HY RU EN

«Հայաստանի էլեկտրական ցանցերն» ուզում է սնանկ ճանաչել «Նաիրիտը»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս տարվա մայիսին դիմել է դատարան «Նաիրիտ գործարանին» սնանկ ճանաչելու հայցով: Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գործով դատական նիստը:

Գործարանի արդեն նախկին համարվող աշխատակիցների մի մասը նույնպես դատարանում էր: Եկել էին աջակցելու և դատարանում էլ, եթե անհրաժեշտություն լինի, հաստատելու, որ դեմ են գործարանի սնանկացմանն ու սատարում են «Նաիրիտի» վերագործարկմանը:

Դատական նիստը, սակայն, հետաձգվեց, քանզի գործարանի շահերը դատարանում ներկայացնող Արմեն Աբովյանը միջնորդեց հետաձգել այն՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ի և գործարանի միջև բանակցություններ են ընթանում: «Եթե մենք այսօր ցանցերի հետ չկարողանանք հարաբերվենք, ուրեմն մենք ընդհանրապես կաուչուկ արտադրելու մասին պետք է մոռանանք»,-ասում է Արմեն Աբովյանը:

«Հետքի» հետ զրույցում Արմեն Աբովյանն ասաց, որ խոսքը 1 մլրդ 200 մլն դրամ պարտքի մասին է: Պարտը գոյացել է «Նաիրիտի» կանգնելուց հետո:

Հույսը դնելով Աստծու վրա՝ գործարանի ներկայացուցիչը նշում է, որ եթե «Նաիրիտն» աշխատի, շահույթի արդյունքում գործարանը կկարողանա մարել առաջացած պարտավորությունը: «Հնարավոր է՝ մի ինչ-որ բան ծնվի, մի բան ստեղծվի, մարդիկ օգտագործեն,-ասում է նա և քիչ անց ավելացնում,- թե գույքի վաճառքից կտանք, թե գրավադրման արդյունքում կտանք, թե ընկերությունը կաշխատի, աշխատելու արդյունքում կտա, կաշխատի՝ կաուստիկ սոդա կամ կաուչուկ կտա, ժավել կտա, դրանք բոլորը տարբերակներ են, որոնք այսօր քննարկվում են»:

Հիշեցնենք, որ թե Համաշխարհային բանկը, թե ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Նաիրիտի» գործարկումն իրատեսական չեն գտել: Մեր դիտարկմանը, թե ինչով է դատարանում հիմավորվելու «Նաիրիտի» գործարկումը, որպեսզի դատարանը հայցապահանջին հակակշիռ փաստարկ դիտարկի, փաստաբանը դժվարացավ պատասխանել: Փոխարենը նշեց, որ կառավարության մակարդակով հայտարարություն չի հնչել, որ «Նաիրիտը» պետք է փակել: Այդուհանդերձ, գործարանի ներկայացուցիչը խոստովանում է, որ լավատես է:

«Ես չեմ կարող էս պահին էդ առաջարկը դատարանին ներկայացնել, եթե կարողանայի՝ կներկայացնեի, դուք էլ էստեղ չէիք լինի, ես էլ էստեղ չէի լինի, իմ համար իմ կաբինետում կաշխատեի: Դեռևս գործընթաց է, որ շարունակվում է»,-ասաց Արմեն Աբովյանը:

Ըստ փաստաբանի՝ «Նաիրիտ գործարանն» այօրվա դրությամբ ունի 70 մլրդի գույք, միայն տարածքը 120 հա է: Բացի դրանից, գործարանինն են նաև աղի հանքը, կապույտ լճերը և այլ տարածքներ, որոնց վաճառքից առաջացած գումարները նույնպես կարող են ծառայել պարտքի մարմանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերին: 

Հիշեցնենք, որ սա «Նաիրիտ գործարանը» սնանկ ճանաչելու առաջին հայցապահանջը չէ: Անցյալ տարի իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության՝ սնանկության հայցը կարճվեց: