելու մեղադրանքով: Մեղսագրման համար հիմք էին ծառայում նրա 14 բանաստեղծություններն ու 10 իրավապաշտպանական և գրականագիտական հոդվածները: Դրանց մեջ էր նաև Պավել Տիչինայի մասին գրված «Դարաշրջանի ֆենոմենը» էսսեն: 

1979-ի օգոստոսին վերադառնում է Կիև: Ելույթ է ունենում ի պաշտպանություն ՈւՀԽ (Ուկրաինայի Հելսինկյան խումբ) բռնադատված անդամների:

«Կիևում իմացա, որ Հելսինկյան խմբին մոտ կանգնածներին հալածում են  ամենաստոր ձևով: Համենայն դեպս, այդպես էին դատել Օվսեենկոյին, Գորբալին, Լիտվինին, հետո այդպես պատժեցին Չերնովիլին ու Ռազումնիին: Այդպիսի Կիև ես չէի ուզում: Տեսնելով, որ խումբը փաստորեն մնացել է բախտի քմահաճույքին, ես անդամակցեցի նրան: Այլ կերպ չէի կարող վարվել: Եթե կյանքս խլված է ինձնից, փշրանքների կարիք չեմ զգում… Հոգեբանորեն ընկալում էի, որ բանտի դռներն արդեն բացված են ինձ համար, որ մի քանի օրից դրանք իմ հետևից   կփակվեն, ու կփակվեն երկար ժամանակով: Բայց ի՞նչ կարող էի անել: Ուկրաինացիներին արտասահման գնալ չէին թույլատրում, թեև սահմանն անցնելու ցանկություն էլ չունեի. իսկ ո՞վ պիտի այստեղ` Մեծ Ուկրաինայում, ընդվզման ու բողոքի ձայն բարձրացներ: Դա ճակատագիր է, իսկ ճակատագիրը չեն ընտրում: Այն ընդունում են ինչպես որ կա: Իսկ թե չընդունենք էլ, ինքը բռնությամբ կընտրի մեզ… Բայց ես չեմ պատրաստվում գլուխ խոնարհել` անկախ ամեն ինչից: Իմ թիկունքին  իմ Ուկրաինան է, իմ ճնշված ժողովուրդը, որի պատիվը ես պիտի պաշտպանեմ մինչ ի մահ»:    

Իսկ 1975-ին՝ մահվանից տասը տարի առաջ պոետը գրում էր. «Հերոսության բոլոր հնարավոր տեսակներից մեր պայմաններում գոյություն ունի միայն մեկը՝  նահատակվելու, պարտադրաբար զոհաբերվելու հերոսությունը: Այս երկրի համար ցմահ խայտառակություն կլինի այն, որ մեզ խաչին գամեցին ոչ թե ինչ-որ արմատական հասարակական դիրքորոշման, այլ  ինքնասիրության զգացում, մարդկային ու ազգային արժանապատվություն ունենալու համար»:

1980-ին Ստուսը Կիևի մարզային դատարանի կողմից դատապարտվում է 10 տարի հատուկ ռեժիմի կալանքի և 5 տարի աքսորի: Հայտարարվում է հատուկ վտանգավորության կրկնահանցագործ: Ի պաշտպանություն Ստուսի` Մադրիդյան համաժողովի մասնակիցներին է դիմում ակադեմիկոս Անդրեյ Սախարովը: 

1983-ին Ստուսին հաջողվում է լիտվացի Գայաուսկաս ամուսինների միջոցով բանտից դուրս հանել իր «Ճամբարային տետրից» վերնագրով գրառությունը: Դրա հրապարակումը Արևմուտքում, ինչպես նաև Ստուսի ստեղծագործությունները Նոբելյան մրցանակի ներկայացնելու կապակցությամբ միջոցառումները պատճառ են հանդիսանում, որ Ստուսի նկատմամբ ճնշումը մեծանա:

1985-ի օգոստոսի 28-ին Ստուսին հերթական անգամ անհիմն մեղադրանքով պատժախուց են նետում, որտեղ նա անժամկետ հացադուլ է հայտարարում: 1985-ի սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը նա մահանում է:

Ստուսի մահին հաջորդում է նրա արդարացումը` 1990-ին:

