HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի կառավարությունը 18 ընտանիքի տրամադրել է 3 մլն դրամ` գյուղերում բնակարանաշինության համար

Այսօր` սեպտեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է 18 ընտանիքի՝ նրանց տրամադրելով գյուղական բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքների բնակարանաշինության համար նախատեսված 3մլն դրամի չափով աջակցությունը, որը ծրագրի առաջին փուլն է: 

Շնորհավորելով ծրագրի առաջին շահառուներին՝ վարչապետը նշել է, որ բնակարանաշինությունն իշխանությունների վարած սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից է, և առաջիկա տարիներին կառավարությունը շարունակելու է այն ուշադրության կենտրոնում պահել:

«Խնդիրն առավել սուր է արտահայտված հատկապես գյուղական բնակավայրերում, և կառավարությունը սոցիալական ծրագրերի շրջանակներում փորձելու է մեղմել այն: Իհարկե, մենք հասկանում ենք, որ 3մլն դրամով հնարավոր չէ տուն կառուցել, բայց համոզված ենք, որ այն, որպես անհատույց աջակցություն, մեծապես կօգնի բնակելի տների շինարարությանը»,- ասել է Հարությունյանը:

Անդրադառնալով մեկնարկող ծրագրի պայմաններին՝ գործադիրի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Թեև այս փուլում նախապայման կա, որ երիտասարդ ընտանիքը պետք է արդեն 50 տոկոսով կառուցված շենք ունենա, որպեսզի կարողանա օգտվել այս աջակցությունից, այնուամենայնիվ, փորձելու ենք ժամանակի ընթացքում նախապայմանները թեթևացնել՝ ավելի շատ ընտանիքներ ընդգրկելու նպատակով: Դրան զուգահեռ՝ մենք հետևողական ենք լինելու տրամադրվող աջակցության արդյունավետ կիրառումն ապահովելու հարցում: Շնորհակալություն բոլորիդ, որ առանց այս նախագծի մեկնարկի՝ դուք նախաձեռնել եք հայրենի գյուղերում տներ կառուցելու գործը. դա հայրենասիրության մեծագույն դրսևորում է ձեր կողմից»:

Ա. Հարությունյանը հավելել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում առկա մեծ պահանջարկը` ծրագիրը շարունակվելու է նաև գալիք տարիներին՝ ընդգրկելով տարեկան շուրջ 150 գյուղաբնակ ընտանիք: Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով կառավարության կողմից ցուցաբերված աջակցության համար՝ ծրագրից առաջին օգտվողները շեշտադրել են, որ այն նշանակալի ներդրում է երիտասարդ ընտանիքների բարեկեցության ապահովման և գյուղական բնակավայրերի զարգացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter