
Մի ցուցանմուշի պատմություն. գիրքը, որ բացահայտեց Արա Սարգսյանի ողջ կյանքի գաղտնիքը
Աննա Բաբաջանյան
Հայ խորհրդային քանդակագործ, Հայաստանում առաջին` Երեւանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր Արա Սարգսյանի կենսագրությունում այսօր է, որ հնարավոր է կարդալ նաեւ հետեւյալը` «Նեմեսիս» ծրագրի մասնակից: Շատ երկար տարիներ վարպետը թաքցրել է այդ փաստը խորհրդային իշխանություններից: Եվ միայն 1969-ին, երբ քանդակագործը ոտքի կոտրվածք է ստանում ու հայտնվում հիվանդանոցում, պարզվում է ողջ եղելությունը: Իսկ դրան նպաստում է ցուցանմուշը, որն այսօր արդեն խնամքով պահվում է Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի տուն-թանգարանում:
Բանն այն է, որ երբ Արա Սարգսյանը պառկած էր հիվանդանոցում, անսպասելի կերպով մի նվեր է ստանում հայ վրիժառու, ՀՅԴ անդամ Արշավիր Շիրակյանից: Վերջինիս ինքը ճանաչում էր դեռ պատանի հասակից: Իսկ նվերն առաջին հայացքից սովորական մի գիրք էր, որն իրականում պարունակում էր քանդակագործի ողջ կյանքի թերեւս ամենամեծ գաղտնիքը: Դա Շիրակյանի «Նեմեսիս» գործողության մասին պատմող գիրքն էր, որտեղ վերջինս, զգուշանալով այն հանգամանքից, որ Արա Սարգսյանի գաղտնիքը կարող է բացահայտվել, նրան ներկայացրել էր իր անվան սկզբնատառերով` իբրեւ «ոմն Ա.Ս.»: Շիրակյանը նվերն ուղարկել էր ԱՄՆ-ից մի դաշնակահարուհու` Լյուսի Իշխանյանի միջոցով` խնդրելով նրան անպայման այցելել քանդակագործին: Ինչ-ինչ պատճառներով Լյուսի Իշխանյանը չի կարողանում անձամբ գնալ հիվանդանոց եւ ուրիշ մեկին է տալիս գիրքը, որպեսզի վերջինս փոխանցի այն Արա Սարգսյանին:
Ուշագրավ է, որ Արա Սարգսյանը, ով, ըստ բժիշկների ցուցումների, պետք է դուրս գրվեր հունիսին, այդ մարդու այցելությունից հետո սկսում է ջերմել, նրա ինքնազգացողությունը վատանում է, եւ ընդամենը մի քանի օր անց քանդակագործը հեռանում է կյանքից: Մինչ օրս էլ Արա Սարգսյանի ընտանիքը սա համարում է մինչեւ վերջ չբացահայտված պատմություն` չբացառելով, որ այդ մարդու այցելությունը եւ գիրքը բերելու փաստը կարող է ուղիղ կապ ունենալ Արա Սարգսյանի անսպասելի մահվան հանգամանքի հետ:
«Դա, իհարկե, վարկած է, սակայն կարծում եմ` հստակ կապ կա այն փաստերի մեջ, որ նախ` պապս առողջ էր, բայց նրա վիճակը կտրուկ վատացավ, իսկ հետո նա խնդրեց, որ իրեն մահվանից հետո անպայման հերձեն: Չի բացառվում, որ այդ մարդու գալստից հետո КГБ-ն իմացել էր Արա Սարգսյանի` «Նեմեսիսի» մասնակից լինելու մասին եւ նրա հետ հաշվեհարդար էր տեսել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Արա Սարգսյանի թոռնուհին` Աննա Սարգսյանը:
Մեկնաբանել