
Մարցի մեղվաբույծները դեմ են Մոտկորում հանք շահագործելուն
Մարցեցի Հարութ Աբովյանը 20 մեղվափեթակ ունի: Այս տարի Հարութի մեղուները 200 կգ մեղր են տվել: «Եթե մեղր արտադրողը լավ մարդ է, մեղրի որակը չի կարող վատը լինել: Բայց եթե վայիս մարդ է, ինքն ամեն հնարք պետք է գտնի, որ գնորդին խաբի»,-ասում է նա: Հարութի խոսքով` անարատ և որակյալ մեղր ստանալու առաջին նախապայմանը շրջակա առողջ միջավայրն է: Փեթակներից շուրջ 7 կմ հեռացող նրա մեղուները նեկտար են հավաքում Մոտկորի վայրի անտառներից: Մարցի մեղուները հիմնականում լորենու ծաղկից են սնվում: «Իմ ստացած մեղրի 70-80 տոկոսը լորենու մեղր է, որն ավելի դեղին է»,- բացատրեց Հարութը: Թոքային հիվանդություններ ունեցող մարդիկ Հարութից են լորենու մեղր գնում:
Մասնագիտությամբ գյուղատնտես մեղվաբույծը վստահեցնում է, որ մեղր արտադրելիս մեղուներին շաքարավազ չի տալիս, ամռանը մոտ 40-50 շրջանակով մեղր է հետ քաշում`վաղ գարնանը մեղուներին կերակրելու համար: Փեթակը մեղվաբույծի համար ոչ միայն աշխատանք ու եկամտի աղբյուր է, այլև մեղուների կյանքին հետևելու հաճույք: «Ձմռանը տաքանալու համար մեղուները դառնում են կծիկ: Դրսի ճանճը սառչում է, մեջտեղինը՝ տաքանում: Հետո մեջտեղի ճանճը դուրս է գալիս դուրս, դրսինը մտնում է կծիկի ներս: Ճանճը եթե սառեց, սատկում է: Մեղուների տաքությունը միաբանության մեջ է»,- պատմում է նա: Հարութն իր ստացած մեղրը 1կգ-ը 3500 դրամով իրացնում է բարեկամների, ընկերների և համագյուղացիների միջոցով: Եկամտով էլ պահում է Երևանում սովորող իր երկու ուսանող երեխաներին:
Մարցի հայտնի մեղվաբույծներից է Հրանուշ Ղազարյանը: Նա իր սկեսրայրից է սովորել մեղրի արտադրության գաղտնիքները: «Մոտկորի Իքատակ հանդամասում տարիներ առաջ ամուսնուս հայրը Գագիկ Ծառուկյանի համար 300 փեթակ մեղու էր պահում: Ես և ամուսնուս քույրը սկեսրայրիս օգնականներն էինք: Այն ժամանակվանից էլ սովորել եմ մեղրի ատադրության գաղտնիքները»,- պատմեց Հրանուշը: Այս տարի իր 30 փեթակից Հրանուշը 400կգ մեղր է ստացել` նախորդ տարվա 700կգ-ի փոխարեն: Հրանուշը մեղրի խանութ չի բացում, որովհետև մեղրը կանխիկ փողով ոչ ոք չի գնում: «Մարդիկ նպաստի, թոշակի և աշխատավարձի հույսով նիսյա են վերցնում»,- ասաց նա: Մեղվաբույծի ասելով՝ եթե իր մեղրի սպառման կայուն շուկա ունենա, կարող է նույնիսկ 1500կգ մեղր արտադրել: Հրանուշը 1կգ մեղրը վաճառում է 4000 դրամով և չի դժգոհում իրացումից:
Մոտկորի բնությունը էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության բացառիկ միջավայր է: Հրանուշը կարծում է, որ հենց այդ պատճառով էլ Մարցում արտադրված մեղրը բուժիչ է և պահանջարկ ունի: Մեղվաբույծները դեմ են «Մարց-Պրվաշեն-Բուդաղիձորի» ոսկու բազմամետաղային հանքի շահագործմանը: «Հանք բացելուն շատ դեմ ենք և դժգոհ, բայց ի՞նչ կարող ենք անել: Ո՞վ է մեզ նայում: Մենք Մարցիգետի վրայի հէկերին էլ էինք դեմ, բայց կառուցեցին: Մեր մեղուն նեկտար բերելու համար մինչև Իքատակ հանդամաս է գնում: Հանքը կվնասի մեր մեղուներին»,- անհանգստանում է Հրանուշը: Հարութ Աբովյանի ասելով էլ Մոտկորի բնության հավասարակշռության խախտման համար ոչ միայն մեղուները, այլ մոտկորցիները հետո թանկ կվճարեն:
Մեկնաբանել