1993-ին Ստուսի գրական ժառանգությունն արժանացել է Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի: 1994-1999-ին ինը գրքով լույս է տեսել Ստուսի ստեղծագործությունների վեցհատորյա ժողովածուն: 1998-ին հետմահու պարգևատրվել է Յարոսլավ Մուդրիի շքանշանով: 2005-ին Ուկրաինայի ազգային հերոսի կոչում է ստացել:

Ստուսը հայ քաղբանտարկյալների սրտակից ընկերն էր, Ազգային Միացյալ Կուսակցության համակիր անդամ: Մեր` հայ այլախոհներիս` Հայաստանի պատմական անցյալից սկիզբ առած ու պատմականից քաղաքականի վերածված անարդարությունները ծանոթ էին նրան ու համակարգի հետ իր սեփական կռվի մասն էին կազմում:

«Պիտի ասեմ, որ բոլոր այն հայերը, որոնք ինձ հետ աղ ու հաց են կիսել (Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը), վեր են ամեն տեսակ գովասանքի խոսքից: Ես նրանց երախտապարտ եմ այն բանի համար, որ իմ ընկերն են եղել: Խնդրում եմ, ինձ տեղյակ պահեք` ինչպես են Պարույրն ու Ռազմիկը: Ուզում եմ իմանալ` ինչպես են զգում իրենց: Ռազմիկին խոստացել են, որ Պարույրն իր հետ կլինի: Բայց որտե՞ղ: Նրանց տեղն այս տարի կարող է շատ անկանխատեսելի լինել: Խնդրում եմ, նրանց իմ ջերմ ողջույններն ուղարկեք»: Թող նրանք` Ռազմիկն ու Պարույրը, իմանան, որ ես առաջվա պես սիրում եմ իրենց ու երախտապարտ եմ երկար ամիսների ընկերության ու համատեղ պայքարի համար»:

«Վերջերս գրել եմ Ռազմիկին ու Պարույրին: Ռազմիկից նամակ ստացա: Նրան երկուսն ուղարկեցի: Ի դեպ, չեկիստն ասում էր, որ հայերի մասին ինչ-որ հոդված է լույս տեսել, որի մեջ իմ ազգանունն էլ կա: Ասաց` հոդվածում խոսվում է իմ ոտքերի, ձեռքերի մասին: Մոտը պատճեններ կային, որոնք հրաժարվեցի կարդալ»

Սրանք պատառիկներ են Ստուսի` բանտից գրված նամակներից:

Ընդհանուր ցավը հզոր մերան է, և մեր` խորհրդային քաղբանտարկյալներիս համար  ռեժիմի կամայականություններից ծնված ցավն ու մեր ազգային ինքնության պահպանման ձգտումը գրեթե նույնացրել էին մեզ: Մեր պայքարը աշխարհի քաղաքակիրթ հանրությանը վկայում էր մեծապետական բռնատիրության ու հետևողական ապազգայնացման հնարավոր պարտելիությունը: Եվ այդ պայքարի առաջատար մահապարտներից մեկը ուկրաինացի պոետ Վասիլ Ստուսն էր:  

Շուտով առաջին անգամ հայերեն թարգմանությամբ կներկայացվի Ստուսի բանաստեղծությունների ժողովածուն:

Ստորև ներկայացնում ենք ժողովածուի բանաստեղծություններից:

Վասիլ Ստուս

* * *

Բարև քեզ, բարև, թխաչյա իմ տող,

Իմ անքնության քույրը լինես թող,

Կասեցրու նրան, ակնթարթ իմ վեհ,

Ափերիս համար աղոթքն է պատեհ:

 

Կապույտ աղավնի, ցավիս՝ մեծ պատիվ,

Երեկո է արդ, փետուրդ է խռիվ,

լսելի ես դու, քան երևելի,

դրոշմ առավել, այլ ոչ՝ թևելի:

 

Բարբառիր, իմ բառ, դու հասուն իմ ցավ, 

Եվ երբ քո մասին շշնջամ՝ «հարեավ»,

փրկիր ինձ ծանր այս բեռից անգիր,

Ու խնդությունից դու նույնպես փրկիր:

 

Քանի ծաղկում են ափերս  կլոր,

Տերև է տալիս սիրտս շուրջբոլոր,

Քանի դեռ խոհս երկար է քանց զանգ,

Զանգի պես կլոր՝ սրտիս ամեն հանգ,

Դու սափորի պես իմ ներսը լցրու

Մի անհուն սիրով ու հույսով հլու:

