HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թամար Պողոսյանը ՀՀԿ-ից նեղացած չէ, բայց ընտրեց ԲՀԿ-ին

«Հետքի» հարցերին պատասխանում է մշակույթի նախկին նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը: Նա վերջերս դարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մշակութային հարցերով խորհրդական:

Անդամագրվել եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ի՞նչ նպատակով եք կուսակցական դարձել:

Նպատակը մեկն է. առաջիկայում երկրում տեղի են ունենալու քաղաքական լուրջ իրադարձություններ, որոնք որոշակի ազդեցություն կունենան Հայաստան երկրի հետագա զարգացումների, տնտեսական զարգացումների եւ այլ ոլորտներում: Ես կարծում եմ` որպես քաղաքացի պարտավոր ենք որոշակի մասնակցություն եւ դիրքորոշում ունենալ առաջիկա այդ գործընթացների վերաբերյալ: Կարծում եմ, իմ կարգի անձնավորությունը չի կարող չեզոք, կրավորական դիրքորոշում ունենալ, եւ որոշակի մտահոգություններ ունենալով առաջիկա գործընթացների վերաբերյալ` որոշել եմ իմ մասնակցությունը բերել այդ գործընթացներին եւ լինել ուղիղ գործընթացների կիզակետում, այլ ոչ թե դիտորդի կարգավիճակ ունենամ: Ես ունեմ կուսակցական ճանապարհ, պետական կառույցներում աշխատելու մեծ փորձ, ի վերջո, ես կարեւորում եմ իմ պատասխանատվությունը երկրի հետագա զարգացումների, քաղաքական գործընթացների առջեւ:

Կարո՞ղ ենք ասել, որ ցանկանում եք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ պատգամավոր ընտրվել:

Դա ոչ օրակարգային հարց է, ոչ նպատակ է, ոչ էլ գերխնդիր: Հավաստիացնում եմ Ձեզ, որ ոչ պաշտոնները, ոչ պատգամավորական պորտֆելները, ոչ մի բան ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է միայն, թե այսպիսի զարգացումներով ո՞ւր ենք տանում մեր երկիրը: Մասնակցել քաղաքական քննարկումներին, ունենալ դիրքորոշում, եւ որպես քաղաքացի կարողանալ որոշակի ներդրում բերել այս գործընթացներում: Ես այն տեսակը չեմ, որ գամ այստեղ պաշտոնների կամ պատգամավորական խնդիրներ լուծելու համար:

Մինչեւ 2004թ, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եք եղել: Ինչո՞ւ չվերադարձաք նախկինում Ձեզ հարազատ կուսակցություն:

Նախ հիշենք, թե ինչու ես հեռացա ՕԵԿ-ից: Հեռացա, որովհետեւ առկա էին սկզբունքային տարաձայնություններ, ներկուսակցական գործընթացների եւ բազմաթիվ այլ հարցերում ունեցել ենք տարաձայնություններ: Յուրաքանչյուրս, հարգելով իր սկզբունքներն ու դիրքորոշումները, հեռացել ենք միմյանցից: Սա նորմալ բան է` առանց որեւէ անձնական խնդիրների: Հարգում եմ ե'ւ կուսակցությանը, ե'ւ կուսակից ընկերներին, բայց երբ սկզբունքային հարցերում ունենք տարբեր դիրքորոշումներ, բնականաբար, որեւէ մեկը պետք է զիջեր:

Հիմա էլ կա՞ն այդ տարաձայնությունները:

Արդեն 7 տարի է` չեմ մասնակցում, կուսակցական խոհանոցին չեմ տիրապետում: Կարծում եմ` ժամանակին ես շատ ազնիվ եմ եղել, այդ մասին խոսել ենք կուսակցության նախագահի հետ եւ բարեկամաբար իրարից հեռացել ենք:

Իսկ Հանրապետականի հետ տարաձայնություն ունե՞ք, որ առանց երկմտելու միանգամից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ դարձաք:

Հանրապետական կուսակցության անդամ դառնալու մտադրություն ընդհանրապես չեմ ունեցել: Եթե նման մտադրություն լիներ, ապա ես 2004-ից կառավարության «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրենն էի: Հաշվի առնելով, որ այն մշակութային հիմնադրամ է, պետք չէ քաղաքականացնել, եւ այդ հիմնադրամը կայացնելու համար ապաքաղաքական գործադիր տնօրենը շատ ավելի օգտակար կլիներ, քան կուսակցական լինելը:

2011թ, սեփական դիմումի համաձայն հրաժարվել եմ այդ հիմնադրամի գործադիր տնօրենը լինելուց, որը հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունվել է, այնուհետեւ ես որոշում եմ կայացրել զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իսկ մամուլում հրապարակված այն նյութերը, որ չարաշահումներ են եղել հիմնադրամում եւ այլն, բացարձակ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ վերահսկիչ պալատի կողմից ստուգման արդյունքները դեռեւս պաշտոնապես հրապարակված չեն, եւ հույս ունեմ, որ առաջիկայում կլինեն: Կլինեն այդ ստուգման արդյունքները, գնահատական կստանաք տիկին Պողոսյանի վերաբերյալ` որպես հիմնադրամի գործադիր տնօրեն: Մնացած եզրակացությունները թողնում եմ ձեզ:

ՀՀԿ անդամ Հրանուշ Հակոբյանի հետ տարաձայնություններ ունեիք, հնարավո՞ր է նրանից «վրեժ» լուծելու համար դարձաք ԲՀԿ անդամ:

Բացարձակ, նման խնդիր չկա: Իմ որոշումները երբեք չեմ անձնավորում: Երբեք կուսակցության քաղաքական գիծը, կուսակցության սկզբունքները չի կարելի անձնավորել, առավել եւս դարձնել մեկ մարդու նկատմամբ հարցեր, խնդիրներ լուծելու պատասխան քայլ: Կարծում եմ` իմ տեսակ մարդու համար դա անհարիր է: Իհարկե, ցավում եմ, որ այդպես եղավ, բայց դա երբեք չէր կարող որոշիչ լինել տվյալ կուսակցության հետ իմ հարաբերությունների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter