
Առաջարկվում է 2016թ-ին գիտության ոլորտին 14,4 մլրդ դրամ հատկացնել
2016 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է գիտության ոլորտին հատկացնել 14 մլրդ 400 մլն դրամ գումար: ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ հիմնականում պահպանվել են նախորդ տարվա գիտական ծրագրերի գերակայությունները:
Կրթության և գիտության նախարարությունում 2016 թվականի պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրով բյուջետային հայտի առաջարկի քննարկումը վարել է Արմեն Աշոտյանը, քննարկմանը մասնակցել են ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
2016 թվականի Գիտության ոլորտի հատկացումների աճը հիմնականում ուղղվելու է Եվրոպական Միության Հորիզոն 2020 գիտական ծրագրի անդամակցության վճարի կատարմանը՝ ակնկալիքով, որ հետագայում Հորիզոն 2020-ի շրջանակում Հայաստանի գիտական համակարգը կընդգրկվի դրամաշնորհային տարբեր ծրագրերում՝ ապահովելով ֆինանսական հոսքեր գիտության ոլորտում:
Միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բյուջետային հայտին, որը սահմանված կարգով կներկայացվի կառավարություն, որտեղ կընթանան հիմնական քննարկումները և հայտը, ստանալով վերջնական տեսք կներկայցվի ԱԺ քննարկմանը:
Մեկնաբանել