Եվ ըղձանքիս սուրբ ծաղկանց հատուցում՝

Իմ այս տողերի տքնանքը վերցրու: 

* * *

Հանգիստ տուր ինձ, տեր: 

Փայլն այս խաբուսիկ, հոգու ինքնազավթումը,

Սոսկ նմանակում են նենգ, որ խաթարում են

Մեղքի ու մարդկայնության տարանջատումը:

Ծարավն այս կիսաիրերի ու կիսամարդկանց

Մարած աշխարհում, մեռած հիրավի,

Այնպես անտանելի է ապրող մարդու համար,

Եվ ինքնալլկում է ճիչը կեղեքված այս արևի:  

Հանգիստ տուր ինձ, տեր:

Վանիր իմ հոգուց տենչանքը նոր արարքների:

Տուր ամենակարող մահ, որ ես խաղաղվեմ,

Որ հանդարտվի հոգիս ու հասկանամ, որ

գիտակցելով ենք մենք այս ճամփան անցել,

Սագի պես ջուրը մտել, դուրս ենք եկել չոր:

Հանգիստ տուր ինձ, տեր:

Որ կանգ առնեմ ես, որ բաժան ճամփաների վկան

Ինքնավերադարձը լինի: Եվ տուր սահմանն իրական

Կյանքի ու մահի, ցերեկվա ու գիշերների գաղջ,

Ստի ու ճշմարտության միջև, բայց նախ և առաջ

Հանգիստ տուր ինձ, տեր:

Խաղաղություն հոգուս, չխեղվելու հնար: Տեր,

Մարդկանց այս երկրին ուշադրություն դարձրու,

Դուրս է եկել նա իր  ուղեծրից, ու շատ է տարօրինակ

Երկիր մոլորակի առաջընթացն այս մահացու:

Շատ է սեղմված համբերությունը զսպանակի:

Կորչում են հոգիներն ինքնասառեցված,

Իսկ դուք հապա նայեք այս մարդակապկին՝

Բերանքսիվայր ահա սառույցին ընկած,

Փշոտ լեզուն այնպես ծիծաղելի կախած,  

Նա երկու թաթով իր մորթն է սանրում արժանի

Ու համբերատար սպասում իր դարաշրջանին:

Երկրի վրա հոգու համար շատ է քիչ տեղը,

Այս մոլորակի վրա հոգու տեղը շատ նեղ է,

Ապրելն այստեղ մեջք ծռելն է, ու սիրտ է պայթում

Ինքնավսեմացումի այս որոգայթում:

Հանգիստ տուր ինձ, տեր: 

Վերջապես խաղաղվել է հարթությունը

Այս լողացող-սահող անիմաստության:

Ծածանվում է ծովը հալչող դառնությունների

Ու մեզ ահաբեկում, վախեցնում է էլի

Թե երկար կսպասենք մենք մահվանն օրհնյալ,

Թե կկրենք այս բեռն այստեղ մինչև վերջ:

Որ հեռու է ինքնանհետացումը կատարյալ

Հավերժող անաղարտն այն անէության մեջ:

Կամ հանգիստ թող ինձ, կամ հանգիստ տուր, տեր:

* * *

Թե  չլինեիր, ձմեռն ինձ համար

Մի սառած փողոց կլիներ երկար,

Անծայր մի փողոց կլիներ մահու,

Կյանքն էլ կսառչեր, թե չլինեիր դու:

Թե չիմանայի, որ անձայնության

Ու խավարի մեջ այս սև մթության 

Չկա քո մոմը, որ վառվում է հեզ,

Գուցե խենթացած կլինեի ես:

Օրերս ասես մոռանում են ինձ,

Իսկ ես նայում եմ այս պատուհանից,

Ու տենում եմ ես աչքերը քո նուշ,

Ուկրաինա, Մայր, դու Կին իմ անուշ:

Թե չլինեիր, ես ցած կընկնեի,

Ես հնձվածի պես կտապալվեի,

Բայց պարզել ես դու քո թևերն ահա

Իմ միայնության պատկերի վրա,

Եկել ես այստեղ՝ շշնջաս էլի.

-Դու ես որդին իմ, այրն իմ սիրելի:

* * *

Ես ճանաչում եմ այն, ինչ անդին է մահից.

