
Հայաստանը սարքավորումներ կստանա ԱՄՆ-ից՝ հիվանդությունների բռնկումներին արձագանքելու համար
Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կհանձնի հատուկ ավտոմեքենա և սարքավորումներ` նախատեսված կենսաբանական արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման համար:
Սարքավորումներն օգտագործվելու են Հայաստանում վտանգավոր ախտածիններով հարուցվող հիվանդությունների բռնկումները տարբերակելու, դրանց տարածումը զսպելու և արձագանքելու կարողությունների պահպանման համար:
Միջոցառմանը ներկա կլինի Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը:
Նախարարության կայքը հայտնում է, որ ավտոմեքենայի և սարքավորումների տրամադրումն իրականացվում է ՀՀ և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ) շրջանակում, որի հիմնական նպատակն է գործընկեր երկրների հետ վարակիչ և վտանգավոր ախտածիններից ու հիվանդություններից առաջացած ռիսկերի նվազեցման ուղղությամբ համատեղ պայքարը:
Նշված ծրագրի միջոցով ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության՝ դեսպանությունում տեղակայված հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նախորդ հինգ տարվա ընթացքում իրագործել են մի շարք համատեղ ծրագրեր: ԱՄՆ աջակցությունն ուղղվել է Հայաստանում հետազոտությունների նպատակով կիրառվող ախտածինների ապահով պահպանման համար կառույցների շինարարությանն ու վերանորոգմանը:
Համատեղ ջանքերով զարգացվել են Հայաստանի կարողությունները՝ ստանդարտների և ընթացակարգերի բարելավման միջոցով ախտածինների, դրանց առնչվող տեխնոլոգիաների ու գիտական փորձագիտության վաճառքը, գողությունը, դիվերսիան կամ պատահական արտահոսքը կանխելու նպատակով:
Մեկնաբանել