HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանուհի Թովմասյանի նոր նամակը Մհեր Ենոքյանին

Ողջույն ցմահ դատապարտված, իմ հեռակա ընկեր, Մհե՛ր։

Մեծ հետաքրքրությամբ եմ կարդում «Հետքի» քո թղթակցությունները։ Կարծում եմ` շատերն են սպասում քո գրած նամակներին և հոդվածներին։ Միայն անչափ տխուր են դրանք և ընթերցողն անասելի վշտով է համակվում։

Շատ հետաքրքիր կերպար ես։ Քո տեսակը լուրջ ուսումնասիրության է արժանի հոգեբանների և մարդաբանների կողմից․․․ Գաղութում ձեզ հետ արդյո՞ք հոգեբաններ աշխատում են։ Երբ դուրս գաս, նրանք օգնելո՞ւ են, որ ինտեգրվես հասարակությանը։ Ֆիլմի լավ սցենար կստացվեր քո կերպարից ու ապրածդ կյանքից։

Ո՞ւ ր հասանք մեր հարցազրույցում։ Հա, հինգերորդ հարցին։

5. «Հալոցք»  գրքում Կամսարը, ձևակերպելով իր պատկերացումը սովետական դարաշրջանի հայ մարդու մասին, օգտագործում է Խորհրդահայ բառը: Այսօր ինչահա՞յ ունենք: Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, այսօրվա հայ մարդու բնութագիրը:

Հիմա կասես, Վանուհին ինչու էր լուռ այսքան ժամանակ։ Որ ասեմ, չես հավատա՝ քո տված հարցի վրա էի այսքան ժամանակ մտածում ու հաշվում ինչահայեր ունենք այսօր։ Այսքան դժվար հարցեր մի տուր՝ «պրոցեսորս» կախվում է․․․

Եղբորս ասեմ, որ զտարյուն, 100 տոկոսանոց անարատ հայ գոյություն չունի։ Անունով բոլորս հայ ենք, բայց էությամբ բազմապիսի ենք, բազմաբնույթ, բազմաշերտ՝ ամեն մեկս մեր ուրույն հոտով ու կերտվածքով, և մեկս մյուսի հետ մոտավոր աղերս համարյա թե չունենք և ուզում ենք իրարից տարբեր երևալ և դա անպայմանորեն շեշտել, որ իբր մենք մեր սեփական աչքում ավելի բարձր երևանք։ Մենք քիչ ենք, բայց կոտորակված և քամուն հանձված, որ սփռվենք ամբողջ աշխարհում և շատ երևանք։ Քիչ ենք քանակով, շատ տեսակով՝ որը  որակ ապահովում է, թե ոչ՝ այն էլ թող աշխարհը որոշի։

Որ թվեմ քանի տեսակի հայ կա՝ գլուխդ կառնես կփախչես շատությունից։ Կան ռուսից ավելի շովինիստ ռուսահայեր, ամերիկացիներից ավելի դեմոկրատ ամերիկահայեր, եվրոպացիներից ավելի առաջադամ եվրոպահայեր, սիրիահայեր (ոնց որ թե` էլ չկան), կանադահայեր, մոզամբիկահայեր, սինգապուրահայեր, ֆիջիահայեր․․․․ և այլն, և այլն, և այլն (ինչքան տեղանուն կա աշխարկում), և մի բուռ «խեղճ ու կրակ» հայաստանցիներ՝ իրենց չճանաչված «եղբայր» արցախցիներով։ Կրոնական տեսակետից եթե նայենք՝ ինչքան կրոն կա՝ այդքան հայի տեսակ աշխարհասփյուռ հայության մեջ, և կրոնական և աղանդավոր ամբողջ չալպտուրիկությունը որդեգրած ու մատերի վրա համրվող մի քանի «խեղճ ու կրակ»  հայաստանցիներ՝ իրենց անճանաչ արցախցի «եղբայրներով»։

Կուսակցական տեսակետից մոտենանք՝ այստեղ «խեղճ ու կրակը» դրսի հայերն են իրենց ավանդական մոտեցումներով։ Մենք՝  հայաստանցիներս, 80-ից ավելի կուսակցություններով (Տե՛ր, դու փրկես ու ազատես) ծալած ունենք ամբողջ աշխարհը։ Կան նաև ծպտված ու բացահայտ հայեր։ Եվ չկա երաշխիք, որ կարող է ծնվես հայի մի տեսակ, սակայն, մետամորֆոզի արդյունքում դառնաս լրիվ այլ տեսակի։ Ես, օրինակ, սկզբում արևմտահայ էի, այնուհետև գաղթական հայ, հետո դարձա սովետահայ, հիմա դեռ հայաստանցի եմ՝ տեսնենք Աստված էլ ինչ դուռ կբանա վրաս։