Գաղտնի արարքների ուժը անհուն,

Եվ ամբողջ խավարը, որ գալիս է երկնից,

Եվ կավը այս երկրի երերուն:

Դժվար է ապրել այդ գիտությանը

Ապավինելով դատարկ տունդ փտած,

Դժվար է նաև այդ զորությանը

Հենել քո տանիքի ծածկը ճկված:

Նեխումն ամեն բան իր տակ է վերցրել,

Պատել է քեզ, հաղթել ու մեռցրել:

Եվ դու էլ երբեք չես կենդանացնի

Սիրտը քո փխրուն ու դյուրահավատ,

Ամենն իր հանգույն: Աշխարհն էլ կանցնի,

Ուր զորացել է հոգիդ լավ թե վատ:

Դա է գիտելիքն այս աշխարհի գոս,

Եվ ծանր հատուցումը քո, հերետիկո՛ս:

Բայց նայիր, ահա, մարդասպանի՛դ տես,

Ձեռքն է իր մեկնում նա՝ ժպտադիմակ,

Գոհ ու երջանիկ կյանք է մաղթում քեզ՝

Թաքուն պահած ոխն իր հանց դանակ:   

* * *

Դու նախանձիր ինձ, նախանձիր, Բալզակ,

Որ փարաջա ունեմ, նստել եմ մենակ:

Շուրջս լուռ ու մութ է, ու ես վհուկի պես

աչքերս չռած՝ նայում եմ աշտարակներին,

որ խենթերի պես ցրված են մին-մին.

Ի՜նչ երանություն այս տարաժամին:

Բայց հենց նույն պահին սթափվում եմ հանկարծ,

Ու պատրանքներս՝ քաղցր, վտարված

Ասում են՝ լսիր, ինչո՞վ ես տարված.

Տրտում մի հորիզոն անհույսի ներքո՝

Ահա քո հայրենին ու բաժինը քո: 

* * *

Ռազմիկ Մարկոսյանին

Ու պարզեց ձեռքն իր Աստված,

Զատկական աստղեր ցանեց,

Անթիվ աստղերից անդին

Նա ողկույզ մատուցանեց:

Օծվեց կապույտը երկնի

Տրտում ոսկով հուրհրան,

Լույս իջավ վերից հանկարծ,

Հոգիս մարմնիցս տարան:

Ձնաբուք հեծկլտացող,

Մերկ փշալարեր սառած:

Աշխարհը լույս լինի թող,

Փառավորի թող Աստված:

 * * *

Տեր, տուր, մեզ այսօ’ր: Ինչ էլ որ լինի,

Այսօ’ր տուր մեզ, Տեր: Վաղն ուշ կլինի:

Մարում են խարույկներն ուկրաինական,

Մարում է երկրում իմ ամենը, ինչ կա:

Իմ ճամփան է մարում անջուր ու չոր,

Մարում է ծարավից հոգին իմ տոչոր:

Թե Աստծո աչքը չի տեսնելու մեզ,

Դե, ուրեմն, ցավ, մոլեգնիր հրկեզ:

1969, մարտ

 * * *

 Ինչ լավ է, որ ես չեմ վախենում մահից,

Որ վաղուց եմ ընտրել ծանր խաչ,

Որ չեմ խոնարհվում դատավորների

Ու ոչ էլ անհայտ բախտի առաջ:

Որ ապրել եմ, սիրել, որ չեն պղծել ինձ

Զղջում ու նզովք, տրտունջ ու թախիծ:

Սպասիր ինձ, կգամ ես դեռ, իմ ժողովուրդ,

Կանցնեմ մահվան միջով, կգամ դեպի կյանք,

Ես շիտակ կնայեմ աչքերիդ մաքուր,

Դու աչքերիս մեջ կտեսնես բերկրանք:

Կասեմ որդիդ եմ ու ծունկի կգամ,

Կփարվեմ հողիդ, հողդ կդառնամ:

Առաջին լուսանկարում` Վասիլ Օվսիենկոն և Ռազմիկ Մարկոսյանը(ձախից) 

Մեկնաբանություններ (1)

Հրաչ Մարտիրոսյան
Հիշեցի 1984 թե 1985թ.աշնանային այն օրը, երբ դասերից հետո, կեսգիշերով Պոլիտեխնիկից մինչև 1-ին մաս ոտքով անցանք և դու առաջին անգամ ինձ պատմում էիր քո ճամբարային կյանքից, ինչպիսի ջերմությամբ ու հիացմունքով էիր հիշոմ Վասիլ Ստուսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter