
Թուրքիան ցամաքային զորք է մտցրել Իրաք` քուրդ զինյալների դեմ պայքարելու համար
Թուրքիայի ցամաքային ուժերը ներխուժել են Իրաք: Այս մասին հայտնում է Газета.ru-ն` հղում անելով Associated Press գործակալությանը:
Լրատվամիջոցն ավելացնում է, որ սա Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ ուղղված կարճաժամկետ օպերացիա է: Իշխանությունները հայտնել են, որ թուրք զինվորները հատել են սահմանը` կիրակի օրը տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչ զինյալներին ձերբակալելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի` սեպտեմբերի 6-ին, Իրաքի հետ սահմանի մոտ գրանցված պայթյունից մահացել էր 16 թուրք զինվորական: Սա համարվում է վերջին շրջանում քուրդ զինյալների և թուրքական պետության միջև առկա կոնֆլիկտի ամենաարյունալի հարձակումը: Մյուս պայթյունը տեղի է ունեցել այսօր, Իգդիրում` Հայաստանի և Իրանի հետ սահմանի մոտ: Ավտոբուսի պայթյունի հետևանքով սպանվել են 14 թուրք ոստիկաններ:
Թեև Թուրքիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված Աշխատավորական կուսակցությունը չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը, թուրքական իշխանությունները նրանց են մեղադրել ահաբեկչությունների համար և գործողություններ սկսել կուսակցության դեմ: Ինչպես հաղորդում է պետական Anadolu Agency գործակալությունը, թուրքական ռազմական ինքնաթիռները լայնամասշտաբ օդային գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսում, որտեղ PKK-ն բազաներ ունի, և հայտարարել են, որ սպանել են մոտ 40 զինյալների:
Քուրդ զինյալների և թուրքական պետության հակամարտությունը երեք տասնամյակի պատմություն ունի և 40 հազարից ավելի մարդկանց կյանք է խլել: 2012թ-ին նրանք զինադադար էին կնքել, որը, սակայն, խախտվել է այս տարվա հուլիսին, երբ Թուրքիան հարվածներ է հասցրել PKK-ի` Թուրքիայի հարավ-արևելյքում և հյուսիսային Իրաքում տեղակայված բազաներին` որպես Իսլամական պետության դեմ պայքարի մաս: Հուլիսից ի վեր բախումներին զոհ են գնացել 200-ից ավելի մարդիկ, որոնցից 70-ն են եղել զինվորներ և ոստիկաններ:
լուսանկարը` BBC-ի
Մեկնաբանել