Ազգությունը, Մհեր ջան, գենից զատ, աշխարհայացք է, հոգեբանություն և ինքնագիտակցություն, որը ձևավորվում է տվյալ աշխարհագրական վայրի, հասարական կարգի, քաղաքականության և իր նման ապրող մարդկանց ազդեցության ներքո, բնականաբար աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերն տարբերվում են իրարից։ Ոչ միայն տարբեր են, այլև, մեղմ ասած, իրար հավան չեն։ Միայն բռունցքվում և ամբողջանում են արհավիրքների և դժբախտությունների ժամանակ, երբ Ազգին վտանգ է սպառնում։ Եվ փառք տալու է Ամենակալին, որ մյուս ազգերի նման այս բազմազան ու բազմապիսի հայերը չեն բաժանվում ոխերիմ մասերի ու իրար անխնա կոտորում։

Հայոց բովանդակ այս առանձնահատկությանը շատ անգամ անդրադարձել է նաև Լեռ Կամսարը։ Լսենք նրան։

«Այսօր ծանոթացա մի ռուս ակնաբույժի հետ։Ասում է՝ կյանքումս ես 200-ից ավելի շիլ աչքեր եմ բուժել։ Ինձ մոտ բերում են շիլեր, որոնց մեկ բիբը հյուսիսային բևեռին է նայում, մյուսը՝ հարավայինին, և ես բուժում եմ նրանց։

Լսելով այս հրաշագործ ակնաբույժին՝ մտածում եմ.

- Արդյոք այս մարդը չի՞ կարող բուժել հայ ազգի աչքերը...

Ու մոտենում եմ նրան.

- Դոկտո՛ր, պատահե՞լ է ձեզ, որ բուժեք նաև որևէ ազգի շիլ աչքերը։

- Շիլ ազգի՞, ո'չ։ Շիլ ա՞զգ էլ կա աշխարհում միթե...

- «Հայ» անունով մի ազգ կա աշխարհում, որն ունի տասնմեկ բիբ ու տասնմեկն էլ տարբեր կողմեր են նայում...

- Բայց երկրագունդը երկու բևեռ միայն ունի։

- Եթե երկիրը տասնմեկ բևեռ էլ ունենար, նրանք անկարող են այդ օգտագործել։ Նրանց հակասությունները բևեռից էլ դենն են անցնում, նրանցից ոչ մեկը մյուսի արժանիքը չի տեսնում։

- Մի մատ որ տնկես այդ ազգի առաջ, տասնմեկ մա՞տ պիտի տեսնի։

- Դեռ մի մատ էլ ավելի։

- Տասնմե՞կ աչքանի ազգ։ Չէի լսել այդպիսի բան։ Այդ աչքերը բոլորովի՞ն իրար չեն տեսնում։

-Այն ժամանակ միայն, երբ իրար բնաջնջում են։

- Ուրեմն՝ թշնամի են իրար։

- Սոսկալի։ Ավելի շատ քան հայն ու թուրքը։ Սա մի բաղադրյալ ազգ է՝ բաղկացած Բագրատունյաց նախարարությունից, Մամիկոնյան, Արծրունյաց և Սյունյաց իշխանություններից հնում, իսկ նորագույն ժամանակներում՝ լուսավորչականներից, բողոքական հայերից, կաթոլիկ հայերից, դաշնակցական կառավարությունից, հնչակյաններից, ռամկավարներից եւ բոլշևիկներից։

- Ինչո՞վ է ապրում այդ ազգը։

- Կոտորվելով։ Նրան կոտորում են թուրքերը, պարսիկները, հույները, արաբները, ինչքան կարող են, մնացածին էլ իրենք են կոտորում։

- Այս ազգն անբուժելի է ու ինչ էլ անես, ազգ չի դառնա։

- Ազգ չի դառնա, մարդ թող դառնա։

- Մարդ էլ չի դառնա։

- Այդ դեպքում կուրացրեք նրանց տասնմեկ աչքն էլ, որ կրակելիս չկարողանան իրար նշան բռնել և գնդակները վրիպեն»։

Այսօր այսքանը, սիրելի Մհեր։

Հանդիպման սպասումով՝ Վանուհի Թովմասյան

08․09․1915

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter